Գրքեր

Ուխտագնացություն Տաթև

  Գիշեր է: Դեռ չէր հասցրել նույնիսկ արևը դուրս գալ, բայց մենք արդեն դուրս ենք եկել տանից և մեր քայլերն արագացնելով ուզում ենք վայրկյան առաջ հասնել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակ, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ, ընկերներ` մի ողջ միություն մեզ սպասող:
Ճանապարհը լուսավորում է լուսնի լույսը, սառած ձեռքերը շփում ենք իրար տաքացնելու հույսով և այդ շփմանը համահունչ մեր ոտքերն են առաջ գնում և ... մենք ճիշտ ժամին ճիշտ տեղում ենք : Կիսաքուն, բայց ոգևորված ու ծանոթ դեմքեր միմյանց այնպես ջերմ են ողջունում, կարծես տարիներ առաջ են հանդիպել վերջին անգամ` հեռավոր մի երկրում:
  Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո ...
  Տեր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան...
Սուրբ Անանիայի մատուռում աղոթքից և Տեր Զենոնի օրհնությունը ստանալուց հետո արդեն ավտոբուսն առաջ էր ընթանում.
  Առաւօտ լուսոյ,
  Արեգակն արդար,
  Առ իս լոյս ծագեա:
Կիրակի առավոտյան, նոյեմբերի 9-ին  „Զորավոր” երիտասարդաց միությունը` ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի հայրական օրհնությամբ և երիտասարդաց միության  հոգևոր պատասխանատու   արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ ուղևորվում է Տաթևի վանք ուխտագնացության: Լուսնի լույսին փոխարինելու է գալիս արևը: Արևագալի ժամերգություն, առավոտյան ժամերգություն, շարականներ, պատարագի երգեցողություն ու... ահա ժայռի վրա նշմարվում է եկեղեցու գմբեթը: Դժվարին ոլորանները հաղթահարելուց հետո հասանք ժայռի բարձրունքին և ահա թե ինչ...   հրաշք`դարերով կանգուն, պատմական  սուրբ հնություն, հազարավոր աղոթքներ լսած եկեղեցիներ: Մեր գիտակցության մի փոքր անկյունում զգացինք  չնչին թվացող, բայց երկար մտածելու և ինքներս մեզ քննելու միտք` այժմ մենք կանգնած աղոթք  ենք անում այն եկեղեցում, որտեղ տարիներով իր աղոթքներն է հնչեցրել Գրիգոր Տաթևացին, և որի դամբարանը հենց նույն`Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում է: Եվ հենց այդ միտքն էլ սթափվելու պատճառ հանդիսացավ:
  Խորհուրդ խորհին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ....
Սուրբ Պատարագի խորհուրդը սկսված է, պատարագիչը Հայր Միքայելն է: Պատարագը երգելու համար երգչախմբին միացան նաև ուխտավոր միությունից անդամներ: Հայր Սուրբը պատարագի ընթացքին Աստվածային սիրո մասին քարող խոսեց: Հորդորեց բոլորիս, որ մեր կյանքը սիրով անցկացնենք, ապրենք սիրով ու վերաբերվենք բոլորին հարգանքով, ջերմությամբ , բարությամբ, քանի որ սերը պարգև է Աստծու և մենք այն պետք է կարևորենք: Հայր Սուրբն ասաց, որ ով սիրում է ապա Քրոստոս բնակվում է իր մեջ իսկ նա Քրիստոսի:
  Պատարագի ավարտից հետո դուրս եկանք վանքի տարածքում շրջելու, որից հետո ճաշելու: Ի  ուրախություն մեզ արևը ջերմացնում էր բոլորիս, չնայած որ կարծում էին ցուրտ է լինելու: Նստեցինք բակում, ճաշեցինք և Հայր Միքայելի հետ զրուցեցինք մեզ հետաքրքրող թեմաների մասին: Նա պատմեց բազմազթիվ ուսուցանող և խրատական առակներ:
  Երբևէ զգացել եք, որ ուխտագնացությունների ավարտին մեզ պատում է հայրենասիրական մի զգացում: Քոչարիի հնչեղ նոտաների ներքո պարեցինք մեր պապենական պարը և կարծես նորոգված ճանապարհ ընկանք դեպի Երևան: Սյունյաց աշխարհի գեղատեսիլ աշունը տեսնելուց հետ դեռ երկար չենք մոռանա այդ գեղեցկությունն ու ուխտագնացությունը, և այն կպահենք մեր սրտերում ` որպես աշնանային  ուսուցանող մի օր:
  Արևը մայր է մտել: երկինքը կամաց-կամաց սևանում է ու մթնում: Շուտով լուսինը կելնի ուխտավորներիս ճանապարհը լուսավորելու համար:
  Զորավոր Սուրբ Աստծվածածին եկեղեցու բակում ենք: Երջանիկ, բայց արդեն քուն մտնող աչքեր, կրկին սառած ձեռքեր, ջերմ բարի ճանապարհներ և մինչ նոր հանդիպումներ....
Լուսինը լուսավորում է մութ փողոցը: Առավոտյան այն մեզ ուղեկցեց դեպի եկեղեցի, երեկոյան` եկեղեցուց տուն, իսկ Աստծո կողմից մեզ պարգև ուղարկված արևը ջերմացրեց մեզ ողջ ուխտագնացության ընթացքում:
 

Մարիամ Պիվազյան
<<Զորավոր>> երիտասարդաց միության անդամ
 

17.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․