5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Որբ երեխաներ

- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը:

- Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում:

- Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը:

- Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից):

- Իսկ կարելի՞ է երեխաներին հոր գերեզմանին այցի տանել:

-  Այո, կարելի է երեխաներին այցի տանել գերեզմանին: Պետք է նրանց ասել. «Հայրիկն այստեղից Երկինք է տեղափոխվել: Եթե դուք բարի երեխաներ լինեք, ապա նա հյուր կգա ձեզ Երկնքից»: Հիշում եմ, երբ իմ տատիկը մահացավ՝ ինձ տարան մեր ծանոթների տուն, որպեսզի թաղումը չտեսնեմ ու չիմանամ, որ նա մահացել է: Այնտեղ խաղում էին ինձ հետ, զբաղեցնում: Ես ծիծաղում էի, իսկ նրանք՝ լաց լինում: Երբ ինձ հետ բերեցին տուն՝ սկսեցի հարցնել. «Իսկ տատիկն ո՞ւր է»: «Կգա, կգա»,- ասում էին ինձ: Ես սպասում էի տատիկի վերադարձին, իսկ որոշ ժամանակ անց իմացա, որ նա մահացել է: Ի օգուտ երեխաների չէ սիրելի մարդկանց մահացած տեսնելը:

- Հա՛յր, եթե փոքրիկների մայրն է մահանում, ապա նրա մահը նրանք մեծ ցավով են տանում:

- Երեխաները մորը կորցնելուց ավելի են որբանում, քան՝ հորը: Այդ պատճառով էլ մորը կորցնելուց ավելի մեծ ցավ են ապրում: Հազվադեպ է պատահում, որ մորը կորցրած երեխաների համար նրանց հայրն է հետո մայր դառնում: Սակայն այդպիսի երեխաները Դրախտում կմխիթարվեն: Նրանք կստանան այնտեղ (պակասը): Որբը Դրախտ «կանցնի» ավելի փոքր «անցողիկ բալլով», այնպես, ինչպես արտասահմանի հույներն են առանց քննությունների ընդունվում մեր համալսարանները, քանի որ դա նախատեսված է համապատասխան օրենքով: Այսինքն, Աստծո օրենքի ներգործությունը տարածվում է որբերի վրա և Դրախտ անցնելու համար նրանցից ավելի քիչ ջանք է պահանջվում, այն դեպքում, երբ այլ մարդիկ դրա համար պետք է բավական մեծ սխրագործություն կատարեն: Իրենց ծնողների մեծ քնքշանքից զրկված երեխաներին ես երջանիկ ու երանելի եմ համարում: Քանի որ նրանք կարողացել են այս կյանքում Աստծուն իրենց Հայր դարձնել և միևնույն ժամանակ Աստծո «խնայողական դրամարկղում» են պահել իրենց ծնողների քնքշանքը, որից զուրկ են եղել և որն այժմ տոկոսներ է բերում (հոգևոր):

Սակայն Բարեգութ Աստված այս կյանքում ևս կօգնի այդպիսի երեխաներին, որովհետև այն պահից սկսած, երբ Աստված Իր մոտ է առնում ծնողներին, Նա, եթե կարելի է այդպես արտահայտվել, պարտավոր է հոգ տանել նրանց երեխաների մասին: Հիշո՞ւմ եք, թե ինչ է ասում Դավիթ մարգարեն. «Տերն ընդունում է որբերին ու այրիներին» (Սաղմ. 145:9): Աստված այդպիսի երեխաներին բնականաբար ավելի է սիրում և ավելի է հոգ տանում նրանց մասին: Այդպիսի երեխաներին, այս կյանքում, Նա ավելի շատ իրավունք է տալիս (հոգևոր), քան մյուս երեխաներին: Եթե որբուկը կարգավորման բռնակը բարու վրա դնի, ապա շատ կհաջողի: Բայց եթե նա ասում է. «Քանի որ ես տանջվել եմ, այժմ էլ կսկսեմ ուրիշներին տանջել»՝ ինքն իրեն կործանում է:

- Հա՛յր, որբության բացասական հետևանքները մարդու ողջ կյանքում մնո՞ւմ են:

- Ի՞նչ ես խոսում: Որբ երեխաները կարող են մի փոքր կաշկանդված լինել, որոշ ամաչկոտություն ունենալ, երկչոտություն: Նրանք այն ուրախությունն ու աշխուժությունը չունեն՝ ինչ քնքշությամբ հագեցած երեխաների մոտ է: Սակայն այդ կաշկանդվածությունն, այդպիսի երեխաների համար, արգելակ է հանդիսանում, որն օգնում է նրանց կյանքում: Եվ միաժամանակ, նրանք մյուս կյանքում իրենց համար խնայողություններ են կուտակում: Ի՞նչ ես կարծում. Աստված չի՞ տեսնում այդ կաշկանդվածությունը: Մի՞թե հետո չի օգնի նրանց: Այդ պատճառով էլ, հատկապես մոր կողմից որբին, մենք պետք է ցավով ու ջերմ սիրով սեղմենք մեր գրկում, որպեսզի նախ նա ջերմանա և անցնի նրա երկչոտությունը և բաց անի իր սիրտը: Եվ եթե նա բարեպաշտություն ունի, ապա պետք է հնարավորինս արգելակենք նրա մեծ ոգևորությունը, որպեսզի ուժասպառ չլինի՝ ջանալով արտահայտել իր մեծագույն երախտագիտությունը: Սուրբ Արսեն Կապադովկիացին որբ է մեծացել՝ թե՛ հոր և թե՛ մոր կողմից: Եթե իր որբությանը նա անվեհերությամբ ու հոգևոր կերպով չվերաբերվեր, ապա տառապյալ կլիներ, հոգեկան խնդիրներ կունենար: Սակայն արի ու տես, թե ի՜նչ կտրիճ էր: Ի՜նչ սխրագործություններ էր անում: Ինձ վրա տպավորություն թողեց այն, որ նրա ոսկորները բամբակի ու սպունգի պես փափուկ էին: Նրա մասունքները հանելիս, երբ գերեզմանից դուրս էի բերում նրա կողոսկրերն ու ողնաշարը, դրանք փոշիանում էին՝ հենց որ դիպչում էի: Քիչ թե շատ երկու ողերն էին ամուր՝ կոնքա-ազդրայինն ու մեծ սրունքոսկրը: Զարմանալի բան է, թե ինչպե՞ս կարող էր ոտքով այդքան հսկայական տարածություններ անցնել՝ այդքան վատառողջ լինելով: Նա այնպես էր քայլում՝  կարծես օդում թռչելիս լիներ: Այստեղ ակնհայտ է դառնում այն գերբնական ուժը, որ Աստված տալիս էր նրան: Արդ, մի՞թե որբ մեծացնելը Քրիստոսի ուժերից վեր պիտի լինի:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

23.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․