Գրքեր

Մի մոռացիր նայել դեպի Երկինք

Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով հեռու է Արարչից, այնինչ շատ մոտ է նրան, ով իր հոգու դուռը լայնորեն բացել է Երկնքի առջև՝ անսպառ Լույսից լուսավորվելու համար: Երկինքը խոնարհվեց, երբ աշխարհ եկավ Աստծու Որդին:

Սբ. Գիրքը, Սրբազան Ավանդությունը, եկեղեցու հայրերի գրվածքները, սրբերի վարքը, եկեղեցում իրականացվող աստվածապաշտությունը. այս ամենն ուղենշում են դեպի Երկինք տանող ուղին: Եթե մարդն իր հայացքն ուղղի դեպի այդ բարձրագույն նպատակը, ապա ձեռք կբերի այնպիսի նախանձախնդրություն, որով ընդունակ կլինի տեսնելու ավելի բարձրն ու վեհը, քան աշխարհիկ կյանքն է, ինչը կարող է մարդուն հասցնել ձանձրույթի և հուսահատության՝ հեռացնելով կյանքի ուղուց: Երկինքը ձեռք բերելու համար վճռականություն, նախանձախնդրություն և ջանքեր են անհրաժեշտ, որոնք մարդու կյանքի ուղեկիցները պետք է լինեն: Այդ վճռականությունը Երկինքը սիրողին ստիպում է առաջ գնալ անգամ անհաջողությունների դեպքում:

Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ մարդու պատկերացման մեջ Աստված միշտ երկնքում է՝ երկնային և ոչ երկրի վրա ապրող՝ երկրային: Աստծուն տրվող երկնային անունը խոսում է Նրա սրբության և անարատության մասին: Ապա մեկնության մեջ շարունակում է, որ երբ ասում ենք՝ Հայր մեր, որ երկնքում ես, այս խոսքերը մարդուն հեռու են պահում կռապաշտությունից՝ բարձրացնելով նրա հոգին դեպի Երկինք՝ դեպի հոգևորը, մաքուրը և սուրբը: Իսկ երկնային բառը չի սահմանափակում Աստծու գտնվելու վայրը, քանի որ Աստված հոգի է և ամենուր:

Իսկ Սբ. Օգոստինոսը նշում է, որ Աստված չի սահմանափակվում որևէ տեղանքով, եթե Աստված միայն երկնքում լիներ, ապա երանելի կլինեին թռչունները, քանի որ Աստծուն մոտ են թռչում: Գրված չէ, որ Աստծուն մոտ են նրանք, որ բարձրության կամ լեռան վրան են գտնվում, այլ «Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել» (Սաղմոսներ 33:19) և «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով» (Հովհաննես 1:12): Սբ. Ստեփանոս Սյունեցին էլ նշում է, որ թեպետև Աստված ամբողջովին երևելի աշխարհում է, բայց երկինքը Նրա բնակություն վայր նշվում է այն պատճառով, քանի որ այն աշխարհի ամենապատվական և ամենահրաշափառ մասն է:

«Քանի որ հարություն առաք Քրիստոսի հետ, այսուհետև ձեր ուշադրությունը դարձրե՛ք դեպի երկինք, որովհետև այնտեղ է Քրիստոսը՝ նստած Հայր Աստծու աջ կողմում: Երկնավոր բաների մասին խորհեցեք և ոչ երկրավոր բաների, որովհետև դուք այս աշխարհի համար մեռաք, որպեսզի Քրիստոսի հետ միասին ապրեք այն կյանքով, որ Աստված վերապահել է ձեզ: Իսկ երբ Քրիստոսը՝ ձեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ փառքով կհայտնվեք նրա հետ: Հետևաբար, ձեր մեջ սպանե՛ք երկրավոր ցանկությունները» (Կողոսացիներ 3:1-5):

Սբ. Հովհան Ոսկեբերանն իր մեկնության մեջ նշում է շատ կարևոր մի հանգամանք, որ «երկնային» բառը մարդուն միանգամայն տանում է դեպի ապաշխարություն՝ արդյոք ես ճշմարիտ Երկնային Հոր երկնային որդի՞ն եմ և որքա՞ն մոտ եմ Նրան: Եվ երբեմն չարը, որպես տրտմություն, խորամանկորեն կարող է հուսահատություն և թերահավատություն առաջ բերել, թե՝ դու այնքան հեռու ես Երկնքից, ինչպես երկինքը երկրից և այդ պատճառով էլ անարդյունք են քո դեպի Երկինք ուղղված աղոթքները, Աստված այնքան բարձր է և հեռու քեզանից, որ չարժե Նրան դիմել և բարկացնել մեղքերի պատճառով: Չարի խորամանկ միտքը չեզոքանում է, երբ հիշում ենք «Հայր մեր» խոսքերը, քանի որ Աստված չի լքում Իր որդիներին, այլ հակառակը՝ ընդառաջ է գնում զղջացող որդուն, ինչպես «Անառակ որդու առակ»-ում հայրն ընդառաջ գնաց իր զղջացող անառակ որդուն:

«Երկնային» և «Հայր» բառերը փոխադարձաբար լրացնում են միմյանց: Հայրը ողորմություն է, սեր, հույս, ուրախություն, խնամք… Իսկ Երկնայինը սրբություն է, կատարելություն, խաղաղություն…

Լեռան քարոզում Քրիստոս պատվիրում է Իր հետևորդներն, որ իրենց հարստությունը Երկնքում դիզեն, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ իրենց հարստությունը լինի, այնտեղ էլ կլինի իրենց սիրտը (Մատթ 6:20-21):

Երկնային Հայրը մեզ երկրից կանչում է դեպի Իրեն՝ դեպի Երկինք, որտեղ, ըստ եկեղեցու հայրերի մեր հայրական տունն է: Չմոռանանք դեպի Երկինք նայել, այն մեզ հիշեցնում է, թե ինչպիսի հայրենիքից ենք ցած ընկել և ինչպիսի օրհնությունից զրկվել, ուստի, հայրենիքի կարոտը սրտում, հարկ է մեծ ցանկություն և ջանք թափել՝ անցնելու դեպի Երկինք տանող ուղին:

 

 

Գայանե Սուգիկյան

 

29.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․