Գրքեր

Ողորմած լինելու մասին

Երբ մենք Ալեքսանդրիայում էինք, Պենտապոլսից, որ Կեռինի մերձակայքում է, եկավ ոմն բարեպաշտ և քրիստոսասեր մարդ` Լեոնդիոս անունով: Նա այնտեղ էր ապրում բավական ժամանակ, և քաղաքի բնակիչները նրան բերին Ալեքսանդրիայի հայրապետի մոտ և եպիսկոպոս ձեռնադրեցին: Մեզ հետ խոսելիս նա պատմեց և ասաց, թե Ալեքսանդրիայի Թեոփիլոս հայրապետի ժամանակներում Կեռինում եպիսկոպոս եղավ Սինեսիոս իմաստասերը, որը եկավ Կեռին և այնտեղ գտավ Եվագրիոս անունով ոմն իմաստասերի, որը նրան սիրելի մերձավոր դարձավ, թեև վարքով հելլենացի էր: Բայց Սինեսիոս եպիսկոպոսը նախանձախնդրություն ուներ կռապաշտների նկատմամբ, և ոչ միայն այդպես մտածում էր, այլև ձգտում էր և բազում ջանքեր էր գործադրում՝ Եվագրիոսին բերելու դեպի քրիստոնեություն, սակայն վերջինս հին սովորույթներն ընդունելու պատճառով տեղի չէր տալիս վարդապետությանը: Եպիսկոպոսը, նրա հանդեպ մեծ սեր ունենալով, չէր վիրավորում և չէր բռնադատում նրան, չէր ձանձրանում ամեն օր աղաչել և ուսուցանել, այլ ջանում էր հոժարամտությամբ նրան բերել Քրիստոսի հավատին: Եվ մի օր, երբ նրանց միջև երկարեց հարց ու պատասխանը, նա եպիսկոպոսին ասաց. «Այսպես, տե՛ր իմ եպիսկոպոս, այս ամենից հետո ուզում ես ինձ համոզել, ինչպես դուք` քրիստոնյաներդ եք ասում, թե կլինի այս աշխարհի վախճանը: Վախճանից հետո բոլոր մարդիկ այս մարմնով հարություն կառնեն և անապականություն կհագնեն և անապական կյանքի մեջ անապական կապրեն: Նույնպես և նրանք, որ մարմնով մեղքեր գործեցին` կկորչեն, և ով ողորմում է աղքատին` փոխ է տալիս Աստծուն, ով տառապանքներով այստեղ կորցնում է` երկնքում է գանձում և այդ ամենը հարյուրապատիկ ստանում է Քրիստոսի մյուս գալստյանը: Անհավատալի է ինձ այս խորհուրդը, խռովեցուցիչ և ունայն»: Իսկ եպիսկոպոսը ապացուցեց նրան, որ քրիստոնյաների հույսը ճշմարիտ է: Եվ որոշ ժամանակ անց նա մկրտվեց իր ողջ ընտանիքով և հավատաց Քրիստոսին, և մեծ ուրախություն եղավ: Մկրտվելուց հետո եպիսկոպոսին բերեց երեք կենդինար ոսկի և ասաց. «Ընդունի՛ր սա, տո՛ւր աղքատներին և ինձ քո ձեռքով գրությո՛ւն տուր, որ Քրիստոս ինձ դա կտա հանդերձյալ կյանքում»: Եպիսկոպոսն ընդունեց գանձը և տվեց աղքատներին, իսկ նրան տվեց իր ձեռքով գրված թուղթը: Մկրտությունից օրեր անց հիվանդությունից տկարանալով և իր վախճանին մոտենալով` որդիներին ասաց. «Երբ գերեզմանում ամփոփեք ինձ, այս թուղթը դրե՛ք ձեռքիս մեջ և այդպես թաղե՛ք»: Եվ մեռնելուց հետո ամփոփեցին նրան մարմինը և թուղթը տվեցին ձեռքը: Եվ վախճանվելուց երեք օր հետո երևաց եպիսկոպոսին և ասաց. «Արի՛ իմ գերեզմանը, որտեղ ամփոփված եմ, վերցրո՛ւ քո գրությունը, որովհետև լիովին փոխհատուցվեց այն, ինչ տվեցի ես քեզ: Քեզնից ոչ մի ուրիշ պահանջ չունեմ և քո հավատարմության համար քո գրության վրա իմ ձեռքով հավելագրել եմ»: Եպիսկոպոսը չգիտեր, որ իր գրությունը թաղված է նրա հետ: Առավոտյան մարդ ուղարկեց նրա որդիների մոտ և հարցրեց   նրանց. «Մի՞թե որևէ մեկի գրությունը դրել եք ձեր հոր հետ»: Նրան ասացին. «Այո՛, տե՛ր, երբ վախճանվում  էր, ինչ­որ թուղթ տվեց  մեզ  և  ասաց. «Երբ վախճանվեմ, դրե՛ք այս թուղթը ձեռքիս մեջ` բնավ առանց որևէ մեկի գիտենալու»: Այնժամ եպիսկոպոսը վերցրեց նրանց, նրանց հետ նաև կղերիկոսներին և քարակոփներին, ովքեր շինում էին իմաստասերի գերեզմանը, և գնացին գերեզման: Երբ բացեցին այն, գտան եպիսկոպոսի գրությունը մեռելի ձեռքում, որը վերցնելով բացեցին և գտան իմաստասերի ձեռքով հավելագրված այսպես. «Ես` Եվագրիոս իմաստասերս, մաղթում եմ քեզ` սրբազան եպիսկոպոս Սինեսիոսիդ, ուրախ լինել: Ստացա իմ պարտքը և հատուցվեցի, ոչինչ չունեմ քո հանդեպ` ոսկու հետ կապված, որ տվեցի քեզ՝ զորությամբ մեր ճշմարիտ Քրիստոս Աստծո, որ անբավ սքանչելի է»: Եվ երբ բոլորը տեսան այս գրությունը, հույժ զարմացան կատարված հրաշքի վրա վրա և արտասուքներով փառավորեցին Աստծուն: Այն թուղթը մինչ այսօր Կեռինեի սուրբ եկեղեցու գանձատանն է և եկեղեցու այլ սպասքերի հետ ավանդվում է նրանց, ովքեր եկեղեցու սպասավորությունն են ժառանգում հաջորդաբար՝ ի փառս Քրիստոսի:

 

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․