Գրքեր

Ողորմած լինելու մասին

Հովհան սրբասեր հայրապետի մասին ասում էին, թե նրա ողորմածությունը այնքա՜ն մեծ էր, որ մարդկային բնությունից վեր էր: Իսկ երբ լսում էր ողորմած մեկի մասին, կանչում էր իր մոտ և հարցնում. «Հանուն Աստծո` ինչպե՞ս դարձար ողորմած` բնությունի՞ց, թե՞ հնարամտությունից: Որովհետև,– ասում էր երանելին,– վարձքը մեծ չէ նրա, ով բնությամբ է ողորմած, լռակյաց, զգաստ կամ սակավապետ, քանզի դա Աստծո պարգևն է, ինչպես և՝ ամեն ինչ: Սակայն ովքեր ճնշում են իրենց սիրտը և կամքը և բռնությամբ են առաքինություն գործում, սրանց է վերաբերում Տիրոջ խոսքը, թե. «Բռնությամբ են հափշտակում երկնքի Արքայությունը (Մատթ. ԺԱ, 12)»: Եվ երբ հարցնում էր, ոմանք պատկառանքով թաքցնում էին, ոմանք էլ՝ պատասխանում: Մի անգամ երբ մեկին հարցրեց սրա մասին, նա ասաց. «Հավատա՛, տե՛ր, ոչ մեկին էլ ոչինչ չեմ տալիս և ոչ մի բարի բան չեմ անում, սակայն այդ ոչինչը, որ տալիս եմ, որը Աստծո և ձեր աղոթքների պարգևն է, այսպես սովորեցի տալ. առաջ խիստ անգութ և անկարեկից էի, սակայն հետագայում զրկվելով ունեցվածքից` սաստիկ նեղություններ կրեցի, և իմ խորհուրդներն ինձ ասացին. «Արդարև, եթե ողորմած լինեիր, Աստված չէր թողնի քեզ»: Եվ անձիս մեջ խորհելով` օրական հինգ լումա տալիս էի աղքատներին, և երբ գալիս էր տալու պահը` սատանան արգելում էր ինձ` ասելով. «Ո ՜վ տառապյալ, այդ հինգ լուման իրոք բավական էր՝ տան համար բանջարեղեն գնելու կամ բաղնիք գնալու համար»: Եվ հետո կարծես զավակներիս բերանից էի կտրում` ինչ որ տալիս էի որևէ մեկին: Երբ տեսա, որ հաղթվում եմ այդ ախտից, իմ որդուն ասացի՝ գաղտնի գողացիր ինձնից հինգ լումա և ողորմություն տուր, քանզի լումայափոխներ էինք: Իսկ նա ավելի քան բարություն արեց. սկսեց տասը­տասը գողանալ, ժամանակ էր լինում` նույնիսկ դահեկանի կեսը: Եվ երբ տեսա, որ օրհնվում ենք, սկսեց դահեկանի երեք մասը գողանալ և տալ: Իսկ ես, զարմանալով Աստծո օրհնությունների վրա, ասացի նրան. «Արդարև, որդյա՛կ, հույժ օգտակար եղան այն հինգ լումաները, սակայն այսուհետև տասը­տասը տո՛ւր»: Իսկ երիտասարդը ժպտալով ասաց  ինձ. «Գնա՛ և աղոթի՛ր իմ գողությունների համար, այլապես` այսօր հաց չէինք ունենա ուտելու: Եթե արդար գող կա, առաջինը ե՛ս եմ, որովհետև կես դահեկան և երրորդ մասը դահեկանի գողանում և տալիս էի կարոտյալներին»: Եվ նրա հավատից ոգեշնչված՝ ես ևս սովորեցի տալ ամբողջ հոգով»: Իսկ հայրապետը զարմանքով ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, հայրերի բազում գրություններ եմ ընթերցել, սակայն նման դեպքի չեմ հանդիպել»: Եվ օրհնելով նրան` արձակեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․