Գրքեր

Որպես լույսի որդիներ

«Որովհետև, թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ» (Եփես 5։8)։

Առաքյալը Եփեսոսի՝ քրիստոնյա դարձած բնակչությանն է ուղղում իր նամակն ու խոսքերը: Անշուշտ նրանք սկզբում հեթանոսներ էին և հետո միայն դարձան քրիստոնյա: Հետևաբար սուրբ առաքյալը, այդ բազմության կյանքին տեղյակ ու շատ մոտից ծանոթ լինելով, կարծես թե այդքան էլ գոհ չէ նրանց բարոյական կենցաղավարությունից:

Ահա թե ինչու առաքյալը վերլուծում է Եփեսոսի քրիստոնյաների կյանքի հեղափոխության մեջ թաքնված թերությունները, պատկերավոր եղանակով լուսաբանում է դրանք, խստագույնս քննադատում, ճշգրտում է նրանց կարգավիճակը, մեկ անգամ ևս կրկնում է իր ուսուցումներն ու ջանում սովորեցնել, թե ապրելու արվեստում ինչ նոր մեթոդ պիտի կիրառեն:

Այդ քրիստոնյաների կյանքը մաքրելու, հարացույցին նմանեցնելու համար առաքյալը մեկ անգամ էլ է մանրամասնորեն ի ցույց դնում հեթանոսական կյանքի թերություններն ու բնույթը և հրամայում է բացարձակապես հեռու մնալ ու հրաժարվել խավարի գործերից, որովհետև, ըստ առաքյալի, հեթանոսությունը խավարի մեջ ընկղմված լինելն ու այդ խավարում խարխափելն է: Ուստի առաքյալը հրահանգում է անցնել լույսի կյանքի, այսինքն՝ նմանվել նախօրինակին, Քրիստոսի կյանքն ապրել ու «որպես սիրելի որդիներ նմանվել Աստծուն»:

Հեթանոսական ու քրիստոնեական կյանքի տարբերությունը շատ մեծ էր: Այս իսկ պատճառով առաքյալը հեթանոսական կյանքն անվանում է «հին», այսինքն՝ անգործածելի, իսկ քրիստոնեությունը՝ «նոր», այսինքն՝ գործածելի և արդյունավետ: Եվ դա դեռ բավական չէր․ նա այդ «հին»-ը անգործածելի համարելու հետ մեկտեղ նաև կործանարար էր կարծում, իսկ «նոր»-ը՝ մշտադալար ու լուսավոր և հետևաբար՝ անսպառ:

Ըստ առաքյալի բացատրության՝ հեթանոսությունն ունայն մտքի ծնունդ էր, խավար սրտի արդյունք, հույսից զուրկ և պիղծ, որի վախճանը կործանումն էր, իսկ «նոր»-ը աստվածային էր, հաստատուն արդարություն ու ճշմարիտ սրբություն:

«Հին»-ը «ես»-ը հպարտացնող, ցանկությունը հագեցնող, պղծության առաջնորդող էր, ագահությունը զորացնող ապականություն և խեղկատակություն, մինչդեռ «նոր»-ը «Աստծու անուշահոտ պատարագն ու զոհաբերությունն էր»: Հեթանոսներից ոմանց մեջ բարոյականությունը միայն որպես խոսք էր հանդես գալիս, իսկ դրա գործածությունը անհատական կյանքում, ընտանեկան շրջանակում և հասարակական մթնոլորտում անտեսանելի էր: Իսկ ահա նոր կյանքի էությունը բարոյականությունն էր, որովհետև այն Աստծուց էր բխում և Աստծու բնությունն ուներ: Այն ոչ թե միայն քարոզված, այլ հանձին Հիսուսի՝ Մարդու Որդու, ապրված մի կյանք էր:

