Գրքեր

Նախընտրությունը պետք է հոգու գեղեցկությանը տալ

Եթե հոգուն դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, ապա դա ապացուցում է, որ նրա մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ է պատճառը, որ նա ոչ թե Արարչով է տարվում, այլ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ, նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն, այդուհանդերձ, չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն է զգում, ուրախություն, որը զուրկ է աստվածային սփոփանքից, հոգևոր ցնծությունից ու ներքին խանդավառությունից: Իսկ երբ մարդ հոգևոր գեղեցկությունն է սիրում, նրա հոգին է լիանում ու գեղեցկանում:

Եթե մարդ, և հատկապես վանականը, իմանար իր ներքին անհրապույր վիճակի մասին, ապա արտաքին գեղեցկությունների հետևից չէր ընկնի: Հոգին այնքան աղտոտված է, այնքան ապականված, իսկ մենք, օրինակ, հագուստի՞ համար պետք է հոգ տանենք: Հագուստը լվանում ենք, արդուկում և արտաքինից մաքուր ենք լինում, իսկ ինչպիսին ենք ներքուստ՝ ավելի լավ է չհարցնել: Այդ պատճառով էլ, երբ մարդ ուշադրություն է դարձնում իր ներքին հոգևոր անմաքրությանը, այլևս ժամանակ չի կորցնում իր հագուստը մանրամասնորեն, մինչև վերջին բիծը մաքրելու համար, քանի որ այդ հագուստն իր հոգուց հազար անգամ ավելի մաքուր է: Բայց անուշադրության մատնելով իր հոգում կուտակված հոգևոր աղբը, մարդ ջանում է իր հագուստի վրայից նույնիսկ ամենափոքր բիծը հեռացնել: Ողջ հոգածությունը պետք է հոգևոր, ներքին մաքրությանն ուղղել, այլ ոչ թե արտաքին գեղեցկությանը: Նախընտրությունը ոչ թե սին գեղեցկություններին, այլ հոգու գեղեցկությանը պետք է տրվի: Չէ որ մեր Տերն էլ ասաց, որ ամբողջ աշխարհը չարժե այնքան, որքան մեկ հոգին (Մատթ. 16:26):

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․