Գրքեր

Նավակատիք և Ճրագալույց Հիսուս Քրիստոսի` Մեր Աստծո Ծննդյան և Հայտնության

Քրիստոսի գալստյան մասին մարգարեների կանխասացություններն, իրենց լրումին հասնելով, կատարվեցին, քանի որ Նա, ով Աբրահամին ասաց, թե «քո զավակից կօրհնվեն երկրի բոլոր ժողովուրդները», այսօր եկավ և կատարեց այդ խոստումը՝ սուրբ Կույս Մարիամի Որդին դառնալով: Եվ Մովսեսի տեսած այն մորենին, որը վառվում էր, սակայն չէր այրվում, խորհրդանշում էր սուրբ Կույս Մարիամին: Նաև Օսեին, նույն ինքը՝ Նավեի որդի Հեսուին էլ ասվեց, թե՝ «Տիրոջ զորքի զորավարն եմ ես, և ահա եկա քեզ օգնելու»: Նաև Գեդեոնին երևաց ցորենի կալում: Նույնպես Դավիթը մարգարեացավ, թե՝ «Նա թող իջնի որպես անձրև հնձած խոտի վրա և որպես ցող` երկրի վրա»: Սողոմոնն էլ ասում է. «Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից»: Իսկ Զաքարիա և Մաղաքիա մարգարեները ասում են. «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ», քանի որ բժշկությունը Նրա լեզվի թևերի վրա է: Նաև, թե՝ «Ահա՛ մարդը, և ծագումը Նրա անվան»:

Բարուքն էլ Երեմիայի գրքում ասում է, թե «բարձրյալ Աստված կհայտնվի երկրում և կշրջի մարդկանց մեջ»: Նաև, երբ լրացան Դանիելի յոթանասուն տարիները, Աստված կատարեց նրա ա՛յն ցանկությունն ու աղաչանքը, թե՝ «ցույց ինձ, Տե՛ր, Քո Օծյալին, մինչև իմ մեռնելը»: Եվ Գաբրիելն էլ ասաց նրան, թե՝ «Ե՛կ, հանգստացիր, ա՛յրդ ցանկալի: Երբ իրենց լրումին հասնեն քո մարգարեությունները, Բանն Աստված երկրի վրա կհայտնվի և լույս կծագի գերեզմանիդ վրա»: Մարգարեների այս բոլոր կանխասացությունները այժմ կատարվեցին, այդ պատճառով էլ ուղղափառ եկեղեցիները, համաձայն սուրբ առաքյալների և մեր վարդապետների ուսուցման  հունվարի 5-ին, տոնում են Քրիստոսի Ծննդյան և Հայտնության ճրագալույցի տոնը:

 

Աղբյուրը՝ «Յայսմաւուրք», Կ․ Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը

03.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․