Գրքեր

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը:

Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, բարօր ու ապահով ապրի աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: Նվիրական այսպիսի զգացումներով ենք քայլ կատարում ամանորի սեմից ներս՝ անդրադառնալով նաև անցնող տարվան:

2017 թվականին մեր ժողովուրդը ջանք ու աշխատանք գործադրեց հաղթահարելու իր կյանքի խնդիրները, բարօրության և առաջընթացի մեջ հաստատելու մեր երկիրը: Աշխատավոր, մտավորական, գործարար, պետական գործիչ, ամեն ոք իր ասպարեզում՝ ջանք գործադրեց իր նպաստը բերելու մեր ժողովրդի առաջընթացին: Հայրենյաց սահմանները քաջությամբ պաշտպանեցին մեր բանակի խիզախ զինվորները՝ երաշխավորները մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը նույնպես արդյունավորվեց եկեղեցականների բարի ծառայությամբ, մեր ժողովրդի զավակների հավատավոր ընթացքով ու եկեղեցանվեր ձեռնարկներով: Տիրոջ ողորմությամբ դժվարությունները մեզ չընկճեցին, իսկ ձեռքբերումներով առավել հուսադրվեցինք: Մեր ժողովրդին կորով ու գործելու եռանդ պարգևեցին մեր երկրի, ազգի, մեր երեխաների հանդեպ սերը, լուսավոր գալիք կերտելու մեր իղձերն ու տեսլականը:

Եկող 2018 թվականին մենք տոնելու ենք 100-ամյակը Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման և մայիսյան հերոսամարտերի: Մեկդարյա այս ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ազգային կյանքի բարձրացման մեծ ճանապարհ է անցել: Այդ տասնամյակները, բազում դժվարություններով հանդերձ, եղան պետականաշինության, հայրենակերտումի, գիտության, կրթության, մեր մշակույթի զարգացման, ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի կազմակերպման, առաջընթացի ու վերազարթոնքի տարիներ:

2018 թ., սիրելիներ, դիմավորենք կարևորելով մեր ժողովրդի ձեռքբերումները, դիմավորենք նաև նախանձախնդրությամբ՝ առավել ու առավել ջանքեր բերելու հանուն մեր հայրենիքի շենացման ու զորացման, ազգային մեր

իղձերի մարմնավորման: Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար:

Սիրելիներ, կիսենք միմյանց հետ տարեմուտի ուրախությունը, զորանանք հույսով ու լավատեսությամբ: Օգնենք կարոտյալներին, ձեռք մեկնենք միայնակ ու անօգնական մարդկանց, մեր զավակներից բացի խնդություն պարգևենք խնամքի կարոտ երեխաներին: Սատար ու զորակից լինենք հայոց բանակին: Թող ամուր լինի մեր բանակը, հավատքով ամուր՝ մեր ժողովուրդը: Աղոթում ենք աշխարհի խաղաղության համար: Խաղաղություն ու բարօրություն ենք մաղթում հայրենի մեր երկրին, նոր ձեռքբերումներ՝ հայրենի իշխանություններին և մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Թող Աստված` պարգևատուն ու առատացնողը ամեն բարիքների, օրհնի մեր երկիրն ու ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան շնորհները հեղելով մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի

31.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․