1 Ապրիլ, ԴՇ, Մեծ Պահքի ԼԸ օր

Գրքեր

«Մովսեսը ստանում է Օրենքի տախտակը» նկարը քրիստոնեական արվեստում

Տասը պատվիրանները (Ելք 20.1-17) Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա, որպեսզի չմոռացվեն: Դրանք տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Վաղ քրիստոնեական հուշարձաններում Մովսեսին պատվիրանների հանձնումը ամենահաճախ պատկերվող տեսարանն է։ Համաձայն Ելից գրքի՝ Սինա լեռան վրա լսվում էր միայն Աստծո ձայնը, սակայն հաճախ Նրա ֆիգուրը պատկերվում է մշուշի մեջ և կրակում: Մովսեսը ծնկած է պատկերվում օրենքի տախտակները ստանալիս: Ներքևում պատվանդանի կամ խորանի վրա կանգնեցված է ոսկե հորթի արձանը, որը երբեմն զարդարված է ծաղկեպսակներով: Մինչդեռ իսրայելացիները կուռքի առջև ծնկաչոք են պատկերված կամ էլ պարելիս:

Երզնկայի նշանավոր Ավետարանում (1269թ.) բացի Հին և Նոր կտակարանների հեղինակների պատկերներից, կան նաև Հին կտակարանը ներկայացնող յոթ մեծադիր մանրանկարներ: Աստվածաշնչյան այդ թեմաները Հայաստանում հանդիպում են որմնանկարչության մեջ և պատկերաքանդակներում, այնուհետև Ռոսլինի «Մաշտոցում», Հեթում Բ-ի Ճաշոցում: Ըստ Սիրարփի Տեր-Ներսեսյանի՝ դրանցից երկուսը («Մովսեսը ստանում է Օրենքի տախտակը» և «Դավիթը սաղմոսներ է երգում») մոտ են բյուզանդական Սաղմոսարանների պատկերներին, մյուսները ինքնատիպ են:

Տպավորիչ է եղել Վարագա վանքի Ս. Նշան եկեղեցու որմնանկարները: Մովսեսը տասնաբանյա պատվիրանները վերցրած է պատկերված այստեղ: Եթե այդ որմնանկարները պահպանված լինեին, ապա անշուշտ իրենց թեմատիկ բնույթով ուրույն տեղ պետք է գրավեին հայ արվեստի պատմության մեջ: Հայագետ Միրախորյանը, անդրադառնալով եկեղեցու որմնանկարներին, գրում է. «Ներս մտնենք, առաջին տպավորությունը կարծես թե մարդս մի սարսուռ, մի զարզանդ կը զգա, ապա մեր ուշադրությունը կը գրավեն պատերի և սյուների վրա նկարված պատմական հսկա նկարները: Լուսավորիչը՝ գավազանը ձեռքին, Տրդատը՝ քարե սյունը շալակած, Խորենացին՝ գրիչը ձեռքին, Մեսրոպ Մաշտոցը՝ տառերի տախտակը առաջին, Մովսես՝ տասնաբանյա պատվիրանները վերցրած, Ներսես Մեծ, Սահակ Պարթև, Շնորհալի և ուրիշ մեծագործ հայրապետներ…» (Մ. Միրախորյան, Վարագա Ս. Նշան եկեղեցու որմնանկարները, «Արաքս», գիրք Ա, Ս. Պետերբուրգ, 1898, էջ 60):

Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարավային ճակատի արևմտյան բազմանիստ ելուստի վրա պատկերված է ավանդական, սրբերին բնորոշ հելլենիստական-բյուզանդական արտահագուստով մի մարդ, որն իր՝ կտորով ծածկված ձեռքերում բռնել է ինչ-որ ուղղանկյուն առարկա և պարզել այն նրանից արևելք, դիմացի նիստի վրա պատկերված՝ գահին նստած Քրիստոսին: Դժվար չէ նկատել, որ պատկերաքանդակը մեզ է հասել արմատապես վերափոխված դրությամբ և այս նույն տեղում ի սկզբանե եղել է մեկ այլ պատկերաքանդակ, որն ամբողջովին տաշվել է և փոխարինվել նորով: Այս հանգամանքը նշում է Հ. Օրբելին, թեև, նրա կարծիքով, վերափոխվել է պատկերաքանդակի վերին մասը միայն, և հատկապես ուսերի և մեջքի հատվածները: Հ. Օրբելին գրում է, որ այս ֆիգուրը «նախապես ավելի կռացած, կուզիկանման էր քանդակվել, և հետագայում միայն, երբ այս բարձրաքանդակի քարերն արդեն տեղադրվել էին որմածքի մեջ, այլ վարպետի կողմից, այլ ձեռքով և այլ գործիքով տաշվել էր այն, ուղղվել ուսի մասը և հատկապես մեջքի կորվածքը, որն ավելորդ կուզիկություն էր հաղորդում ֆիգուրային»:

