Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մի անգամ Եգիպտոսի մի գյուղով անցնում էր հայր Սրապիոնը և այնտեղ մի պոռնիկ կնոջ տեսավ: Ծերը նրան ասաց. «Սպասի՛ր ինձ այս երեկո քեզ մոտ»: Պոռնիկն ասաց. «Շատ լավ, հա՛յր»: Պատրաստվեց, հարդարեց անկողինը և սպասեց, որ ծերը նվերներով գա: Երբ երեկո եղավ, ծերը եկավ` ոչինչ չունենալով իր հետ, և ներս մտնելով` ասաց. «Պատրաստեցի՞ր անկողինը»: Նա ասաց. «Այո՛, հա՛յր», և դռները փակեցին: Հայր Սրապիոնն ասաց կնոջը. «Սպասի՛ր մի փոքր, որովհետև պաշտամունք ունենք կատարելու. նախ ա՛յն կատարենք»: Եվ ծերն սկսեց իր պաշտամունքը սաղմոսներից, և սաղմոսները ընդմիջում էր աղոթքներով` պաղատելով Քրիստոսին այդ կնոջ համար, որ ապաշխարի և փրկվի: Եվ Աստված լսեց նրան: Կինը կանգնած էր ծերի մոտ և դողալով աղոթում էր: Եվ երբ ծերն ավարտեց սաղմոսները, կինն ընկավ գետնին: Իսկ ծերը սկսեց բազում ժամեր քարոզել նրան առաքյալից և այդպես ավարտեց աղոթքը: Կինը հասկացավ, որ նա ոչ թե մեղանչելու համար էր եկել իր մոտ, այլ` իր հոգին փրկելու: Արտասուքներով ընկավ նրա առջև` ասելով. «Ո ՜վ սուրբ հա՛յր, տա՛ր ինձ այնտեղ, որտեղ, քո գիտենալով, կարող եմ փրկվել»: Այնժամ ծերը տարավ նրան մի կուսանաց վանք, հանձնեց նրան վանամորը և ասաց. «Մա՛յր, վերցրո՛ւ այս քրոջը, բայց պատվիրաններ և լուծ մի՛ դիր նրա վրա, ինչպես մյուս քույրերին, այլ՝ ինչ ինքը կուզի` այն կտաս նրան»: Եվ այնտեղ մի փոքր մնալուց հետո, կինն ասաց. «Ես մեղավոր եմ և կամենում եմ ուշ­ուշ ճաշակել»: Մի քանի օր անց ասաց. «Ես բազմամեղ եմ և չորս օրը մեկ եմ կամենում ճաշակել». և այդպես արեց:  Մի քանի օր անց աղաչեց վանամորը և ասաց. «Քանի որ իմ գործերով բազում անգամ բարկացրի Աստծուն, բարի՛ եղիր ինձ գցել մի խրճիթ և փակել բոլոր կողմերից և պատուհանից կտաս ինձ մի փոքր հաց և ձեռագործ»: Վանամայրը լսեց նրան և այդպես արեց: Եվ այսպես հաճո եղավ Աստծուն իր կյանքով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․