Գրքեր

Մեծ ընտանիքի հերթական ընտանեկան Կաղանդչեքը

Հունվարի 8-ին՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության երրորդ օրը, որ Տերունի օր էր, Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Սուրբ Խորաններից հերթական անգամ հնչեց աստվածային սիրո անլռելի ղողանջը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը: Տերունի օրն առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը՝ համայնքը, համախմբվել էր Սուրբ Սեղանի շուրջ, իսկ երեկոյան՝ «Լճեր» ռեստորանում տոնական սեղանների շուրջ՝ նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Համայնքի այս տարվա տոնախմբությունը տարբերվում էր նախորդներից, քանի որ ներկա էին ընտանիքի բոլոր անդամները՝ հոգևոր և դպրաց դասերը, «Զորավոր արանց», «Զորավոր» երիտասարդաց և տիկնանց միություններն ու համայնքի այլ անդամներ: Մեծ ընտանիքից ներս գեղեցիկ ավանդույթ է դարձել Կաղանդչեքի ուրախ միջոցառումը: Կաղանդ նշանակում է ամսագլուխ, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, իսկ Կաղանդչեք նշանակում է կաղանդի առթիվ տրված նվեր: Ամեն տարի ամանորյա այս ուրախ նվերն ընտանիքի անդամներին մատուցում են երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը:

Տոնական երեկույթն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը տոների առթիվ իր շնորհավորանքի խոսքն ուղղեց համայնքի անդամներին. «Թող Ամանորի տոնական շունչը փոխադարձ սիրով ու նվիրումով բուրի, երանավետ խաղաղությամբ լցնի ձեր հոգիներն ու տները: Լցվեք Սուրբ Ծննդյան կենարար լույսով և փրկության հույսով և այդ լույսի մեծ պատասխանատվության կրողները լինեք: Ստանձնեք Սուրբ Ծննդյան լույսը ձեր հոգիներում անմար պահելու և շրջապատող աշխարհի խավարում տարածելու առաքելությունը»:

Ապա Կաղանդչեքի բացման խոսքով հանդես եկավ «Զորավոր» երիտասարդաց միության ատենապետ Ռիմա Գևորգյանը: Շնորհավորելով ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ միության ատենապետն անդրադարձավ միության գործունեությանն ու կարևորագույն նպատակներին՝ նշելով, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքն ամբողջական է, երբ այն համալրված է թե՛ հավատավոր ծնողների զավակներով և թե՛ հավատավոր երիտասարդների ծնողներով: Այնուհետև շնորհակալություն հայտնեց եկեղեցու հոգևոր դասին, տիկնանց միությանը, համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են իրենց:

Առողջ հումորի վրա հիմնված ընտանեկան կաղանդչեքը ոգևորել և մեծ ուրախություն էր պատճառել ողջ ընտանիքին՝ առավել ջերմացնելով ընտանեկան մթնոլորտը: Կաղանդչեքի ուրախ նվերից բացի համայնքի անդամներին վիճակահանությամբ ևս նվերներ տրվեցին: Կաղանդչեքի ավարտին Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Կաղանդչեքի նախաձեռնող՝ «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանին և երիտասարդաց միության անդամներին, որոնց ջանասեր աշխատանքի շնորհիվ կյանքի կոչվեց ընտանեկան Կաղանդչեքը:

Ուրախության և սիրո սեղանի շուրջ միախմբված համայնքը գոհություն հայտնեց Տիրոջը՝ իրենց մեծ ընտանիքի համար: Աստվածահիմն եկեղեցում Քրիստոսի հետևորդների միությամբ է կազմվում համայնքը՝ կենդանի Աստծու եկեղեցին՝ Աստծու ընտանիքը (Ա Տիմոթ. 3:15): Քրիստոս սիրեց եկեղեցին, Իր անձը մատնեց նրա համար և Իր արյունով գնեց այն (Եփես. 5:25; Գործք Առ. 20:28): Փրկչի խոսքի համաձայն՝ Իր կողմից հիմնած եկեղեցուն դժոխքի դռները չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:18): Ըստ Պողոս առաքյալի՝ անչափ կարևոր է, որ Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, իր մարմնի բոլոր մասերով ներդաշնակ միասնությամբ կապված լինի այդ մարմնի գլուխը հանդիսացող Քրիստոսին: Այդ դեպքում, երբ յուրաքանչյուր մարմնի անդամ գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ (Եփեսացիներ 4:15-16):

 

Կարինե Սուգիկյան

08.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․