13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մովսեսը մեծահարուստ հնդիկ էր, ով բաղձաց մենակեցության և իր ողջ ունեցվածքը տվեց վանքերին, իսկ ինքը գնաց հայր Մակա­րիոսի և հայր Իսիդորոսի մոտ: Երեք տարի անց նրան սկսեցին նեղել պոռնկության խորհուրդները, և նա գալով Երանելի Մակարիոսի մոտ` պատմեց իրողությունը: Երանելին նրան ասաց. «Չգիտե՞ս, որ եթե ծառի արմատը դալար և կենդանի է` պտուղը չի չորանա, և շունը, որ սովոր է դառնում խոհանոցին, առանց ծեծի չի հեռանա: Ուրեմն, դու քեզ դի՛ր պահքերի և աղոթքների մեջ, և կտեսնես, թե ինչ կլինի»: Եվ Մովսեսը մտավ պահքի մեջ, այն էլ այնպիսի, որպիսին ոչ ոք չէր պա­հել թե՛ մինչ այդ, թե՛ դրանից հետո: Աբբա Մակարիոսն ասաց. «Եղ­բա՛յր Մովսես, ամեն բան իր չափն ունի. մի քիչ կերակուր վերցրո՛ւ» (որովհետև օրական արմավի յոթ կորիզ էր թրջում և այդ էր միայն ուտում): Եվ նա լեռանը վանք շինեց, որը Եգիպտոսի և Հնդկաստանի միջև է գտնվում, և իր վանքում ժողովեց հարյուր յոթանասուն հոգու: Այնտեղ էր նաև Սկյութիայի Պողոս մենակյաց ճգնավորը, որը ձեռա­գործ չէր անում և ոչ ոքից ոչինչ չէր խնդրում, այլ օրվա իր հացը իր ձեռքով էր պատրաստում և իր համար օրական հինգ հարյուր աղոթ­քի կարգ էր սահմանել: Եվ մի օր նա գնաց հայր Մակարիոսի մոտ և ասաց. «Հա՛յր, իմ խորհուրդն ինձ նեղում է, որովհետև մի կույս կա գյուղում` քառասուն տարի ինքն իրեն արգելափակած, և շատերը նրա մասին պատմեցին ինձ, թե իր կյանքի ողջ ընթացքում շաբաթը մեկ անգամ է ճաշակում և օրական հազար աղոթք է անում: Ես ևս ցանկանում եմ այդպես անել, սակայն այդպիսի կարգ չկա, որ կնոջից սովորենք»: Եվ Մակարիոսն ասաց. «Պողո՛ս եղբայր, վաթսուն տարի է, որ ես կարգ եմ դարձրել ինձ համար օրական հարյուր աղոթքը, օրվա կերակուրն իմ ձեռքով եմ պատրաստում, եղբայրներին եմ սպասավո­րում, և իմ խորհուրդներն ինձ դատապարտում են, իսկ դու ասում ես` հինգ հարյուր. մի՞թե դա քիչ է»: Եվ Պողոս եղբայրը հանդարտվեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․