Ս. Մնացականյանի կարծիքով, վերափոխվել է ֆիգուրի ոչ միայն մեջքի մասը, այլ նախկին ֆիգուրը վերատաշվել է ամբողջությամբ, այդ են հաստատում մեծադիր լուսանկարները, որտեղ ակնհայտորեն կարելի է տեսնել երկու հարևան սյուժեների տաշվածքի մակարդակների խիստ տարբերությունը: Վերափոխման ժամանակ տաշել են նախկին ֆիգուրն ամբողջությամբ, ուսերից մինչև ոտքերը և այդ նոր հարթության վրա, ֆոնի խորացման հաշվին քանդակել մի նոր ֆիգուր: Ինչ վերաբերում է գլխին՝ քանդակագործը հեռացրել է հին բարձրաքանդակի գլուխը և նոր գլուխ քանդակել: Այդ է պատճառը, որ բարձրաքանդակի դեմքը որոշ չափով առաջ է գալիս մարմնի նկատմամբ, մի բան, որ չի նկատվում այլ պատկերաքանդակներում: Բազմաթիվ պատկերաքանդակների շարքում այս քանդակն առանձնանում է իր շարժումների անկենդանությամբ և պատահական դասավորությամբ:

Ուսումնասիրողները տարբեր կարծիքներ են հայտնել այս բարձրաքանդակի մասին: Ի. Ստրժիգովսկու կարծիքով, այստեղ Մովսեսն է պատկերված: Նույն կարծիքին է նաև Սիրարփի Տեր-Ներսեսյանը, որը այդ ֆիգուրի ձեռքին տեսնում է Մովսեսի օրինատախտակները:

Հռոմի Ներեուս և Արխիլլեուս եկեղեցում (795-816 թթ.) Մովսեսը ներկայացված է ձախ ձեռքում օրենքի տախտակները բռնած: Համանման են Հռոմի Սանտա Պրասեդե (817-824 թթ.), Ջիովվաննի Պորտա Լատինայի (12 դ.) և Վատիկանի Կառլոս Մեծի կայսերական հայսմավուրքի (14 դ.) բյուզանդական նկարազարդումները: Առավել հաճախ նրան պատկերում են Քրիստոսից ձախ և իր ձախ ձեռքում էլ նա բռնում է օրենքի տախտակները, իսկ աջը մեկնում է դեպի Քրիստոսը: Պատվիրանների հանձնման ժամանակ Մովսեսը պատկերված է Աստծո ձեռքից տախտակներրը իր շորով պարուրված ձեռքերում ստանալիս (Փարիզի Gr.510 ձեռագիր, 880թ.):

Միջնադարյան եկեղեցական քանդակագործության մեջ Մովսեսը դասվում է Հին կտակարանային սրբերի կամ մարգարեների շարքին՝ առավել հաճախ պատկերվելով մորուքավոր ծերունու տեսքով՝ երկար զգեստով և թիկինոցով, իսկ ձախ ձեռքում երկու պատվիրանների տախտակները բռնած։ Այս տիպով են նկարազարդված Շարտրի, Ռեյմսի, Ամիենի և Փարիզի Ս.Աստվածամոր տաճարների ճակատամուտքերը։

Փարիզի Ս. Աստվածամոր տաճարի հյուսիսային վարդյակի նկարազարդման մեջ Մովսեսը նստած է պատկերված` երկար հագուստով և թիկնոցով գահի վրա։ Նրա բարձրացրած և շորով փաթաթված ձախ ձեռքում պատվիրանների տախտակներն են, իսկ աջում` գավազանը։

Ե. Բառլախի մի քանդակում (1918) Մովսեսը ներկայացված է ծերունու տեսքով` երկար, անբաժանելի մորուքով և առանց եղջյուրների, իսկ կրծքավանդակի մոտ նա բռնել է երկու հսկայական պատվիրանների սալիկները (Մյունխեն, 1959 թ)։

Աղբյուրի հրաշագործությանը հետևող պատվիրանների հանձնման տեսարանում Մովսեսը առավել հաճախ պատկերվում է առաջ մեկնած ձախ ձեռքով և հայացքը բարձրացրած ձախակողմում մի լեռան ուղղությամբ։ Ձախակողմից մի ամպի քուլայից երևան է գալիս Աստծո աջը, որը նրան օրենքի տախտակներն է հանձնում (Վիա Լատինայի կատակոմբ, Ֆեռռուա կատակոմբ, մոտ. 547 թ. Սան Վիտալե եկեղեցի)։ Վաղ քրիստոնեական դամբարանային արվեստում այս տեսարանը կրկնում է կատակոմբային գեղանկարչության տիպը։

Նշանակալից է Աիքսեն պրովենսի դամբարանում պատվիրանների հանձնման տեսարանը, որտեղ Մովսեսը հայացքը ուղղել է ոչ թե Աստծո աջին, այլ հակադիր ուղղությամբ։ Այս երկու գլխավոր տեսարաններին հետագայում վաղ քրիստոնեական դամբարանային արվեստում կցվում է Մովսեսի կյանքի իրադարձությունների մի հսկայական շարք. Մովսեսը սպանում է եգիպտացուն, այրվող մորենին, Մովսեսի հրաշքները Եգիպտոսում և Եգիպտոսի աղետները, Ելք Եգիպտոսից, մանանան և լորերի որսը, ոսկե հորթը և ըմբոստ ամբոխի պատիժը։

Ռավեննայի Սան Վիտալեյում այրվող մորենին և օրենքների հանձնումը միասին են պատկերված։ Արևելքում այս երկու տեսարաններին հանդիպում ենք Սինայի Ս. Եկատերինայի վանքում։

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

07.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․