Գրքեր

Մշտապես աղոթեք և հոգևոր կերպով արթուն եղեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք

Քրիստոնյայի կյանքն, առանց աղոթքի, նման է այն զինվորին, որ դուրս է գալիս մարտադաշտ, նետաձիգների առջև` առանց վահանի: Այս դեպքում ինչքան էլ զինվորը ուժեղ ու բանիմաց լինի իր ռազմական գործում, առանց վահանի պաշտպանության` բազմաթիվ նետերից կխոցվի, այդպես էլ քրիստոնյան ինչքան էլ կամք, հավատք ու հոգևոր գիտելիք ունենա, առանց աղոթքի խոցելի է խավարի հրեշտակների արձակած անտեսանելի բազմաթիվ նետերից: Այդ իսկ պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատգամում էր` մշտապես աղոթեցեք և հոգևոր կերպով արթուն եղեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Ուսանելի են հոգևոր սուրբ հայրերի խորհուրդներն ու խոսքերը աղոթքի վերաբերյալ: Զինվելով նրանց բազմահարուստ փորձառությամբ՝ անհատը սպառազինվում է հոգևոր մարտադաշտում ու խուսափում շատ խարդավանքներից ու թակարդներից, որոնք թշնամին հյուսել է տարբեր ճանապարհներում: Արդ, հոգևոր հայրերից սբ. Գրիգոր Նարեկացին նշում է, որ աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առաքինություն, քանզի բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ հանդիման խոսակցություն է Աստծո հետ: Քանզի ինչպես երկրագործի ողջ աշխատությունը պտուղները հավաքելու համար է, և խոհարարի տաժանումը` կերակրելու, այնպես էլ ամեն բարեգործություն, զգաստություն և պարկեշտություն մտքի ճանապարհը հարթելու համար են, որպեսզի անզբաղապես Աստծո հետ լինի և ինչպես սիրելի բարեկամի աղոթքով զրուցի և անձի ու աշխարհի բոլոր մարմնավոր, հոգևոր կարիքները Նրա առջև դնի, Նրանից հայցի բոլոր բարիքների հաջողում և փրկություն՝ թշնամու որոգայթից: Եվ այս առաքինությունը մյուսների պես սահմանափակ չէ, այլ կարող ենք անսահմանաբար գործել ամեն ժամ` ըստ տերունական հրամանի, որ ասում է. «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք» (Մատթ. 26:41 և Ղուկ. 18:1): Ինչպես որ Ինքը` բոլոր աղաչանքներն Ընդունողը, որպես մեզ օրինակ և հորդոր, բազում անգամ ողջ գիշեր աղոթում էր Աստծուն: Եվ առաքյալը, Նրանից ուսանելով, ասում էր. «Ամեն ինչի համար գոհացեք, անդադար աղոթեցեք» (Թեսաղ. 5:18): Քանզի այսպես է պատշաճ՝ նախ տրված բարիքների համար գոհանալ և ապա՝ առաջիկայի համար խնդրել: Եվ ոչ միայն անձի և տան, որդու և ընտանիքի համար անել այս, այլև ամբողջ աշխարհի, որպեսզի Նա տնօրինի յուրաքանչյուրի հոգու և մարմնի կարիքները և օգուտները: Առավել ևս պետք է աղոթել թշնամիների և ատելիների համար՝ ըստ Տիրոջ խոսքի, թե. «Օրհնեցեք ձեզ անիծողներին և աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ չարչարում և հալածում են» (Մատթ. 5:44): Քանզի աղոթքը հալածում է ամեն տեսակի ատելություն և ոխակալություն, որովհետև ինչպե՞ս կարող է ոխակալությամբ լցվել նրանց հանդեպ, որոնց համար ճշմարիտ և աներկբա սիրով աղոթք է անում և փրկություն հայցում Տիրոջից: Պետք է ամբողջ սրտով թողնել պարտապաններին և սիրով աղոթել նրանց համար, այսպես մեզ Աստված իշխանություն տվեց մեր մեղքերի թողության համար, քանզի ինչ սրտով թողնում ենք նրանց պարտքերը, և սեր ու գութ ցուցաբերում նրանց հանդեպ, նույն չափով էլ Աստված մեր հանցանքներն է թողնում, և Իր արարչական սերն ու գթությունը սփռում մեզ վրա: Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետն ասում է, որ սրտի սրբությունն առավել է բոլոր բարձրաձայն բարբառվող աղոթքներից: Եվ հստակված մտքին խառնված լռությունն առավել է մեկի բարձրաձայն աղաղակից: Արդ, սիրելի՛, տո՛ւր քո սիրտն ու խորհուրդները Աստծուն և լսի՛ր դու սրբերի աղոթքների զորությունը: Տե՛ս, ինչպես Աստծո առաջ առաքինացան առաջին արդարներն իրենց աղոթքներով և ինչպես դրանք սրբության պատարագ եղան նրանց համար, նույն աղոթքներով պատարագներն ընդունելի եղան Աստծուն: Եվ դարձյալ աղոթքներով Նա ցածրացրեց հեղեղի ջուրը, բազմացրեց ամուլների ծնունդները, կործանեց բանակները, հայտնեց խորհուրդները, բաժանեց ծովերը, ճեղքեց Հորդանանը, կանգնեցրեց արեգակը և լուսինը, կոտորեց պիղծերին, իջեցրեց ջրերը, փակեց երկինքը, հանեց գուբից, ազատեց հրից, փրկեց ծովից և աղոթքի զորությունները հույժ և առավել են: Երբ աղոթելիս լինես, սիրտդ ուղղիր վեր և աչքերդ` վար, մտիր դու ներսը` քո ներքին մարդու մեջ և ծածուկ աղոթիր քո Հորը, որ երկնքում է: Եվ այս ամենը, որ գրեցի քեզ աղոթքի ճառերի մասին, եթե սուրբ լինեն, ընդունելի կլինեն, և եթե սուրբ չլինեն, ընդունելի չեն լինի: Քանզի կան ոմանք մեր մեջ, որոնք շատացնում են աղոթքները, երկարացնում հեծությունները, կորացնում իրենց անձերը և տարածում իրենց ձեռքերը, բայց աղոթքի գործերը հեռու են նրանցից: Աղոթում են մեր Տիրոջը, որ սովորեցրեց իրենց. «Թող մեր մեղքերը, և մենք թողնում ենք մեր պարտապաններին» (Մատթ. 6:12): 
Ինչպե՞ս ես աղոթում, հիշիր, որ պատարագ ես մատուցում Աստծո առջև: Դու աղոթում ես, որ թողնվի քեզ և խոստովանում, բայց սուտ մի՛ լինիր Աստծո առաջ ասելով` թողնում եմ, բայց չես թողնում: Մի՞թե մարդ է քեզ համար Աստված, որ ստում ես Նրան: Եթե մարդ իր ընկերոջ դեմ մեղք է գործում, Տիրոջից է խնդրում քավություն, ապա եթե Աստծո դեմ մեղք գործի, ումի՞ց խնդրի քավություն: Մի դատապարտիր անձդ քո աղոթքներով: Լսի՛ր դու նորից մեր Տիրոջ խոսքը. «Երբ մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, թե քո եղբոր հանդեպ ոխ ունես, թող պատարագը սեղանի առաջ, գնա հաշտվիր քո եղբոր հետ և ապա արի մատուցիր քո պատարագը» (Մատթ. 5:23-24), որպեսզի աղոթքի ժամանակ չբարկացնես քո Տիրոջը, քանզի աղոթելիս եթե հիշես, թե ոխ ունես, այս իմացիր դու քո մտքում, որ քո աղոթքները լքված կլինեն սեղանի առջև, չի կամենա նա, ով աղոթքն է մատուցում, վերցնել և երկրից վեր բարձրացնել: Քանզի քննում է քո պատարագը` աղտեղի՞ է, թե՞ ոչ: Եթե սուրբ է, հանում, բարձրացնում է վեր` Աստծո առաջ: Ապա եթե նա քո աղոթքում գտնի, որ ասում ես. «Թող ինձ և թողնում եմ ես», բարձրացնող պատասխանն այսպես կլինի աղոթողին. «Նախ թող դու քո պարտապանին, և ապա կբարձրացնեմ ես աղոթքներդ քո Պարտատիրոջ առաջ»: Թող դու հարյուր դահեկան` ըստ քո աղքատության, և Տերը քո պարտքից կթողնի բյուր քանքար` ըստ Իր հարստության, և չի հաշվի քեզ վաշխ և տոկոսների վարձ: Եթե դու կամենաս և թողնես, ապա հրեշտակը կառնի քո պատարագը և կհանի, կբարձրացնի իր հետ, բայց եթե դու չթողնես, այսպես կասի քեզ. «Ես պղծված աղտեղված պատարագը սուրբ Աթոռի առաջ չեմ տանի, բայց ահա գալու ես դու այնտեղ` տալու քո պարտքերի հաշիվը և քո պատարագը քեզ հետ պիտի բերես»: Եվ կթողնի քո պատարագն ու կգնա: Աղոթքները վայելուչ են, եթե գործերը բարի