Գրքեր

Նրա հաջողության գաղտնիքը. բուժման հիմքում սերն է

Հարցազրույց հոգեբան, նարկոլոգիայի փորձագետ, Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավար, «Մեր ուղին» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Վալենտինա Նովիկովա Վլադիմիրովնայի հետ:

Արարչագործության պսակը՝ Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը, Աստծո կողմից արարվել է ազատ, ցավոք սրտի, մարդն իր արարքներով մշտապես կորցնում է այնպիսի աստվածային պարգև ինչպիսին ազատությունն է: Ազատությանը սպառնացող վտանգներից մեկը կախվածությունն է: Ինչպիսի՞ բնութագիր ունի կախվածությունը և ինչպե՞ս է այն ձևավորվում:

Այսօր մարդկանցից շատերը մակերեսային պատկերացում ունեն կախվածության մասին: Առաջին հերթին այն հիվանդություն է, երկրորդ՝ փոխանցվում է ժառանգաբար, ինչպես յուրաքանչյուր գենետիկ նախահակում: Եթե ընտանիքում որևէ մեկը սիստեմատիկ օգտագործում է ալկոհոլ, ապա անխուսափելի է «զոհաբերվող գառը»: Թմրամոլների 95 %-ը դա ալկոհոլիզմը ժառանգաբար ձեռքբերածներն են: Կախվածությունը բարդ հիվանդություն է, այն անդրադառնում է մարդու չորս կենսաբանական ոլորտներին, որոնց առողջ կամ հիվանդ լինելն իր որոշիչ դերն է խաղում երեխայի ձևավորման հարցում:

Այսինքն՝ այսօր սխա՞լ է այն հայացքը, թե ալկոհոլիզմը մարդու ազատ ընտրության արդյունքն է:

Հիմնականում ալկոհոլից և թմրադեղերից կախվածություն ունեցողները նշում են, թե դա իրենց ընտրությունն է և երբ ցանկանան, կարող են թողնել: Իհարկե, սա ազատություն չէ, կա հասարակ մի փորձարկում, ըստ որի, կարելի է որոշել անձն ունի կախվածություն, թե ոչ: Եթե, երեք ամիս ալկոհոլ և թմրադեղեր չգործածելով, մարդու մոտ առաջ է գալիս անհանգստություն և լարվածություն, ուրեմն ազատության մասին խոսք լինել չի կարող: Բնության մեջ կան չգրված օրենքներ, որ չի կարելի խախտել, Աստծո կողմից մեզ տրված արյունը սուրբ է և դա մեր կյանքն է: «Հանգստություն, ուժ» փնտրելու ճանապարհին, երբ մարդը ծխախոտի, խմիչքի և թմրադեղերի միջոցով փոխում է արյան բաղադրությունը, ապա միանշանակ օրենքի խախտում է կատարում: Ամերիկյան վիճակագրությունը փաստում է, որ ալկոհոլ և թմրադեղեր օգտագործողների 90 %-ը վաղաժամ մահ են ունենում և միայն 10 %-ը իմանալով, որ կա ելք, դիմում են համապատասխան մասնագետների օգնությանը:

Ի՞նչ է ցույց տալիս այսօր Ձեր մասնագիտական փորձը, կախվածություն ունեցողների բուժման հարցում ո՞ր ծրագիրն է ճանաչվել ամենաարդյունավետը:

Այսօր փորձագետներն ու ֆուտորոլոգները, վերլուծելով անցած հարյուրամյակի փորձը, իր արդյունավետությամբ առանձնացնում են «12 քայլ» ծրագիրը, որի շնորհիվ միլիոնավոր ալկոհոլամոլներ և թմրամոլներ են բուժվել: 12 հիանալի գործիքներ, որ նպաստում են անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը: Իմ քսանամյա աշխատանքային փորձն էլ հաստատում է այդ ծրագրի պարզ և արդյունավետ լինելը:

Եթե ալկոհոլիզմը ժառանգական է, անբուժելի, աստիճանաբար սաստկացող և մահացու, ապա ի՞նչ կերպ եք փորձում օգնել այն ալկոհոլամոլներին, ովքեր ցանկանում են բուժվել:

Այո, անբուժելի հիվանդության մասին է խոսքը, բայց բուժումը հնարավոր է՝ վերականգնելով մարդու ամբողջականությունը: Բուժման կարևոր հիմքը սերն է, որի առկայությունն Աստծո ներկայության մասին է խոսում, քանի որ սերը հիվանդի հանդեպ թույլ է տալիս նրա մեջ տեսնելու աստվածային պատկերն ու նմանությունը:

