Գրքեր

Միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք

Յամենայն ժամ զբարեաց զհետ երթայք առ միմեանս և առ ամենեսին։

Միշտ միմյանց հանդեպ և բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք (Ա Թեսաղոնիկեցիներ 5։15)։    

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այսօրվա ավետարանական ընթերցվածքը երկու ընթրիքների մասին է, մեկը՝ մեր կողմից տրվող, մյուսն էլ՝ Աստծու։ Մեր ճաշկերույթների ու ընթրիքների մասին Տերն ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14։12-14)։ Սակայն մենք բոլորս էլ մեր խնջույքները չենք պատկերացնում առանց մեր մտերիմների ու հարազատների, սեղան ենք նստում և ուրախանում ոչ այնքան կերակուրով, որքան միմյանց ներկայությամբ և այն փաստով, որ մեր ուրախությունը կիսում ենք մեր սիրելի բարեկամների հետ։ Իրականում Տերը, որ միության, սիրո ու համերաշխության Աստված է և Տերունական աղոթքում սովորեցնում է մեզ ներել իրար, գլխավոր պատվիրան է տալիս՝ սիրել Աստծուն և մարդկանց, չխռովվել ու չնեղանալ իրարից, հաշտ լինել միմյանց հետ։ Նա պատվիրում է փոխադարձության սկզբունքով չառաջնորդվել կյանքում, մեզ սեղանակից դարձնել նաև նրանց, ովքեր մեզ չեն կարող վերադարձնել մեր բարիքը կամ փոխադարձ հրավեր անել։ Տերը պատվիրում է տալ և հյուրասիրել և առհասարակ ապրել՝ «գանձեր դիզելով երկնքում», տալ նրանց, ովքեր չեն կարող մեզ վերադարձնել, հյուրասիրել նաև նրանց, ովքեր այդ հացին ու կերակուրին կարոտ են։ Տերն Ինքն է հատուցելու մեզ նրանց փոխարեն։

Այս պատվիրանի գործադրումը մի նոր որակի է բարձրացնում կյանքը, նոր իմաստ և առաքելություն հաղորդում մեր կյանքին։ Մենք գիտենք, որ ոչ միայն հայ, այլև տարբեր ժողովուրդների մշակույթում առկա է «նվերը փոխադարձ համարժեք նվեր է ենթադրում» կարգը։ Սակայն Տերը մեզ սովորեցնում է ձգտել ունենալու նաև այնպիսի ընկերներ ու բարեկամներ, որոնք փոխադարձել չեն կարող մեր կողմից արված բարիքը կամ նվերը։ Անկախ նրանից, թե ում ենք հրավիրում մեր խնջույքին, կամ ում ենք ուզում ողորմություն տալ մեր ունեցվածքից, կամ ինչ-որ բան ընծայել, չպետք է նույնիսկ մտածենք փոխադարձը ստանալու մասին։ Հաճախ մարդիկ տալիս են կամ օգնության ձեռք են մեկնում միայն նրանց, ումից ուշ թե շուտ ստանալու են փոխադարձ նվերը կամ հյուրասիրությունը՝ համարելով, որ իրենց տվածը կորած չէ։ Մինչդեռ կարիքավորին օգնելով՝ մարդը իրեն «պարտապան է դարձնում» Աստծուն, որովհետև Տերն Ինքն է խոստանում փոխհատուցել հիվանդին, տնանկին, աղքատին արված բարիքն ու հյուրասիրությունը։ Երբ փիլիպեցիները օգնել էին Սուրբ Պողոս առաքյալին, նա գրեց նրանց. «Ոչ թե նվերներ եմ փնտրում, այլ փնտրում եմ այն պտուղը, որ ավելանալու է ձեր հաշվին։ Իսկ ես ամեն ինչ առել եմ և առատության մեջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նվերով, որ անուշահոտություն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի։ Եվ իմ Աստվածը կլցնի ձեր կարիքները Իր հարստության չափով, փառքով, Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպեցիներ 4։17-19)։ Սուրբ Պողոս առաքյալը ուրախանում է նրանով, որ իրեն բարիք են արել փիլիպեցիները, և շահողը հենց նրանք են, որովհետև նրանց արածը ընդունելի զոհաբերություն է և պատարագ Աստծու համար։ 

Արդարությունն ու բարությունը, սերն ու հոգատարությունն են ընդունելի դարձնում մեր ուխտերն ու մատաղները։ Մենք բոլորս ցանկանում ենք մեր վարձքը ստանալ Աստծուց, հետևաբար փոխադարձության գաղափարը և հաշիվները թող մեր սրտում ու մտքում տեղ չունենան, որպեսզի Տերը չասի մեզ, որ մեր վարձքը ստացել ենք արդեն միմյանցից։

