Գրքեր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Հայր Հովհաննես Կարճահասակի մասին հետևյալ պատմությու­ նը պատմեցին: Մի մանկամարդ աղջկա ծնողները վախճանվեցին, և նա որբ մնաց, իսկ նրա տունը Սկիտեի հայրերի իջևանատունը դարձավ: Որոշ ժամանակ աղջիկը հանդարտությամբ ապրում էր տանը և սպա­սարկում իջևանած եղբայրներին: Որոշ ժամանակ հետո աղջիկն սկսեց աղքատանալ, և նրան սկսեցին չար մարդիկ այցելել, տունը դարձավ պոռնկանոց, և ինքն էլ դարձավ պոռնիկ: Սկիտեի հայրերը, լսելով այս, խիստ տրտմեցին և հայր Հովհաննես Կարճահասակին ասացին. «Լսե՞լ ես, որ այն մեր քույրը բարի ընթացք չի բռնել. նա որքան կարող էր` իր սերը ցույց տվեց մեր նկատմամբ, հիմա էլ մե՛նք նրա հանդեպ մեր սերը ցույց տանք և մեր կարողության չափով օգնենք նրան: Այժմ դու նեղություն քաշի՛ր և գնա՛ նրա մոտ և քո իմաստու­թյամբ, որ ունես Աստծուց, հորդորի՛ր նրան»: Եվ հայր Հովհաննեսը վեր կենալով գնաց նրա մոտ և դռնապան պառավին ասաց. «Հաղոր­դի՛ր իմ մասին քո տիկնոջը»: Իսկ նա նախատեց նրան և ասաց. «Դուք սկզբում կերաք նրա ունեցվածքը, և հիմա նա աղքատ է: Էլ ի՞նչ ես ուզում նրանից»: Ծերը նրան ասաց. «Գնա՛ և նրան ասա՛, որ ես մեծա­պես օգտակար կլինեմ նրան»: Իսկ երիտասարդները ծիծաղեցին նրա վրա ու ասացին. «Ի՞նչ կարող ես տալ նրան, որ ուզում ես տեսնել»: Եվ ծերն ասաց նրանց. «Դուք չգիտեք, թե ես ինչ եմ պատրաստվում տալ նրան»: Եվ պառավը, ներս մտնելով, հաղորդեց նրա մասին, իսկ աղջիկը մտածեց. «Այս կրոնավորները միշտ շրջում են կարմիր ծովի ափերին և մեծագին մարգարիտներ են գտնում այնտեղ»: Եվ աղջի­կը վեր կացավ, զարդարեց իրեն ու պառավին ասաց. «Բե՛ր նրան ինձ մոտ»: Եվ ծերը ներս մտավ, նստեց նրա մոտ` մահճակալին, նայեց նրա երեսին և ասաց. «Ինչո՞ւ թողեցիր Հիսուս Քրիստոսին և այս խենեշ պղծությանը գնացիր»: Աղջիկը սոսկում ապրեց, երբ լսեց այդ խոս­ քը, իսկ հայր Հովհաննեսը, գլուխը խոնարհած, դառնապես լաց եղավ: Աղջիկը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, ծե՛ր»: Իսկ նա դարձյալ նայեց նրան և խոնարհելով գլուխը՝ շարունակեց լաց լինել և ոչինչ չասաց: Հետո ասաց. «Տեսնում եմ` քո երեսի վրա դևեր են խաղում, և դրա համար եմ ողբում»: Աղջիկը, երբ լսեց այս, ասաց. «Ապաշխարության հնար կա՞, հա՛յր»: Ծերն ասաց. «Այո՛, դյուրավ կա»: Աղջիկն ասաց. «Տա՛ր ինձ` ուր կամենում ես»: Ծերն ասաց. «Գնա՛նք միասին»: Աղ­ջիկը իսկույն հետևեց նրան, և ծերը խիստ հիացավ, որ նա ոչ մեկին ոչինչ չասաց և ոչ մի բան չվերցրեց տանից: Երբ անապատ հասան, մութն ընկավ: Ծերը փոքր­ինչ փորելով ավազը՝ սնար պատրաստեց նրա համար, և նրանից փոքր­ինչ հեռու՝ պատրաստեց և իր համար: Ապա խաչակնքեց նրան և ասաց. «Ննջի՛ր և հանգչի՛ր այդտեղ»: Ինքն էլ, կատարելով գիշերային աղոթքը, ննջեց: Կեսգիշերին ծերը մի մեծ լույս տեսավ, որը սյունի նման երկնքից իջել էր աղջկա վրա, և Աստ­ծո հրեշտակներն այդ լույսով՝ իբրև ճանապարհով, ելնում էին վեր և իրենց հետ տանում էին նրա հոգին: Ծերը գնաց նրա մոտ, ոտքով խթեց նրան, որ արթնացնի, և տեսավ, որ մեռած է: Եվ գետին ընկնե­լով` ծերն աղաչեց Աստծուն, որ իրեն հայտնի նրա մասին: Ձայն եկավ երկնքից առ նա և ասաց. «Դրա մեկժամյա ապաշխարությունն առա­վել ընդունեցի, քան այլոց բազմաժամանակյա ապաշխարությունը, ովքեր այսպես ջերմորեն չապաշխարեցին»: Աղջկա անունը Պայեսիա էր: Այսպե՛ս պետք է սեր ցուցաբերել մերձավորի հանդեպ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․