3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ»

Նա, ով իր կյանքից բացառում է առաջին և ամենամեծ պատվիրանը, այսինքն՝ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով սիրելու պատվիրանը, բացառում է նաև երկրորդ՝ մերձավորին անձի պես սիրելու պատվիրանը (Մատթ. 22:33-37), քանի որ Աստծուն սիրողը սիրում է նաև իր մերձավորին: Իսկ միայն ինքն իրեն սիրողը բացառում է թե՛ Աստծո և թե՛ մերձավորի հանդեպ սերը: Հայր Հովհաննես Կարճահասակն ասել է. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: Այդպես էլ հոգու տան շինության հիմքը ընկերոջ սերն է, քանզի նախ նրան ես շահում, որովհետև եղբոր սիրուց են կախված բոլոր պատվիրանները»: Եսասերին հակադիր է նաև այն սերը, որ նկարագրել է Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում. «Սերը համբերող է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Ա Կորնթ. 13:4-7):  

Եսասերի դիպուկ նկարագրությանը հանդիպում ենք Հուդա Տեառնեղբոր կողմից գրված ընդհանրական նամակում. «Միշտ տրնտջացող և քննադատող այս մարդիկ վազում են սեփական ցանկությունների հետևից, պոռոտախոսություն են անում և սրան-նրան գովասանք շռայլում իրենց սեփական շահի համար: Բայց դուք սիրելինե՛ր, հիշեցե՛ք այս խոսքերը, որ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի բոլոր առաքյալները նախապես հայտնեցին մեզ՝ ասելով. «Վերջին ժամանակներում կգան ամեն ինչ արհամարհող մարդիկ, որոնք կառաջնորդվեն իրենց ամբարիշտ ցանկություններով»» (Հուդա 1:16-19): Եսասերը ձգտում է միայն իրեն հաճո լինել: Մարմնի բնական ցանկությունը, եսասիրությունից ապականվելով, վերածվում է կրքի, որի նպատակն ինքնահաճությունն է և ոչ աստվածահաճո լինելը: Մարդու բնությունն այն աստիճանի է աղավաղվել, որ կիրքն է սկսել մարդուն իշխել: Սխալ չէ մարմինը խնամել, անհրաժեշտ նյութական կարիքները հոգալ, բայց Տիրոջ խոսքը զգուշացնում է. «Զգեստավորվեցե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնին խնամք մի՛ տարեք ցանկությունները գոհացնելու համար» (Հռոմ. 13:14):

Եսասերի խնդիրն ինքն իր հանդեպ կույր սեր ունենալու մեջ է, ինչը թույլ չի տալիս նրան նկատելու իր սխալները, լսելու իրեն ուղղված հանդիմանանքը: Եսասերը խուլ է նաև սուրբգրային ուսուցման հանդեպ, նա չի ցանկանում լսել ապաշխարության, մեղքերից և վատ սովորություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Եսասերը՝ ուրիշի հետաքրքրություններից հեռու, ձգտում է սեփական հաճույքների, պահանջների ու հետաքրքրությունների բավարարմանը: Այնինչ, Սուրբ Գիրքը հորդորում է ուշադիր լինել շրջապատող մարդկանց կարիքների և հետաքրքրությունների նկատմամբ. «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպ.2:4), նաև՝ «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 7:12): Եսասերն իր հույսը դնում է միայն իր բանականության վրա, այնինչ, առակագիրը խրատում է. «Ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծո վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ» (Առակ. 3:5):

Ինքն իրենով ապրող եսասերը՝ ինչպես «Փարիսեցու և մաքսավորի» առակի փարիսեցին, միայն իրեն է գովաբանում՝ անվերջ թերագնահատելով իրեն շրջապատող մարդկանց: Տաճարում աղոթքի կանգնած փարիսեցին իրեն համեմատում էր մաքսավորի հետ և ասում. «Աստված իմ շնորհակալ եմ Քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես՝ հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը, այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից» (Ղուկ. 18:11-13):

Ըստ եկեղեցու հայրերի՝ եսասերն ինքն իրեն որպես նպատակ, իսկ մյուսներին որպես միջոց է դիտում, իսկ քրիստոնեական սերը, որ ծնվում է զոհաբերությունից, ոչ թե իրեն, այլ ուրիշին է որպես նպատակ դիտում: Ինչպես կենդանի օրգանիզմում ոչ ոք զբաղված չէ ինքն իրենով, այլ անում է այն, ինչ հարկավոր է ուրիշներին, այդպես և հասարակության մեջ, երբ յուրաքանչյուր ոք հոգ է տանում մերձավորին, առաջ է գալիս օրգանական կապ, երբ բոլորը մեկի համար են և մեկը՝ բոլորի:

 

Կարինե Սուգիկյան

11.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․