Գրքեր

Նախանձի մասին

«Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանումներ, չար նախանձ, սպանություններ, հարբեցողություններ, անառակություններ և սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Գաղ. 5:19-21):

Սիրելի  հավատացյալներ,

Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի այս հատվածից այսօր ուզում եմ խոսել նախանձ կոչվող մեղքի մասին: Եթե նայենք մարդկության պատմությանը, ապա կտեսնենք, որ նախանձը ազգություն, տարիք, սեռ, կրթություն կամ հասարակական դիրք չի ճանաչում: Դա մահացու այն ախտերից մեկն է, որ մարդկանց հանցագործության է դրդում՝ նույնիսկ իրենց ամենամոտ հարազատի, ընտանիքի անդամի նկատմամբ: Նախանձը սահմաններ չունի, քանի որ դրա ու մնացած բոլոր մեղքերի ծնող սատանան մարդուն մեկ անգամ իր ցանցը գցելով՝ այլևս չի ցանկանում բաց թողնել նրան և պարուրում է մեղքի նորանոր շերտերով, որպեսզի ազատագրումն էլ ավելի դժվարանա և նրան իր ետևից դեպի մահը տանի, քանի որ ինչպես Սողոմոն Իմաստունն է ասում. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24): Եվ ինքը՝ բանսարկուն էլ, որ Աստծո առջև մեղանչելուց առաջ գեղեցկագույն ու հզոր հրեշտակապետ էր, հենց նախանձի պատճառով անկում ապրեց և դժոխքը նետվեց, ինչպես Եսայի մարգարեի գրքում է ասվում (Եսայի 14:12-15): Եվ երբեմնի լույսի հրեշտակը, որ այժմ խավարի իշխանն էր դարձել, նախանձեց մարդուն, որ Ամենակալի սիրո պտուղն էր ու վայելում էր Արարչի անսահման սերն ու օրհնությունը, թագավորում էր երկրիս երեսին գտնվող ամեն արարածի վրա: Սատանան ամբողջ սրտով ատեց նրան և անզոր լինելով պայքարել Ամենակարող Արարչի հետ՝ որոշեց կործանել Նրա սիրելի արարածին...

