Գրքեր

Ուխտագնացություն՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղության

Ամեն մի ուխտագնացություն ուխտավորի առջև նոր հոգևոր հորիզոններ և պատուհաններ է բացում դեպի հոգևոր աշխարհ տանող:

Հուլիսի 31-ին վաղ առավոտյան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ, եկեղեցում միասնաբար աղոթելուց հետո մեկնեց ուխտագնացության Գավառի Սբ. Աստվածածին և Սբ. Կարապետ եկեղեցիներ, Այրիվանք, Վանեվանի և Մաքենյաց վանքեր: Թվով երեսուն ուխտավորների հոգևոր ընթացքն ուղղված էր Հայոց երկրի խաղաղությանը:

Առաջին ուխտավայրը, ուր կանգ առավ համայնքը, դա Գավառի Սբ. Կարապետ եկեղեցին էր, ուր նրանք Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգություն»-ից աղոթքներ կարդացին, շարականներ երգեցին՝ հոգևոր երգերն եզրափակելով «Տեր ողորմեա»-ով: Ապա Գավառի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին: Պատարագիչն էր եկեղեցու խորհրդակատար Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, ով քարոզին անդրադարձավ աստվածատուր խաղաղությանը՝ մասնավորաբար նշելով, որ խաղաղության պակասը նախ և առաջ սիրո և աղոթքի պակասն է, որը հնարավոր է վերակագնել միայն սիրով լեցուն գործերով և աստվածահաճո աղոթքներով:

Սբ. Պատարագի ավարտին ուխտավորները սիրո ճաշ ունեցան և մեկնեցին Մաքենյաց վանք, որի գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցում նրանք մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը: Ապա, շարունակելով իրենց ուխտուղին, եղան վերոնշյալ մյուս սրբավայրերում՝ Հանգստյան ժամերգությանն էլ մասնակից լինելով Այրիվանքում:

«Ուխտագնացությունը մարմնի պահեցողության մի կերպ է և աղոթք: Քաղաքի աղմուկը խանգարում է մեզ պահպանելու հոգևոր արթնությունը, և ուխտագնացությունն այն վերականգնելու հիանալի մի միջոց է՝ այս սրբավայրերում և բնության մեջ առավել մոտ լինելով Աստծուն: Ուխտագնացությամբ քրիստոնյա հավատացյալը, դժվարությունները հաղթահարելով, իր աղոթքն է բարձրացնում առ Աստված այն սրբավայրերում, ուր սրբերի մասունքներ կան, կամ էլ դարեր շարունակ աղոթքներ են հնչել: Աղոթքի ճանապարհին դժվարություններ հաղթահարելը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը՝ ուղղված մեր ուխտի կատարմանը՝ հոգու ու մարմնի, ինչպես նաև մեր երկրի խաղաղության հաստատմանը: Մեր անձերի դեպի կատարելություն գնալը, մեր իրականությունն էլ կատարյալ կդարձնի»,- ասաց Վաչագան սարկավագը:

Հոգևոր ճամփորդության հոգենորոգ օրն ավարտվեց, և յուրաքանչյուր ուխտավորի ամենամեծ փափագն էր, որ աստվածային Սերը և խաղաղությունը թափանցի բոլորի հոգիներից ներս՝ լուսավորելով Արդարության Արեգակի անսպառ Լույսով:

 

Կարինե Սուգիկյան

01.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․