Գրքեր

Միասնական աղոթք՝ Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում

Ապրիլի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի առթիվ ուխտի մեկնեց Հայոց նվիրական սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագին: Հայոց դարձի նախասկիզբը համարվող սրբավայրում երիտասարդաց միությունը, Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը դիմելով, միասնական աղոթք հնչեցրեց առ Տեր՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության,  Հայոց ազգի հավատի մեջ ամրապնդման և զորացման համար: Միասնական աղոթքի ժամանակ երիտասարդներն ընթերցեցին Ս. Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթաշարը, «Տեր ողորմեա» շարականը երգեցին: Հնագույն սրբավայրը երիտասարդներին հիշեցրեց Հայոց առաջին հայրապետի վարքը՝ մեծ փորձության՝ Խոր Վիրապում կրած ծանր չարչարանքների դիմաց, Հայոց Հայրապետը մեծ պարգևի արժանացավ՝ Հայոց ազգը դարձի եկավ՝ վերագտնելով իր կյանքում ճշմարիտ Լույսը: Սրբի վարքը հիշեցրեց նաև հետևյալ կարևոր հորդորը՝ երբեք չխոտորվել Սուրբ Գրքից և ճշմարիտ հավատքից՝ այդ ամենի մեջ տեսնելով հայ ժողովրդի առաջընթացը ապահովող կայուն հիմքը: 

Այնուհետև երիտասարդները եղան Արտաշատի այն բլրի վրա, ուր, Հայ Եկեղեցու ավանդության համաձայն, Հայ եկեղեցու առաջին լուսավորիչներ՝ Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալները, հանդիպել են միմյանց և իջևանել այդտեղ: Այդ հանդիպման հիշատակին տեղադրված խաչարձանի մոտ միության անդամները դիմեցին նաև առաջին լուսավորիչների բարեխոսությանը: 
Ուխտի ուղին երիտասարդաց միության համար ևս մեկ առիթ էր՝ կրկին նորոգելու իր ուխտը՝ վառ պահելով հոգում սուրբ հավատքը և հավատարիմ մնալով ազգային-եկեղեցական հարուստ ավանդներին: «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի հոգենորոգ օրն եզրափակվեց սիրո ճաշով:
Փրկության ուղին, որով ընթանում է քրիստոնյան, զերծ չէ փորձություններից, քանի որ դեպի երկինք տանող ճանապարհը նեղ է և նեղ է այն դարպասը, որով մուտք են գործում երանելի վայր (Մատթ. 7:13-15): Ուստի այդ ճանապարհին քրիստոնյան զորանում է Քրիստոսի և սրբերի կյանքի օրինակով, ուխտագնացությամբ, պահքով և բարեգործությամբ:

 

Կարինե Սուգիկյան

04.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․