Սիրելի հավատացյալներ, այս կորստաբեր մեղքի մասին խոսելով՝ կամենում եմ ձեր ուշադրությունը հրավիրելԱստծո Խոսքի վրա և Ավետարանից ձեզ համար հատվածներ բերել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքից, որին ևս նախանձի գարշելի ախտի հետևանքը դիպավ: Այսպիսով, կարդում ենք. «Եվ եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին տանում էին չորս հոգով։ Եվ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնվում էր նա. և բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ Օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. «Այս ի՞նչ է խոսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված» (Մարկ. 2:3-7): Մեկ ուրիշ հատվածում կարդում ենք. «Հիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛»։ Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս. և այն օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Շաբաթ օր է և օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ» (Հովհ. 5:8-10): Ահա ևս մեկ դրվագ. «Եվ Հիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ Եվ ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս։ Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուս շաբաթ օրով բուժեց. և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեցեք և ոչ թե շաբաթ օրը» (Ղուկ. 13:12-14): Ի՞նչ ենք տեսնում ավետարանական այս հատվածներում, սիրելիներ: Տեսնում ենք, որ երեք դրվագներում էլ Հիսուս Քրիստոս բարիք գործեց և բժշկեց անհույս հիվանդներին, իսկ օրենսգետներն ու փարիսեցիները նախատեցին Նրան: Մարդկանց մեղքերին թողություն տվեց, հրաշքներ գործեց, Աստծո խոսքն ուսուցանեց մարդկանց, իսկ Նրան ասացին, թե հայհոյում է: Իսկ ի՞նչ է դա, եթե ոչ՝ նախանձ. չարությամբ լցվել՝ բարին տեսնելիս, գայթակղվել դրանից ու թունավորվել սրտով: Սա այն մեղքն է, որ բարիքի դեմ է գործում, աղավաղում է ճշմարտությունն ու միայն չարիք ու տառապանք է բերում: Եվ իսկապես, իր սրտում նախանձ ունեցող մարդը սարսափելի տառապում է ուրիշների համար աննշան թվացող պատճառներից: Մեկը առողջ է՝ նախանձի համար է կարող է առիթ հանդիսանալ, մյուսը լավ տեսք ունի, երրորդը՝ աշխատանք, մեքենա կամ այլ նյութական միջոցներ: Առաջընթաց ուսման մեջ կամ հոգևոր կյանքում... Այսպես անվերջ կարելի է թվարկել ու ցանկը չի ավարտվի, որովհետև ինչպես արդեն նշեցի այս սարսափելի ախտը սահմաններ չի ճանաչում: Որպեսզի հասկանանք այս մեղքի ողջ արատավորությունն ու ծանրությունը՝ հիշենք Եկեղեցու Սուրբ Հայրերից Բարսեղ Մեծի ձևակերպումը, որ տալիս է նախանձի մասին: Նա ասում է. «Նախանձը՝ դա հակառակումն է Աստծո կամքին»: Եվ իսկապես, երբ խորությամբ վերլուծում ենք ասվածը, ապա համաձայնվում ենք, որ յուրաքանչյուր մարդու կյանքն Աստծո ձեռքերում է և Բարձրյալն ամեն մեկի համար Իր նախախնամությունն ունի: Աստծո ճամփաներն անքնին են և մենք չգիտենք, թե ինչու է մի մարդ ավելի գեղեցիկ կամ առողջ, քան՝ մյուսը: Մենք չգիտենք, թե ինչու է մեկը հաջողում իր ձեռնարկած գործերում, իսկ մյուսը՝ ոչ: Միգուցե դա լինում է Աստծո փառքի համար, միգուցե փորձություն է, որ տրվել է տվյալ մարդուն, մենք դա չենք կարող իմանալ: Մենք երբևէ չենք կարող իմանալ, թե ինչ է սպասվում այն մարդուն, ում նախանձում ենք: Մենք ցանկանում ենք ունենալ այն, ինչին նախանձում ենք, սակայն գաղափար անգամ չունենք, թե մեր նախանձի առարկան ինչ է բերել կամ բերելու այն մարդուն, ում տրվել է: Նախանձելով ուրիշին՝ մենք ոչ միայն հակառակվում ենք Աստծուն և երախտամոռություն ենք ցուցաբերում Նրա հանդեպ, քանի որ փաստորեն դժգոհում ենք մեր ունեցածից, այլև՝ մեծագույն հանդգնություն ենք ցուցաբերում՝ կասկածելով Աստծու արդարությանը: Փաստորեն մեր մտքով, խոսքով կամ գործով ասում ենք Տիրոջը, որ Նա անարդար է գտնվել՝ մեկին տալով մեր նախանձի առարկաները, իսկ մեզ՝ զրկելով: Նախանձելով՝ նաև կարծես փորձում ենք խառնվել Արարչի գործերին, որովհետև մեզ իրավունք ենք վերապահում որոշելու, թե Տերն ում տա Իր օրհնությունը և ում՝ ոչ:

Նախանձը կեղծավորության ցուցանիշն է նաև, սիրելի հավատացյալներ: Քանի որ բարի մարդը ի սրտե ուրախանում է այլոց հաջողություններով ու բարօրություններով և փառաբանում է Աստծուն՝ այդ մարդկանց շնորհված օրհնության համար: Իսկ նախանձ մարդը ժպտում է միգուցե ուրիշի ուրախությունը տեսնելիս, սակայն իր սրտում չի ուրախանում, այլ ընդհակառակը՝ ամեն կերպ փորձում է խոչընդոտել ու վնասել այդ մարդուն: Նախանձ մարդն ամեն միջոցների դիմում է, որպեսզի չարախոսի ու ամբաստանի ուրիշին, նվաստացնի նրա առաքինություններն ու բարի գործերը: Այսինքն նախանձ ունեցող մարդը ոչ թե ինքն իրեն բարիք է կամենում, այլ՝ չարիք իր մերձավորի համար: Եվ եթե մյուս մահացու մեղքերը գոնե ինչ-որ թվացյալ հաճույք կամ ուրախություն են պարգևում, ապա նախանձը միայն տառապանք է բերում: Այս ախտը միաժամանակ և՛ մեղք է, և՛ պատիժ՝ այն ունեցողի համար: Այդպիսի մարդն իրեն կրծող վշտի մեջ է անընդհատ գտնվում: Այս կյանքում նա վշտանում է մյուսների բարօրությունից, իսկ մյուսում՝ արդարների փառքից է կսկիծ ապրելու: Մտածեք միայն, սիրելի հավատացյալներ. նախանձ մարդը վշտանում է իր մերձավորի բարօրությունից: Իսկ ո՞ւր է մնում այդ դեպքում Աստծո մեծագույն պատվիրաններից երկրորդը, որ ասում է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22:39):

