Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Կյուրակոս անունով ոմն մենակյաց եղբայր, որ Ալեքսանդրիա քաղաքից էր, մի քույր ուներ՝ Պարասկևա անունով: Երբ մեռան նրանց ծնողները, Կյուրակոսը ցանկացավ կրոնավորական վարքով ապրել և, թողնելով հայրական ողջ ունեցվածքն ու քրոջը, գնաց Սկյութիայի անապատը` մեծն Դանիելի մոտ, և ճգնավորական վարքով կրոնավո­րեց ու հաճո եղավ իր կրոնավորական վարքով, և կատարյալ սեր ու­ներ առ Աստված: Իսկ նրա քույր Պարասկևան, որ գեղեցիկ էր տես­քով, խաբվեց բանսարկուից և իր անձը տվեց պոռնկության գործին և անառակ վարքով բազում հոգիներ էր կորստյան մատնում: Նրա եղ­բայր Կյուրակոսը, լսելով այս ամենը, շատ տրտմեց իր քրոջ կորստյան համար և ուրացավ նրան` նրա անառակ ընթացքի համար: Մոտ մեկ տարի անց, լսելով այս, Մեծն Դանիելն ու անապատի այլ ծերեր խիստ մեղադրեցին Կյուրակոսին, թե` «Ինչպե՞ս թողեցիր քո քրոջն անտեր ու տվեցիր սատանային` կորստյան մատնելու նրան»: Լսելով այս հան­դիմանությունները` Կյուրակոսը սուգ անելով հառաչում էր իր քույր Պարասկևայի կորստյան համար: Այնժամ ծերերը նրան ասացին. «Եղ­բա՛յր Կյուրակոս, հարկ է քեզ անձամբ գնալ փնտրելու այն կորսվա­ծին և դուրս բերել մոլորված ոչխարին սատանայական գործերից»: Այնժամ Կյուրակոսը, ծերերի հրահանգով ու աղոթքներով, վեր կացավ գնաց Ալեքսանդրիա, հարցրեց ու որոնեց իր քույր Պարասկևայի տու­նը, և ի վերջո գտավ այն: Կանգնել­ մնացել էր մենակյացը պոռնկանո­ցի դռանը` ամոթալի պատկառանքով, իսկ քույրը ներսում ուրախա­նում էր բազում տղամարդկանց հետ՝ գինարբուքով, երգ ու պարով: Կյուրակոսը, լսելով ներսից եկող ձայները, արտասվալից ողբով դեպի երկինք էր նայում և աղաչում Աստծուն` օգնել կորուսյալ հոգուն: Ապա մի պատանու ուղարկեց ներս` իր քրոջ մոտ` ասելու, թե` քո եղ­բայր Կյուրակոսը դրսում՝ դռան մոտ է և քեզ է կանչում: Պարաս­կևան, որ գլխաբաց և բոկոտն՝ անառակաբար պարում էր և խաղում մեղսասեր երիտասարդների հետ, երբ լսեց իր եղբոր մասին, սաստիկ ուրախացավ և դուրս վազելով՝ ողջունեց եղբորն ու իր երեսի վրա երկրպագեց նրան: Կյուրակոսը, տեսնելով նրան այդպիսի տեսքով, արտասվելով բարձրացրեց ձեռքերն առ Աստված և ողբալով ասաց. «Ո ՜վ քույր իմ Պարասկևա, այս ինչպե՞ս եմ տեսնում քեզ, որ և՛ Աստ­ծուն արհամարհեցիր, և՛ հոգիդ անարգեցիր. ահա դու կորար և քեզ հետ շատերին կորցրիր: Վա՜յ ինձ, քո՛ւյր իմ, որ այսպես եմ տեսնում քեզ, ինձ համար լավ էր, որ քո առջև մեռած լինեի: Վա՜յ ինձ, քո՛ւյր իմ, որ նայում եմ քեզ և տեսնում եմ` հավիտենական կորուստն ես բարձել անձիդ»: Իսկ Պարասկևան, երբ լսեց այս, կուրծքը ծեծելով ըն­կավ նրա ոտքերը և ողբալով ասաց. «Վա՜յ ինձ` թշվառականիս, վա՜յ ինձ, որ իսպառ կորա և մեղքով անցկացրի իմ կյանքի օրերը: Աղաչում եմ քեզ, հա՛յր իմ՝ ըստ հոգու և եղբա՝յր՝ ըստ մարմնի, եթե գիտես, որ Աստված կընդունի ինձ և գթությամբ կտեսնի պոռնիկի զղջումն ու անառակ կնոջ ապաշխարությունը, մի՛ թողնիր ինձ այստեղ, աղաչում եմ քեզ, տե՛ր իմ և հա՛յր իմ: Լսող կլինեմ և կհնազանդվեմ քո հրա­մաններին և ամբողջ սրտով ու կամքով կծառայեմ Տիրոջը»: Երբ Կյու­րակոսը լսեց այս խոսքերը, սաստիկ ուրախացավ և նրան ասաց. «Մտի՛ր քո տունը, ծածկի՛ր քո գլուխը, հագի՛ր կոշիկներդ, քանզի ճանապարհը երկար է, խիստ քարքարոտ և լեռան խորշակն էլ սաստիկ է, մինչև որ տանեմ քեզ և կուսանաց վանքը մտցնեմ»: Այնժամ աղջի­կը նրան ասաց. «Կենդանի է Տեր Աստվածն իմ, որ ինչպես գլխաբաց ու բոկոտն դուրս ելա քեզ մոտ, այդպես էլ կգամ քո ետևից: Իմ տուն չեմ մտնի և ոչինչ չեմ վերցնի այն սատանայական իրեղեններից. ե՛կ գնանք, եղբա՛յր, ինչպես որ կամ` գլխաբաց ու բոկոտն: Ինձ համար, եղբա՛յր իմ, լավ է մերկ գալ քո հետևից, քան ետ դառնալ և մտնել իմ կորստյան տունը»: Կյուրակոսն առավել մեծ խնդություն և ուրախու­ թյուն ապրեց քրոջ այս խոսքերից` գոհանալով Աստծուց, որ լուսավո­րեց նրա խավարած սիրտը: Եվ ճանապարհ ընկնելով՝ գնացին դեպի լեռը և մտան ներքին անապատը, որպեսզի գնան տոնիտացիների վանք: Ճանապարհին Պարասկևան հարցրեց իր եղբորը. «Ո ՜վ հա՛յր իմ և եղբա՛յր, ասա՛ ինձ` կա՞ ինձ ողորմության հույս առ Աստված, թե՞ ոչ»: Եվ Կյուրակոսն իր քրոջն ասաց. «Այո՛, կա՛, և անգամ` մեծ հույս, և ոչ միայն քեզ, այլև բոլոր մեղավորներին, ովքեր ապաշխա­րությամբ դառնում են դեպի Քրիստոս: Քանզի Քրիստոս ավետիս բերեց մեզ իր երկնային Հորից և այսպես ավետարանեց ու ասաց. «Չե­կա արդարներին կանչելու, այլ մեղավորներին` ապաշխարության» (Մատթ. Թ 13, Մարկ. Բ 17, Ղուկ. Ե 32): Դարձյալ ավետարանեց և ասաց. «Մե­ ղավորի մահը չեմ կամենում, այլ չար ճանապարհից դառնալը և ապ­րելը»: Դարձյալ հաստատում է մեղավորներին իրենց կյանքի հույսի մեջ և ասում. «Ուրախություն կլինի երկնքում՝ Աստծո հրեշտակների մեջ, մի մեղավորի համար, որը կապաշխարի իր մեղքերը» (Ղուկ. ԺԵ 10): Եվ մեղքով կորսվածներին նկատի ունենալով՝ ասաց. «Եթե մեկը հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, մի՞թե չի թողնի ինսունիննը անապատում և չի գնա փնտրելու մոլորվածին, մինչև որ գտնի: Իսկ երբ գտնի, իր ուսերի վրա կառնի նրան և կտանի կխառնի իր հոտին» (Ղուկ. ԺԵ 4-7): Այսպես և Քրիստոս բոլոր մեղավորներին, որ դառնում են դեպի Իրեն, իր ուսերի վրա կառնի և կտանի­կխառնի երկնքի հրեշտակներին»: Լսում էր այս ամենը Պարասկևան և արտա­ սուքներով դիմելով ու հառաչանքներով աղաչելով՝ ապավինում էր ողորմաբաշխ Քրիստոսին: Եվ Կյուրակոսը, տեսնելով իր քրոջ ապաշ­ խարությունը, սրտի խորքից աղաչում էր Աստծուն՝ ընդունել նրա ապաշխարությունը: Իսկ Պարասկևան գնում էր գլխաբաց և երկու ձեռքը կապած գլխավերևում: Եվ մինչ գնում էին անապատի խորդու­ բորդ ու դժվարին ճանապարհով` ճաքճքվեցին նրա ոտքերի ներբաննե­ րը, և արյուն էր սաստիկ հորդում նրա մարմնից, արտասուքների վտակներ էր հոսեցնում անդադար և հառաչում առ Աստված՝ հիշելով իր մեղքերը, իսկ գլուխն ու դեմքը տոթից ու կիզիչ արևից խորշակա­ հարվել և ինչպես հրից` վառվել էին: Ապա սկսեց բռունցքներով ծեծել իր կուրծքը, որը և կապտելով ուռեց և պատռվեց. արյունը հոսելով