Գրքեր

Միջավայրի ազդեցությունը երեխայի վրա

- Հա՛յր, ո՞ր տարիքից են երեխաները շրջապատի ազդեցության տակ ընկնում:

- Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը: Այն փաստը, որ այդ կրքերից որոշները նրանք իրենց ծնողներից են ժառանգել, ոչինչ չի նշանակում: Նրանք Աստծո առաջ պատասխան են տալու ոչ միայն նրա համար, որ ջանք չեն թափել այդ կրքերից ազատվելու համար, այլև՝ պատասխանատվություն են կրելու այդ կրքերն իրենց երեխաներին փոխանցելու համար:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս է պատահում, որ հայրական տանը միևնույն դաստիարակություն ստացած երեխաներն ամենևին նման չեն լինում միմյանց:

- Հաճախ երեխան շրջապատից էլ է մեծ ազդեցություն ընդունում: Սակայն եթե նա դեպի բարին է հակված, ապա երբ հասակ առնի, Աստված նրան ավելի շատ կլուսավորի, որպեսզի նա տեսնի այն բացասական ազդեցությունները, որոնց ենթարկվել է: Եվ սխրանք գործի, որպեսզի ազատվի դրանցից:

Այսօր աշխարհում չարիքն է ապրում: Երեխաներին ուզում են օրորոցից փչացնել: Փոխարենը երեխաներին չարից հեռու պահելու, քանի դեռ նրանք չեն հասել կատարյալ տարիքին, նույնիսկ բարու հարցում են արգելք հանդիսանում: Այնուհետև մեղքի մեջ ընկնելով ու տանջվելով, թշվառ երեխաներն ուզում են ոտքի ելնել, բայց չգիտեն թե ինչպես դա անել: Չէ՞ որ «քաղցր» բլրից ցած գլորվելով, նրանց համար արդեն հեշտ չէ կանգ առնելը: Ինձ մոտ խուց են գալիս քսանհինգ-քսանյոթ տարեկան երիտասարդներ, որ թմրանյութեր են գործածում և ապրում՝ մեղքի մեջ: Եվ այդ դժբախտներն օգնություն են խնդրում:

Մի անգամ այնպես պատահեց, որ ես օգնեցի այդպիսի մի երեխայի՝ ճիշտ ճանապարհի վրա կանգնելու: Եվ ահա այժմ նրանք ինձ մոտ են բերում իրենց ընկերներին, այնուհետև ընկերների ընկերներին, որպեսզի նրանք էլ օգնություն ստանան: Այդ երիտասարդները սիրտդ են քրքրում: Մի թշվառ պատանի շատ ուժեղ թմրանյութեր էր գործածում և մի ոտքով արդեն գերեզմանում էր: Ծակծկված թևեր, փտած ատամներ… Բայց հետո նա կանգ առավ և օգնեց ուրիշներին: Նրա ընկերական շրջապատում մոտ տասնհինգ պատանի կար: Եվ ինձ մոտ գալով՝ նրանք ներկայանում էին. «Ես այսինչի ընկերախմբից եմ»: Նա նրանց… «լիդերն» էր: Սակայն այդ դժբախտներից շատերը անդունդն են թռչում: Նրանք ասեղի վրա են նստած, բայց որպեսզի թմրանյութի համար փող ձեռք բերեն, իրենց արյունն են վաճառում… Այդ պատանիները թե՛ իրենց են կործանում, թե՛ իրենց ծնողներին: Եվ ահա հետո էլ տեսնում ես, թե ինչպես են նրանց հայրերը մահանում կաթվածից, մայրերը՝ սրտի, լյարդի կամ մեկ այլ հիվանդությունից:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

04.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․