19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

«Նվիրիր հույս». հավատքի գործնական վկայություն

Երբ մարդն ապրում է և գործում հավատքով , հույսով և սիրով, ապա վաղ թե ուշ ոչ միայն ինքն է վայելում սպասելի բարի պտուղները, այլև բաժնեկից է դարձնում նաև իր շուրջը գտնվողներին: Կենդանի հույսով են հաղթահարելի դառնում փորձություններն ու դժվարությունները: Այսպիսի կենդանարար և փրկարար հույսով ապրողը հույս է տալիս, հույս է նվիրում:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Նվիրիր հույս» խորագրով բարեգործական համերգ: Այն կազմակերպել էր Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը`Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Արդեն երկրորդ անգամ կազմակերպված բարեգործական համերգը նվիրված էր հատուկ խնամքի կարիք ունեցողներին, այս անգամ՝ Գևորգ Եղիազարյանին: Նա 2011թ-ին զինծառայության ժամանակ ծանր վիրավորվել էր թշնամու գնդակից:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հադիսապետությամբ «Տերունական աղոթք»-ով սկսվեց համերգային ծրագիրը: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ և երիտասարդաց միության ատենապետ Տիգրան Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ այս և նմանատիպ այլ նախաձեռնություններ կօգնեն մեր հասարակության մեջ շտկել առկա անջրպետներն ու կարծրատիպերը, սխալ և թյուր վերաբերմունքը մեզ շրջապատող հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց վերաբերյալ. «Հայաստանում, ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, 1992թ-ից առ այսօր կա հաշվառված 195925 հաշմանդամություն, այդ թվում՝ 8020-ը երեխա: Եվ հաշմանդամների բազմաթիվ խնդիրների կողքին պակաս կարևոր չեն նաև հասարակության կողմից հատուկ խնամք ունեցողների նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը: Մայր եկեղեցին դարեր շարունակ և այսօր էլ կանգնած է հասարակության այդ անդամների կողքին: Այդ մասին են վկայում Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերը համակարգող բաժնի թեմում առկա եկեղեցիներից ներս գործող ծխական համայնքների ու երիտասարդաց միությունների կատարած գործունեությունը: Համերգը ոչ միայն համեստ ֆինանսական, այլև մեր խորը համոզմամբ հոգևոր ներդրում է»:

Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնության և շնորհակալական խոսքն հղեց բարեգործական համերգի կազմակերպիչներին. «Քրիստոնեական շունչ, ոգի և առաքելություն ունեցող զգացողություն չէ միայն «Նվիրիր հույս»-ը, այլև թելադրող առաջնորդություն, հավատքի գործնական վկայություն, համաձայն այն խոսքի, թե՝ «Հավատքը մեռած է առանց գործի» (Հակոբոս 2.26)»:

Ապա Սրբազան Հայրը Աստվածաշնչյան հետևյալ խոսքի՝ «Որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք, … հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք…» հիման վրա կարևորեց նման ձեռնարկումը. «Ավետարանական այս հատվածը կարելի է կոչել «Ավետարան Ավետարանի մեջ», քանզի այն քրիստոնեական սիրո հռչակագիրն է՝ ամրագրված Քրիստոսի երեքամյա քարոզչությամբ: Հավատքից բխող ծառայություն, որ վկայում է. հավատքը մեռած չէ, այն կենարար է և փրկաբեր: Այսկերպ ուղենշեց և սովորեցրեց Հիսուս Իր աշակերտներին հավիտենական կյանքի ճանապարհը և Երկնային Հոր զավակներ դառնալու կերպը: Օրհնյալ և պտղաբեր է «Նվիրի՛ր հույս» ձեռնարկումը: Դուք՝ հույսի նվիրատուներդ, մեկ անգամ ևս նախանձախնդրորեն հանձնառու եղաք այնպիսի բարեգործական հավաքի, որը «Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս ԻԲ 39) տերունական պատգամի վկայությունն է և քրիստոնեական սիրո լրումը: Ձեր ջանասիրությամբ և բարի գործերով է կառուցվում հավատքի, հույսի և սիրո հարամնա կամուրջը, որ կապում է մեզ երկնքի հետ: Լինում են պահեր, երբ մեր կյանքը կորցնում է իր փայլը, շուրջն ամեն ինչ խավարում է, և մենք անհուսալիորեն ճնշվում ենք ու խեղճանում: Ամենուր թագավորում է անհուսությունը, և խտանում են մեր հոգու ներկապնակի գույները: Ավետարանը սովորեցնում է. այս ամենից դուրս գալու ելքը չհուսալքվելն է, քանզի «հույսը չի ամաչեցնում» (Հռոմ. Ե 5): Նա, ով ունի այս մտածումը, կարող է տոկալ և հաղթանակել: Հույսն առավել է, այն լույսին հավասարազոր է, և խավարը փախչում է նրանից: Ապրենք հավատքով, հույսով և սիրով առլեցուն մի կյանք: Սիրո կենդանարար շնչով զորակից լինենք քաղցածին, հիվանդին, օտարին, ծարավին և նեղության մեջ եղողին: Սերն է միության կապը և զորության աղբյուրը: Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը:

Եկեք աղոթենք միասնաբար, որ Աստված Իր Ամենախնամ Աջով խաղաղ պահի մեր Հայրենիքի սահմանները: Թող 2015 թվականը մեր պատմության էջերում ամրագրվի հայոց ազգի միասնականության, ոգու ամրության և հզորացման տարի: Եվ թող պտղաբերեն Հավատքի, Հույսի, Սիրո ու Բարության անդաստանները՝ ի շենություն և բարօրություն Հայրենիի և Հայոց ազգի: Ամեն»:

Երկու բաժնից բաղկացած համերգային ծրագիրը հագեցած էր հայ ազգային ոգին ու շունչը կրող ավանդական երգ ու պարով: Ելույթ ունեցան «Նուբար», «Վան», «Մասունք», «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթները, Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական աշուղական համույթը: «Այ ասինա», «Յար Յար», «Րուրի», «Դեպի Վան», «Անդրանիկին», «Անցնինք Սասուն», «Ծափիկ», «Ուրֆանե» սիրային, օրորոցային, ռազմական երգերն ու պարերը մեր ակունք-արմատներից լույս և ուրախություն էին սփռում դահլիճին: Բեմն ու դահլիճը միախառնվել էին. պարում էին և երգում ոչ միայն բեմում, այլ նաև դահլիճում:

Համերգի ավարտին Տիգրան Հարությունյանը իր շնորհակալական խոսքն հղեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայրերին՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանին և երիտասարդաց միության անդամներին: Ինչպես Տիգրանի, այնպես էլ բոլորիս փափագն է, որ այս երգն ու պարը հնչի նաև Արևմտյան Հայաստանում:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը և համայնքը, կարգախոս ունենալով աստվածաշնչյան՝ «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» (Գործք Առաքելոց 20.35) համարը, շարունակելու են իրենց աստվածահաճո և հույս բաշխող «Նվիրիր հույս» նախաձեռնությունը:

 

Կարինե Սուգիկյան

19.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․