լցվում էր ծոցը և հանդերձներին, լաց էր լինում և ասում հառաչելով. «Ընդունի՛ր, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, իմ ապաշխարությունը, ինչպես ընդունեցիր պոռնիկ կնոջ ապաշխարությունը»: Եվ մինչ գնում էին, նրա եղբայրը տեսավ, որ այլ կրոնավոր անապատական եղբայրներ էին գալիս անապատի ճանապարհով, իր քրոջն ասաց. «Շեղվի՛ր ճանա­պարհից մի փոքր և թաքնվի՛ր, մինչև նրանք անցնեն, որպեսզի չգայ­ թակղվեն, քանզի չգիտեն, որ դու իմ քույրն ես»: Պարասկևան դուրս եկավ ճանապարհից և թաքնվեց: Իսկ երբ անապատականներն անցան, Կյուրակոսը գնաց կանչելու քրոջը և տեսավ, որ նա մեռած է: Հառա­չելով հոգոց հանեց և ասաց. «Վա՜յ ինձ` մեղավորիս, որ արժանի չեղա իմ տառապյալ քրոջ հոգին ապրեցնելու»: Ապա գերեզմանափոս փո­րեց, սաղմոսներով ու օրհնաբանություններով թաղեց նրան և մեծ տանջանքներից ու տրտմությունից հոգնաբեկ՝ ննջեց նրա գերեզմանի վրա: Եվ երազում զարմանալի տեսիլք տեսավ: Տեսավ, որ Տերը նստած էր բարձր աթոռի վրա, իսկ Նրա շուրջը հրեշտակների բազմությունն էր, Քրիստոսի առջև Պարասկևան` պատառոտուն հանդերձներով և գլխիկոր: Եվ Տերն ասաց. «Բերե՛ք այդ պոռնիկ կնոջ բոլոր գործերն իմ առջև»: Եկան սևադեմ մարդիկ և բերին գրված մատյաններ, բացեցին նրա առջև և ընթերցեցին նրա բոլոր մեղսագործությունները: Այնու­հետև եկան երկու լուսավոր այրեր և Տիրոջը մատուցեցին շիշ` լցված արյամբ և արտասուքներով, և ընթերցեցին մի փոքրիկ մագաղաթ, թե ինչպես նա լսող և հնազանդ եղավ իր եղբորը, ինչպես բաց գլխով և բոկոտն գնաց անապատի դժվարին ու քարքարոտ ճանապարհով, ինչ­ պես կոծելով ծեծեց իր կուրծքը, մինչև որ իսպառ վիրավորեց մարմի­ նը: Այնժամ այն սևադեմ մարդիկ ասացին. «Ահա այսքան ժամանակ մեզ հետ էր և մեզ հաճելին էր կատարում, և այս մատյանների բոլոր էջերը լցրին նրա հանցանքները, մինչդեռ երեկվա մեկ օրվա համար կամենում եք նրան խլե՞լ մեզանից»: Եվ Տերն ասաց. «Բերե՛ք կշեռքը», և բերին: Եվ սևերը, որպես քթոցից, թափում էին կնոջ մեղքերը մատ­յանից և լցնում կշեռքի մի նժարի վրա: Նույնպես և լուսավորները դրեցին շիշը մյուս նժարի վրա, և այս նժարը ծանրորեն վայր իջավ և բարձրացրեց չարալից նժարը. բոլոր չարիքները ցրվեցին ծխի նման և փոշու պես անհետացան: Այդ ժամանակ անուշահոտություն բուրեց, և հրեշտակները մոտենալով՝ խլեցին Պարասկևային թշնամիների ձեռքից, որոնք կամենում էին նրան տանել դեպի տանջանքների վայր, և բերե­լով կանգնեցրին նրան Քրիստոսի առջև: Տերը հրամայեց հանել նրա վրայից հին, աղտեղի ու պատառոտված հանդերձները: Նրան հագցրին բեհեզ և ծիրանի, նրա գլխին պսակ դրին, և լուսավորները վերցնելով նրան՝ թռան­բարձրացան երկինք: Զարթնեց Կյուրակոսը քնից և սաս­տիկ ուրախացավ տեսիլքից: Գնալով պատմեց այն Մեծն Դանիելին ու Սկյութիայի մյուս սուրբ հայրերին, և բոլորը փառավորեցին Աստծուն: Եվ երանուհի Պարասկևային գրառեցին տախտակի վրա՝ կրոնավորնե­րի ու սուրբ կանանց հիշատակների շարքում՝ մարտի քսանութին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․