Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մի մեծն ծեր՝ Հովհաննես անունով, այսպիսի մի դեպք պատմեց. «Ժամանակներ առաջ մի երիտասարդ եկավ ինձ մոտ և ինձ ասաց. «Հանուն Աստծո, ընդունի՛ր ինձ, քանզի կամենում եմ ապաշխարել». և այս ասում էր մեծամեծ հառաչանքներով: Իսկ ես, երբ տեսա նրան այդպես տրտմած, թախանձելով ասացի նրան. «Ինչո՞ւ եկար այսպիսի զղջման, ասա՛ ինձ պատճառը, և Աստված կարող է օգնել քեզ»: Նա ինձ ասաց. «Արդարև, տե՛ր իմ, սաստիկ մեղավոր եմ»: Ես դարձյալ ասացի նրան. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, որքան շատ և բազմապիսի են մեղքերը, նույնքան շատ և բազմապիսի են նաև բժշկություննե­րը. սակայն եթե ուզում ես բժշկվել, ճշմարտապես ասա՛ ինձ քո բոլոր գործերը, և նրանց պատշաճող դեղերը կկիրառենք, քանզի այլ կերպ է բժշկվում պոռնիկը, այլ կերպ` մահապարտը, ուրիշ կերպ` կախար­դը, այլ կերպ` զրպարտողը, այլ է ագահի բժշկումը, այլ է ոխակալինը, այլ է գողինը և այլ՝ շնացողինը: Բոլոր ախտերը չէ, որ քո մեջ կան: Ինչպես մարմնական հիվանդություններն են տարբեր` իրենց համա­պատասխան դեղամիջոցներով, նույնպես և հոգևոր ախտերը, տարբեր լինելով, տարբեր բժշկություններ ունեն»: Իսկ նա, հոգոց հանելով, կուրծքը ծեծելով, մեծ խռովքից հառաչանքներն ու արտասուքները խառնած սրտի մեջ` չէր կարողանում պարզորոշ խոսել: Երբ տեսա, որ նա այսպիսի ծանր ու անտանելի տրտմության մեջ է և չի կարո­ղանում իր գործած չար գործերը հստակորեն պատմել, նրան ասացի. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, փոքր­ինչ հավաքի՛ր մտքերդ և պատմի՛ր եղածը, և Քրիստոս կպարգևի քեզ իր օգնությունը, քանզի հանուն Իր անճառ մարդասիրության և անչափ գթության, ամեն ինչ կրեց, և մաքսա­վորներին խոնարհաբար հաղորդակից եղավ, և պոռնիկից չխորշեց, և ավազակին ընդունեց, և մեղավորներին սիրելի եղավ. Նա Ինքը նաև քեզ կընդունի, որդյա՛կ, ապաշխարությունից նվաղած և առ Նա դար­ձած անձդ, քանզի մեղավորի մահը չի ցանկանում, այլ նրա դարձն ու կենդանությունը»: Այնժամ, փոքր­ինչ հավաքելով իրեն և ար­տասուքները զսպելով, ասաց. «Տե՛ր աբբա, ամեն տեսակի մեղքե­րով լցվածս, երկնքին ու երկրին անարժանս, երկու օր առաջ լսեցի, որ Անտիոք քաղաքի նախարարներից մեկի դուստրը կուսության մեջ վախճանվեց և պատվական ու մեծագին հանդերձներով թաղվեց քա­ղաքից դուրս գտնվող գերեզմանում: Այս լսելով` իմ ոճրագործ սո­վորությամբ գիշերով գնացի գերեզման և մտնելով այնտեղ՝ սկսեցի մերկացնել նրան: Երբ բոլոր հանդերձները, մինչև իսկ ներքնաշապիկը հանեցի, որով ծածկված էր նրա մերկությունը, և թողեցի մերկ` ինչ­ պես ծնվել էր, և կամեցա ելնել գերեզմանից, մեռելը կանգնեց իմ առջև և ձախ ձեռքը