Գրքեր

Ողորմածության մասին

Անապատականներից մեկը պատմեց մի մեծահարուստ մարդու մասին, թե ծանր հիվանդացավ և մահվանից վախենալով` իր հարստությունից աղքատներին բաժին հանեց երեսուն լիտր դահեկան, և երբ առողջացավ, ափսոսում էր իր գանձի համար: Եվ իր մտերիմներից մեկին ասաց. «Զղջացի, որ իմ գանձը բաժանեցի աղքատներին»: Եվ մտերիմն ասաց. «Ընդհակառակը, խնդա՛ և գոհացի՛ր  Աստծուց,  որ ընդունեց քո ողորմությունը և առողջացրեց քեզ»: Իսկ նա ասաց.«Իմ մահը դեռ չէր հասել, իզուր կորցրի երեսուն լիտր դահեկանը»: Մտերիմը նրան ասաց. «Ե՛կ միասին գնանք եկեղեցի և Աստծո առաջ ասա՛, թե ես չեմ նա, ով ողորմություն արեց, այլ սա էր: Աստծո առաջ ձեռքով ինձ ցո՛ւյց տուր և ինձնի՛ց  վերցրու երեսուն լիտր դահեկանը»: Եվ նա ուրախությամբ հանձն առավ, իսկ մտերիմը, վերցնելով երեսուն լիտր դահեկանը, միասին գնացին եկեղեցի: Անմիտ մեծատունը, մտերիմի ձեռքից բռնած, աչքերը բարձրացրեց դեպ երկինք՝ առ Աստված, և ասաց. «Ես չեմ, որ ողորմություն արեց, այլ՝ իմ այս մտերիմը» և ասաց անունը: Եվ երբ վերցրեց գանձը և դուրս ելան եկեղեցուց, ընկավ և մեռավ մեծահարուստը: Եվ ովքեր այնտեղ ներկա էին, ասացին. «Վերցրո՛ւ քո գանձը, որովհետև որպես ողորմություն շահեցիր այն»: Իսկ նա ասաց. «Քավ լիցի, թե ես նման բան անեմ. ես այն Աստծուն տվեցի, այլևս հետ չեմ վերցնի»: Եվ հենց տեղում պատվիրեց, և ամբողջը բաշխեցին աղքատներին, և խիստ գովեցին բոլոր հայրերը և օրհնեցին նրան, որ գնեց ողորմությունը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․