են, ընդունելի են, եթե խաղաղություն է լինում նրանց մեջ, լսելի են, եթե թողություն է գտնվում նրանց մեջ, սիրված են, եթե սուրբ են նենգությունից, զորավոր են, եթե նրանց մեջ կատարվում են Աստծո զորությունները: Կան խնդրվածքներ, օրհնություններ և գոհություններ: Խնդրվածքներն այս են` որ մեկն իր մեղքերի համար գթություն և ողորմություն է խնդրում: Օրհնությունները և գոհություններն այս են, որ խնդությամբ գոհանում է Երկնավոր Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար: Խնդրվածքների աղոթքը մատուցիր քո նեղության վտանգի ժամանակ, իսկ երբ լցվես Նրա բարությամբ, խոստովանությամբ գոհացիր քեզ տվողից և այն ժամանակ, երբ միտքդ լի է ուրախությամբ և ցնծությամբ, օրհնություն և փառք տուր: Եվ քո բոլոր աղոթքները թող ընտրողաբար լինեն Աստծո առաջ: Մեր Փրկիչը սովորեցրեց խիստ ծածուկ աղոթել, ահա Ամենատեսն ասում է. «Մտիր քո սենյակը և դռները փակելով, ծածուկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6:6): Ցույց տամ քեզ, թե ինչպես եմ վերն ասվածը հասկանում: Ասում է. «Աղոթիր փակ դռներով». մեր Տիրոջ խոսքը ցույց է տալիս հետևյալը` ծածուկ աղոթիր քո սրտում և փակիր սրտիդ դռները: Եվ ի՞նչ է դուռը, եթե ոչ` քո բերանը, քանզի մարմինը Տիրոջ տաճարն է, որում բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում. «Դուք Աստծո տաճար եք» (Ա Կորնթ. 3:16): Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որ քո բերանն է, թող մտնի այս տաճարը և սրբի այն բոլոր պղծություններից: Եթե աղոթքի ժամանակ կտրվես ամեն ինչից, լսելի կլինես և կարժանանաս Տիրոջ զորությանը: «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անվան համար, այնտեղ Ես նրանց մեջ եմ» (Մատթ. 18:20): Ինչպե՞ս ես հասկանում այս խոսքը, ո՛վ սիրելի… Եթե դու մենակ լինես, Քրիստոս չի՞ լինի քո մեջ, քանզի ահավասիկ գրված է Քրիստոսին հավատացողների մասին, որ նրանց մեջ բնակվում է Քրիստոս… Իսկ ես ցույց կտամ քեզ, որ կա տեղ, ուր փոխանակ երկուսի կամ երեքի, ավելի քան հազարն են ժողովվել, սակայն Քրիստոս նրանց մեջ չէ: Բայց կա մարդ, որ մենակ է, և Քրիստոս նրա հետ է: Երբ Մովսեսն աղոթում էր լեռան վրա, մենակ և առանձին էր նա, մի՞թե լսելի չեղավ, այլ առավել ևս լսելի եղավ և մեղմեց իր Աստծո բարկությունը: Եղիան նույնպես մենակ էր Կարմել լեռան վրա, սակայն նրա աղոթքները սքանչելի զորություններ կատարեցին: Նրա աղոթքով փակվեց երկինքը և դարձյալ բացվեց, իր աղոթքով նա փրկվեց մահից և ազատվեց դժոխքից, նրա աղոթքները Իսրայելից վերցրին պղծությունը և երեք անգամ հուր իջեցրին երկնքից` մի անգամ սեղանի վրա և երկու անգամ` նախարարների վրա: Եվ երբ հալածում էին նրան, ծունր դրեց և աղոթեց և արագ լսելի եղավ: Եվ չորս հարյուրը, որ բարձրաձայն կանչում և աղաղակում էին, լսելի չեղան, քանզի կանչում էին Բահաղի կուռքերին, իսկ Եղիան մենակ էր և առավել լսելի եղավ: Եվ Հովնանը, երբ աղոթք էր անում ներքին դժոխքից, Աստված շուտափույթ լսեց նրան, թեպետ և մենակ էր: 
Արդ, մի մոռացեք ամեն օր ժամանակ հատկացնել աղոթքի համար և Աստծո հետ խոսել անկեղծությամբ և խոնարհությամբ, որպեսզի ամենատես Երկնավոր Հայրն էլ ձեզ հաղորդակից դարձնի իր զորությանը, ուրախությանը և խաղաղությանը:


 

Հովհաննես սրկ. Մանուկյան

 

16.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․