մեկնելով՝ բռնեց իմ աջ ձեռքից և ինձ ասաց. «Ո ՜վ դու մարդ, ինչի՞ համար էր պետք այսպես մերկացնել ինձ, ինչպե՞ս չվա­խեցար Աստծուց, ինչպե՞ս անգիտացար դատաստանի հատուցման սպառնալիքը, ինչպե՞ս գթասիրություն չընկավ քո սրտի մեջ մեռյա­լիս հանդեպ, ոչ էլ մարդկային բնությունից պատկառեցիր, այլ՝ քրիս­տոնյա լինելով հանդերձ՝ այսպես մերկ թողեցիր ինձ Քրիստոսի առաջ և ոչ էլ կանացի բնությունից ամաչեցիր: Մի՞թե այդ նույն բնությունը չծնեց քեզ. արդյոք ինձանով չանարգեցի՞ր քո մորը և ի՞նչ պատաս­խան պիտի տաս ինձ համար Քրիստոսի ահեղ ատյանի առաջ, թշվա՛ռ մարդ. իմ կենդանության օրոք իսկ մարդ չէր տեսել երեսս, իսկ ետ­ մահու դու ինձ մերկացրիր և իմ մարմիը տեսար: Վա՜յ մարդկանց, որքա՜ն տառապանք տեսա: Ի՞նչ սրտով, ո՛վ մարդ, կամ ո՞ր ձեռքով վերցնելով պիտի հաղորդվես սուրբ և պատվական Մարմնին ու Արյա­նը մեր Տեր Հիսուս Քրիստոսի»: Իսկ ես, լսելով այս խոսքերը, զար­հուրեցի և իսպառ պապանձվեցի: Հետո հազիվհազ ահով ու դողով ասացի նրան. «Արձակի՛ր ինձ, և այլևս նման բան չեմ անի»: Նա ինձ ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. ինչպես կամեցար` այնպես մտար այստեղ, բայց ինչպես կամենում ես` այնպես դուրս չես գա այստե­ղից, այլ իմ գերեզմանն ընդհանուր կլինի ինձ և քեզ համար, սակայն մի՛ կարծիր, թե հենց այս պահին կմեռնես, այլ՝ երկար օրեր տանջվե­լով, քիչ առ քիչ, չարից չարչարվելով` դառնապես պետք է ավանդես հոգիդ»: Իսկ ես աղաչեցի արտասուքներով` արձակել ինձ, բազում անգամ երդվելով ամենակալ Աստծով, որ այլևս այս անօրեն գործն ու ոճիրը չեմ գործի: Այնժամ իմ բազում աղաչանքներից ու արտասուք­ներից հետո պատասխանեց և ասաց ինձ. «Եթե կամենում ես ապրել և այս նեղությունից փրկվել, ինձ խոստացի՛ր, որ եթե արձակեմ քեզ, ոչ միայն այսպիսի պիղծ և գարշելի գործերից կհրաժարվես, այլև հենց իսկ այս ժամին կգնաս, կհրաժարվես աշխարհից, մենակյաց կդառնաս, կապաշխարես այս գործածիդ համար և կծառայես Քրիստոսին»: Իսկ ես երդվեցի նրան` ասելով. «Աստծով եմ երդվում, որ ընդունելու է իմ հոգին, ոչ միայն այն կանեմ, ինչ դու ասացիր, այլև այսօրվանից իմ տուն այլևս չեմ վերադառնա, այլ առանց հապաղելու վանք կգնամ»: Այնժամ աղջիկն ինձ ասաց. «Հագցրո՛ւ ինձ` ինչպես որ տեսար»: Երբ հագցրի նրան, այնժամ բազմելով` անմիջապես ննջեց, իսկ ես, ահա՛, եկա քեզ մոտ. ապրեցրո՛ւ ինձ` ինչպես կամենաս»: Այս լսելով երի­տասարդից և մխիթարելով նրան ապաշխարության խոսքով` ժուժկա­լությամբ կրթեցի նրան և դարձրի մենակյաց, տեղավորեցի լեռան մի այրում, որ քաղաքի մյուս կողմում է, մեծապես գոհանալով Աստծուց և ջանալով նրա հոգու փրկության համար»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․