Սիրելինե՛ր, մենք բոլորս Աստծու առաջ հավասար ենք։ Մեկը մի բան ավելի ունի, մյուսը՝ պակաս, մեկն ընդհանրապես չունի։ Սակայն Աստված դրանով շաղկապել է մեզ իրար, բոլորս կապված ենք իրար ու պարտավորված միմյանց օգնելու Սուրբ Հոգով, որ միավորում է բոլորիս։ Մեր բոլորի միությունն է, որ գեղեցկացնում է կյանքն ու առօրյան, հույս է տալիս և մխիթարում կարիքավոր, նեղության և փորձության մեջ գտնվող մարդկանց, հավատ ներշնչում լավի նկատմամբ։

Աստված սեր է, հոգի է, ճշմարտություն է, արդար է ու ողորմած, ուստի մենք էլ պետք է ձգտենք սեր ճառագել մեր գործերով, գործերի ու խոսքերի մեջ լինել արդար, ուղիղ, անկեղծ, ողորմած, որպեսզի նմանվենք Աստծուն։ Սիրո համար չկան հաշիվներ, որոնք տգեղացնում ու փչացնում են լավագույնը մարդկային փոխհարաբերություններում։ Հաշիվները, համարժեք փոխադարձ նվերները առևտրի են վերածում սիրո և ողորմածության ճշմարիտ դրսևորումները։ Մարդկային փոխհարաբերությունների շղթայում մեկը բարիք է անում մյուսին, սա էլ իր հերթին կարողանում է աջակցել իրենից կարողությամբ ու հնարավորություններով ավելի թույլին։ Տասը բորոտների օրինակով Քրիստոս սովորեցրեց երախտապարտ հոգի ունենալ։ Սակայն մարդը պետք է զգույշ և զգոն լինի, որպեսզի մարդահաճության, քծնանքի ու ստորաքարշության մեղքի մեջ չընկնի։ Մենք Աստծու կողմից կանչված ենք և կոչված ենք ապրելու և արարելու Երկնային Արքայություն հրավիրող և աշխարհը սիրով ու արդարությամբ, ճշմարտախոսությամբ և անկեղծությամբ հեղաշրջող պատվիրաններով ու օրենքներով։

Հաջորդ առակը, որ պատմեց Տերը, կրկին խնջույքի մասին է, բայց արդեն Աստծու խնջույքի, որին հրավիրված է ողջ մարդկությունը, սակայն տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է մասնակից դառնալ Աստծու սեղանին, որովհետև մեկը կին է առել, մյուսը՝ ագարակ, երրորդն էլ՝ հինգ լուծ եզներ։ Եվ այդպես այսօր էլ, երբ մարդիկ օր ու գիշեր աշխատում են, երբ յոթերորդ օրը պետք է հանգստանան և օրը նվիրեն Աստծուն ու Սուրբ Պատարագին մասնակցեն, հանկարծ հիշում են, որ բազում գործեր ունեն անելու, կամ էլ ուզում են հանգստանալ և եկեղեցի չայցելել։ Նույնն է նաև աղոթքի պարագայում, երբ օրը անցկացնում են բազում գործեր անելով, հասցնում են սոցցանցերում թեկուզ կարճ ժամանակով իրադարձություններին ու նորություններին հետևել, օրվա ավարտին տեսնում են, որ աղոթքին ժամանակ չեն հատկացրել, Աստծու հետ չեն զրուցել և այդպես մտնում են անկողին։ Իսկ փորձությունների, հիվանդությունների, արհավիրքների ու նեղությունների ժամանակ հիշում են Աստծուն, հարցեր ուղղում, այնինչ Քրիստոս ասում է. «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկոս 14։38)։ Շատ-շատերը ափսոսում են Աստծուն հատկացնելիք ժամանակն ու աղոթքը, կամ լուրջ չեն վերաբերվում հավատքին՝ մտածելով, որ այդ ընթացքում կարող են բազում գործեր առաջ տանել, առավել «օգտավետ» բանով զբաղվել։ Իրականում Աստծուն հատկացնելիք ժամանակը կորուստ չէ, ընդհակառակը ամենաարդյունավետ և պտղատու ժամանակ է, որ պիտի օգնի ճիշտ ուղղով ընթանալ կյանքում, պտղաբերել և պիտի առաջնորդի դեպի Երկնային Արքայություն։       

Սիրելինե՛ր, աղոթքով հայցենք Տիրոջ օգնությունը, որպեսզի մեզ օգնի՝ Աստվածահաճո գործեր կատարենք, որպեսզի մեր սրտերը չսառչեն ո՛չ Աստծու նկատմամբ և ոչ էլ միմյանց նկատմամբ, որպեսզի մենք մեր սերը տանք Աստծուն և մարդկանց և այդ սիրով առաջնորդված՝ ժամանակ հատկացնենք Աստծու հետ մեզ կապող աղոթքին ու այնտեղ լինենք, որտեղ մեր կարիքը զգացվում է։ Աղոթենք, որ բարիքը, որ անում ենք, ընդունվի և փոխհատուցվի Աստծու կողմից։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

12.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․