Գրքեր

Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ

- Հա՛յր, մեզ հետ անարդարացիորեն վարվող մարդուն ինչպե՞ս պետք է վերաբերվենք:

- Ինչպե՞ս պետք է վերաբերվենք: Որպես մեր մեծ բարերարի, ով մեր անունով ներդրումներ է կատարում Աստծո Խնայողական Դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ հավիտյանս հարուստ է դարձնում: Մի՞թե դա քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեր բարերարներին, նրանց հանդեպ ունեցած երախտագիտությունը չենք արտահայտում: Ճիշտ նույն կերպ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք մեզ հետ անարդարացիորեն վարվողին, որովհետև նա մեզ հավիտյանս լավություն է անում: Ինչպես անարդար մարդիկ են հավիտյանս զրկվում արդարացումից, այդպես էլ հավիտենական արդարացում են գտնում անարդարությունն ուրախությամբ ընդունողները:

Մի առաքինի մարդ բազմաթիվ անարդարությունների էր հանդիպում իր աշխատավայրում: Նա շատ բարի էր և բոլոր անարդարություններին համբերում էր առանց տրտունջի: Մի անգամ Աթոս եկավ՝ ինձ մոտ, և իր փորձությունների մասին պատմելով՝ հարցրեց. «Ինձ ի՞նչ խորհուրդ կտաս, Հա՛յր»: «Շարունակիր այնպես, ինչպես սկսել ես,- պատասխանեցի,- հույսդ աստվածային արդարության ու հատուցման վրա դիր և համբերիր, (Աստծո մոտ) ոչինչ չի կորչում: Այսպես վարվելով՝ ունեցվածքդ Աստծո Խնայողական Դրամարկղում ես ներդնում: Անկասկած հաջորդ կյանքում կվարձատրվես այն փորձությունների համար, որոնց միջով այժմ անցնում ես: Սակայն, բացի այդ, իմացիր, որ Բարեգութ Աստված նաև այս կյանքում է հատուցում անարդարության մեջ հայտնված մարդուն և եթե նույնիսկ անձամբ իրեն չի հատուցում, ապա իր երեխաներին՝ անպայման: Աստված հոգ է տանում Իր արարածի մասին, գիտի (ինչպես հատուցել նրան)»:

Ամեն ինչ իր տեղն է ընկնում, եթե մարդ համբերում է: Աստված կարգավորում է ամեն ինչ: Սակայն համբերություն է պետք, համբերություն, որում դատողություն չկա: Եթե Աստված ամեն ինչ տեսնում է ու հետևում ամեն ինչին՝ ուրեմն մարդը պետք է անմնացորդ կերպով վստահի Աստծուն: Նայեք Հովսեփին*, նա լռում էր, երբ եղբայրներն իրեն գերության էին վաճառում: Նա կարող էր ասել. «Ես նրանց եղբայրն եմ», սակայն բառ անգամ չասաց, փոխարենն Աստված Իր խոսքն ասաց ու թագավոր դարձրեց նրան հետագայում: Իսկ եթե մարդը համբերություն չունի, ապա նրա կյանքը տառապանքի է վերածվում, նա ցանկանում է, որպեսզի ամեն ինչ այնպես լինի, ինչպես իրեն է հարմար, որպեսզի լավ զգա իրեն: Սակայն, բնականաբար, և՛ հանգիստ չի գտնում, և՛ ամեն ինչ իր ուզածի պես չի լինում:

Եթե մարդն այս կյանքում մարդկանց կամ դևերի կողմից անարդարության է ենթարկվել, ապա Աստված չի մտահոգվում այդ պատճառով, որովհետև այդպիսի մարդու հոգին շահում է: Սակայն մենք հաճախ ենք ասում, որ ինչ-որ մեկն անարդարացիորեն է մեզ հետ վարվում, այն դեպքում, երբ ինքներս ենք անարդարացի գտնվում ուրիշների նկատմամբ: Նման դեպքերում պետք է ուշադիր լինել ու գիտակցել, որ ինքներս ենք մեղավոր:

 

* Ծննդ. 37:20 և շարունակություն:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

31.03.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․