Գրքեր

Միտքը Քրիստոսի հետ է լռության մեջ․․․

- Հա՛յր, աբբա Իսահակը գրում է «Խոնարհը, երբ կանգնում է Աստծու առջև, չի համարձակվում ցանկանալ աղոթել»։ Հապա ի՞նչ է անում։

- Իրեն անարժան է զգում աղոթելու, Աստծու հետ խոսելու համար։

- Եվ ի՞նչ է անում, հա՛յր։

- Նրա համար բավարար է, որ կանգնած է Աստծու առջև։

- Հա՛յր, Դուք ինչպե՞ս էիք աղոթքի մեջ վարժվում այն վայրերում, որտեղ ճգնում էիք։

- Սուզվում էի աղոթքի մեջ։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում «սուզվում էի»։ Խորասուզվում էի․․․ Քաղցր խորասուզում․․․

- Ուզում եք ասել, որ կորցնո՞ւմ էիք վայրի ու ժամանակի զգացողությունը։

- Այո, գլխովին թաղվում էի․․․ Անգամ որևէ բանի մասին մտածելու համար հարկավոր էր լինում դադարեցնել աղոթքը։ Գիտե՞ս՝ ինչ է նշանակում խորասուզվել, խորասուզվել․․․ Հետո ոչինչ չես ուզում, ոչինչ հարկավոր չի լինում։

- Հետո միայն «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ» ես ասո՞ւմ։

- Ոչինչ չես ասում։ Զգում ես աստվածային ջերմությունը, քաղցրությունը։ Այդժամ աղոթքն էլ է դադարում, որովհետև միտքը միավորվում է Աստծուն և ոչ մի պարագայում չի ցանկանում բաժանվել Նրանից, իրեն այնքան լավ է զգում։

Երբ մարդ գտնվում է նման վիճակում, աղոթքն ինքն իրեն կտրվում է։ Այդժամ միտքն էլ է կանգ առնում Աստծու ներկայությունից, ուղեղը դադարում է աշխատելուց, և հոգին միայն զգում է աստվածային սիրո, աստվածային ջերմության ու հոգատարության քաղցրությունը, ինչպես մի մանկիկ, որը ոչ մի բանի մասին չի մտածում, այլ միայն ուրախանում է մոր գրկում։ Երբ մանուկը ձայնը կտրում, հանգստանում է մոր գրկում, մի՞թե ինչ-որ բան է ասում։ Նրանք միասին են, դա էլ հենց հաղորդակցությունն է։

Լավ բան է լռությամբ աղոթքը, սակայն ավելի լավ է լռությամբ լռությունը՝ միտքը Քրիստոսի հետ է լռության մեջ։

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

04.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․