Կարևոր է հիշել նաև, որ նախանձը երբեք միայնակ չի գործում, սիրելի հավատացյալ քույրեր ու եղբայրներ: Այն իր ետևից բերում է այնպիսի զազրելի ախտեր, ինչպիսիք են՝ ատելությունը, ստախոսությունը, չարաբանությունը, խարդախությունն և նույնիսկ՝ սպանությունը, որի ակնառու օրինակն է Աբելի ու Կայենի պատմությունը, որ բոլորիս ծանոթ է Հին Կտակարանից (Ծննդ. 4): Հետևաբար, հենց հիմա պետք է որոշում կայացնենք ինքներս մեզ համար, որ հենց այս պահից սկսած պայքարելու ենք այս զազրելի ախտի դեմ ու արմատախիլ ենք անելու մեր սրտից, խոսքից ու գործերից: Իսկ դրանում հաջողելու ու հաղթանակ տանելու միակ միջոցը Աստծո կամքին ու նախախնամությանը չհակառակվելն է, այլ՝ խոնարհաբար ենթարկվելը: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ անկրկնելի է Աստծո առջև, յուրաքանյուրն էլ անպայման ունի մի բան, որ միայն իրեն է տրված: Մշտապես պետք է հիշենք, որ ամեն մարդ իր կյանքն ու ճանապարհն ունի և միայն Աստծուն է հայտնի, թե ինչու է հենց ա՛յդ մարդուն, հենց ա՛յդ կյանքը տրվել: Եվ Եկեղեցու Սուրբ Հայրերն էլ ևս մեկ միջոց են առաջարկում նախանձից ազատվելու համար: Նրանք ասում են. «Բարություն արա, ինչ-որ կերպ օգնիր այն մարդուն, որին նախանձում ես»: Քանի որ մենք չենք նախանձում այն մարդկանց, ում օգնում ենք և բարություն անում: Նաև չմոռանանք Աստծո առաջ մեր մեղքերի խոստովանության ու աղոթքի մասին, քանի որ ի սրտե զղջումն ու աղոթքը մաքրում են մեզ ամենայն ախտից և ուժ են տալիս մեղքի դեմ պայքարելու համար:

Սիրելիներ, խոսքս ավարտեմ մի առակով. երբ մի իմաստունի հարցրեցին, թե ո՞ր աչքերն են ավելի լավ տեսնում՝ սև՞, թե՞ կապույտ, կանացի՞, թե՞ տղամարդկային, մարդկա՞նց, թե՞ կենդանիների, իմաստունը պատասխանեց, որ ամենալավը նախանձի աչքերն են տեսնում, քանի որ որքան էլ հեռու լինես, ուր էլ թաքնվես՝ նախանձ մարդու աչքերն ամենայն մանրամասնությամբ կտեսնեն քեզ: Արդ մաղթում եմ ամենքիս, սիրելիներ, որ հեռու մնանք նման տեսողությունից և ինչպես Ավետարանում է ասվում. «Սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով» (Գաղ. 5:26): Այլ՝ Տիրոջ պատվիրանին հետևելով՝ սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ (Հովհ. 13:34), քանզի սերը չի նախանձում (Ա Կորնթ. 13:4):

Թող Ամենասուրբ Երրորդության սերը, օրհնությունն ու շնորհները լինի ամենքիս վրա և ազատի մեզ բոլոր մեղքերից, այդ թվում՝ նաև նախանձի մահացու մեղքից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․