Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ալեքսանդրիայի Անտեոնում բնակվող սաստիկ ժուժկալ մի եղ­բայր մեծ մեղքի մեջ ընկավ, և այդ տրտմությունից դևերը նրան վհա­տության մեջ գցեցին: Եվ երբ հասկացավ, որ ինքը տրտմությունից պարտվել է, իբրև իր անձի հմուտ բժիշկ՝ բարի հույս տվեց իրեն և ասաց. «Հավատում եմ Աստծո գթառատությանը, որ ինձ ողորմություն կանի»: Երբ այս ասաց, դևերը նրան հարցրին. «Որտեղի՞ց է հայտնի, թե քեզ ողորմություն կանի»: Եվ նա նրանց ասաց. «Իսկ դուք ո՞վ եք, և ձեր ի՞նչ գործն է` ողորմություն կանի, թե չի անի: Դուք գլխովին գեհենի և կորստյան որդիներ եք, իսկ եթե Աստված բարի է, ձեր ի՞նչ գործն է»: Եվ այսպես ամոթահար լինելով` դևերը հեռացան: Մեկ այլ ժամի հայտնվեց բանսարկուն և նրան ասաց. «Ասեմ քեզ, ծե՛ր, դու քրիստոնյա չես»: Ծերը նրան ասաց. «Ինչ էլ որ կամ` համենայն դեպս քեզնից բավականին լավն եմ»: Սատանան նրան ասաց. «Ասում եմ քեզ, որ դատաստանի ես գնալու»: Ծերը նրան ասաց. «Դու ո՛չ իմ դատավորն ես, ո՛չ էլ իմ Աստվածը»: Երբ լսեց այս ամենը, խարդա­խության դևը փախավ նրանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․