Ապա մարդը կարիք ունի հատուկ թերապիայի և հատուկ բուժման: Անհրաժեշտ է, որ բուժվողը սիստեմատիկ այցելի մասնագետի մոտ, հատուկ խմբակներ: Կա հիվանդություն, կա նաև դեղեր և «12 քայլ» ծրագիրը թույլ է տալիս հիվանդին ունենալ հոգևոր աճ, բուժվել և ապրել երկար տարիներ: Կարևոր է այն պարագան, որ կախվածության մեջ գտնվողն ընդունի, որ ինքը բուժման, օգնության կարիք ունի և գտնի իր մեջ ուժ, հավատ, հույս և համառություն դուրս գալու այդ վիճակից: Բուժման արդյունավետ տարբերակ է, երբ մասնագետի հետ միասին աշխատում է նաև ընտանիքը, քանի որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունը նաև ընտանեկան հիվանդություն է: Ընտանիքի անդամների լավատեսական գործունեությունը կարող է նպաստել հիվանդի բուժման 70 %-ին: Երբ ընտանիքն աղոթում է, հաճախում է թմրամոլությանը վերաբերյալ ընտանեկան սեմինարներին, ապա թե՛ իրենց և թե՛ հիվանդի մոտ սկսում է աճել հավատը, հույսը, և հանգամանքներն աստիճանաբար սկսում են տանել հիվանդին բուժման ուղիով:

Այս հիվանդության պարագային, եթե կա ժառանգական գործոնը, ապա Ձեր բաժանմունքն անցկացնո՞ւմ է դասընթացներ, սեմինարներ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Իհարկե, քանի որ կանխարգելման հարցը կա այստեղ: Իմ աշխատանքի երկրորդ մասն այն է, որ ես, «Վարշավյան հիմնադրամ»-ի նարկոլոգիայի վերաբերյալ կրթության հանձնաժողովի դասախոսը լինելով, երկար տարիներ, տարբեր մարզեր այցելելով, ուսուցանում եմ նրանց, ովքեր պետք է աշխատեն կախվածություն ունեցողների հետ: Ցավոք սրտի, շատ հաճախ դպրոցներում հանդիպում եմ ծնողների, որ թեթևամիտ վերաբերմունք ունեն այս հարցերի շուրջ:

Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին, որ նրանք մեծանան առողջ՝ առանց որևէ կախվածության:

Ես կցանկանայի, որ ծնողներն ավելի ըմբռնող և պատասխանատու լինեն, քանի որ ոչնչից ոչինչ չի լինում, ինչպես օրինակ, այգեգործը գիտի, երբ տնկի պոմիդորը, հաջորդաբար ի՞նչ գործողություններ կատարի պտուղ ստանալու համար, և այս ամենը գիտություն է: Դաստիարակության պարագայում շատ կարևոր է, որ ծնողները լինեն ֆունկցիոնալ, տարիքային ամեն մի փուլ ունի իր կարևոր առանձնահատկությունները, ինչը պահանջում է ուշադրություն և ճիշտ մոտեցում: Կարևոր է, որ ծնողներն իմանան, թե ի՞նչ է բարեկեցությունը, բարեկեցիկ ընտանիքը: Դա արդյո՞ք այն ընտանիքն է, որ ֆինանսական խնդիրներ չունի, թե՞ բարեկեցության ու բարօրության աղբյուրը մեկ ուրիշ տեղում է: Իրական, ոչ ֆինանսից կախված բարեկեցությունը, սնում է երեխայի կենսաբանական չորս ոլորտները, ինչի շնորհիվ նա սկսում է ճանաչել իրեն, ճանաչել իրեն նաև Արարչի միջոցով, ձեռք բերել մարդկանց հետ ճիշտ հարաբերվելու կարողություն, պատասխանատություն և հասակ առնել՝ հաստատուն կանգնելով ոտքի վրա, առանց որևէ մեկի ետևում թաքնվելու և ձեռք պարզելու, առանց որևէ կախվածության: Ամեն մի օր անկրկնելի է և ամեն օր կարելի է այնպիսի մի սխալ գործել, որ կարող է ճակատագրական դառնալ, ինչը հետո շատ ավելի դժվար է ուղղելը: Մեր աշխատանքը կայանում է նրան, որ ուղղենք այդ սխալները, խմբակներ հաճախող շատ ծնողներ արյունոտ արցունքները աչքերին հասկանում են իրենց դերը այն ընթացքի հետ կապված, որ հնարավոր էր կանխել: Ինչ հնարավոր է մեզանից, պետք է փորձենք կատարել: Խորապես համոզված եմ, որ շատ դասախոսությունների պետք է մասնակից լինեն նաև հղի կանայք, և նրանք պետք է գիտակցեն, որ իրենց արգանդում գտնվող պտուղն առանձին կյանք ունի, ինչը փոխկապակցված է մոր կյանքից: Եվ սաղմը լսում է առաջին իսկ ակնթարթից, նրան է փոխանցվում մոր բոլոր մտածումները, արդյո՞ք ինքը ցանկալի է, թե ոչ: Հետաքրքիր են հետևյալ ուսումնասիրությունները. պարզվել է, որ մինչ ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու ծնունդը նա համարվել է վտանգավոր իր մոր հղիության ժամանակ և արդյունքում իր երաժշտական գործերում գերակշռել է ագրեսիան, ի տարբերություն ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, որ զարգացրել է պտղի ինտելեկտը:

 

 

Կարինե Սուգիկյան

17.09.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․