Գրքեր

Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Ոմն եղբայր բնակվում էր Պաղեստինի գետեզերքին, որտեղ և բնակվում էր Սիլովանե երանելին: Այս եղբայրը հիմարություններ էր ցույց տալիս այլոց, որովհետև երբ հանդիպում էր որևէ մեկին, հապճեպ սկսում էր ծիծաղել և հրճվել, դրա համար էլ բոլորը խուսափում էին նրանից: Օրերից մի օր երեք հայրեր եկան հայր Սիլովանեի մոտ, և երբ աղոթեցին, ասացին հորը. «Քո աշակերտին տո՛ւր մեզ, որպեսզի մեզ տանի բոլոր եղբայրների սենյակները, որ տեսնենք նրանց»: Իսկ ծերն, ի լուր նրանց, ասաց եղբորը. «Բոլոր եղբայրների սենյակները կտանես սրանց»: Բայց ծածկաբար եղբորն ասաց. «Այն հիմար եղբորը ցույց մի՛ տուր, որ սրանք չգայթակղվեն»: Երբ շրջեցին եղբայրների սենյակները, հայրերն իրենց առաջնորդող եղբորն ասացին. «Բարի՛ եղիր ցույց տալ մեզ բոլոր եղբայրներին»: Եվ նա ասաց. «Շատ բարի, հայրե՛ր»: Այդպես էլ արեց, բոլորին ցույց տվեց, բացի հիմար եղբորից` ըստ ծերի պատվերի, և նորից եկան հայր Սիլովանեի մոտ: Եվ ծերը հարցրեց նրանց. «Տեսա՞ք բոլորին եղբայրներին»: Պատասխանեցին և ասացին. «Այո՛, հա՛յր, տեսանք և գոհանում ենք քեզանից, սակայն նեղվում ենք, քանզի ոչ բոլորին տեսանք»: Ծերը հարցրեց առաջնորդող եղբորը. «Մի՞թե բոլորին չտեսան»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ըստ քո ասածի եղավ, հա՛յր»: Եվ երբ արդեն հայրերը գնում էին, դարձյալ նույն բանն ասացին հայր Սիլովանեին. «Եղբայրներին տեսնելու համար ցնծում ենք, իսկ ում որ չտեսանք` տրտմում ենք»: Երբ նրանք գնացին, հայրն ուզեց ստուգել եղբորից, թե արդյո՞ք միայն այն հիմարին չտեսան և տրտմեցին, և իմացավ, որ նա հիմար է ձևանում: Եվ վեր կենալով հայր Սիլովանեն գնաց այն հիմար եղբոր դուռը` տեսնելու, թե ինչով է նա զբաղված: Դուռը չբախեց, այլ մտավ տուն և տեսավ եղբորը` նստած գործ անելիս. երկու զամբյուղ էր դրել` մեկը` իր աջ, իսկ մյուսը` ձախ կողմում: Երբ տեսավ ծերին, ըստ իր սովորության սկսեց ծիծաղել: Ծերն ասաց. «Թո՛ղ այդ ծիծաղը և ասա՛ ինձ քո նստելու նպատակը»: Իսկ նա շարունակում էր ծիծաղել: Հայրը նրան ասաց. «Դու գիտես, որ ես, բացի կիրակի օրվանից, խցից դուրս չեմ ելնում, և ահա շաբաթվա կեսին եկել եմ, քանի որ Աստված ինձ ուղարկեց քեզ մոտ»: Եվ երբ նա լսեց Աստծո անունը, սաստիկ վախեցավ, ընկավ նրա առաջ և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, հա՛յր, քանզի առավոտից նստում և այս խիճերը դնում եմ առջևս: Երբ բարի խորհուրդ է գալիս, մի խիճ գցում եմ աջակողմյան զամբյուղը, իսկ եթե չար խորհուրդ է գալիս, գցում եմ խիճը ձախակողմյան զամբյուղը: Այս անում եմ ամբողջ օրը, իսկ երեկոյան հաշվում եմ երկկողմյան խիճերը. եթե աջակողմյան խիճերն են ավելի լինում, հաց եմ ճաշակում, իսկ եթե ձախակողմյաններն են ավելանում, այդ օրը ոչինչ չեմ ուտում: Երբ երկրորդ օրը մտքիս ինչ­որ խորհուրդ է գալիս, ինքս ինձ ասում եմ` տե՛ս, թե ինչ ես խորհում. հավատա՛ ինձ, որ այսօր էլ չես ուտի»: Եվ երբ ծերը լսեց այդ, սքանչացավ և ասաց. «Իսկապես սուրբ էին մեզ այցի եկած հայրերը, որ սրա առաքինությունը բացահայտեցին՝ ի շահ շատերի, և ինձ մեծ ուրախություն պատճառեց այսօր նրանց` մեզ մոտ գալը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․