Սրբազան առաքյալը մասնավոր կերպով դուրս է բերում և մատնանշում է հեթանոսների կյանքում տեղ գտած ստությունը, բարկությունը, գողությունը, հայհոյությունը, ագահությունը, պղծությունը, պոռնկությունը, սնոտի խաբեբայությունը: Եվ մեղանչական կյանքում այս բոլորի առաջացումը վերլուծելով՝ առաքյալը հանգում է այն եզրակացության, որ հեթանոսները լավ չեն ըմբռնել նոր կյանքը և անվամբ միայն նորոգված լինելով՝ իրենց կենցաղով մնացել են հինը:

Հետևաբար Պողոս առաքյալը ցնցում է նրանց էությունը, որպեսզի արթնանան ու մեռելությունից հարություն առնեն: Առաքյալը զորավոր կերպով վստահեցնում է նրանց, որ դժվար չէ նոր կյանքով ապրել, որովհետև Քրիստոս հին կրոնի աստվածների պես չէ: Այդ աստվածներն իրենք իսկ անկենդան էին ու անկարելի էր, որ նրանք ներշնչեին և կյանքը զորությամբ լցնեին, մինչդեռ Քրիստոս կենդանի է, կենդանություն է, հարություն է և կարող է ապրեցնել, հարություն տալ ու կենդանություն ներշնչել:

Ուստի առաքյալն իր ընթերցողներին հուսադրելու համար ասում է. «Վե՛ր կաց, դո՛ւ, որ ննջում ես, հառնի՛ր մեռելներից, և Քրիստոս կլուսավորի քեզ»: Երբե՛ք, երբե՛ք մի հապաղեք, հեռացե՛ք խավարից, և կտեսնեք, որ ահավասիկ լույսը պատրաստ է ձեզ ընդունելու և լուսավորելու, ինչպես նկատում է առաքյալը:

Սիրելի՛ ժողովուրդ, ի՞նչ եք կարծում, եթե այսօր սուրբ Պողոս առաքյալը մեր մեջ լիներ, մե՛ր, և ոչ թե հեթանոսությունից նոր դարձի եկած, այսինքն՝ իր ուղնուծուծով ապականության մեջ եղած և մեղքը ժառանգած նորադարձների, այլ ավելի քան երկու հազար տարիներ ի վեր քրիստոնեության մաքրամաքուր սկզբունքների քարոզությունը լսող, դարեր շարունակ հանուն Քրիստոսի սիրո նահատակվող հայրերի զավակները լինելու պարծանքն ունեցող հայ ժողովրդի մեջ լիներ, դիտեր և դատեր մեր բարոյական կենցաղը, արդյո՞ք այլ կերպ պիտի արտահայտվեր:

Երբեմն դառն է ճշմարտությունը խոստովանելը, սակայն ի՞նչ կարող ես անել, եթե դա է իրականությունը. եթե չխոստովանենք էլ, այն ինքնին կհայտնվի: Ես կարող եմ ասել, որ մեր կյանքի իրականության մեջ առաքյալի մատնանշած ծանր մեղքերը ոչ միայն անպակաս են, այլև հայտնապես համարձակորեն գործվում են օրը ցերեկով՝ ի վնաս ազգի, ի վնաս բարոյականության և ի վնաս հայի մաքրամաքուր կրոնի:

Եվ եթե այսօր սրբազան առաքյալը մեր մեջ լիներ, բարձրաղաղակ պիտի գոռար ու պիտի ասեր մեզ. «Դուք այլևս չընթանաք այնպես, ինչպես որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնությամբ. նրանց մտքերը մթագնած են, և իրենք օտարացած են Աստծու կյանքից՝ իրենց մեջ եղած տգիտության պատճառով, որն իրենց սրտի կուրության հետևանքն է» (Եփես. 4։17-18):

Իսկապես, մեր մեջ ի՞նչն է պակաս, ստությո՞ւնը. այն շատ ավելին է: Գողությո՞ւնը. հեթանոսական աստիճանի է այդ ախտը: Արբեցողությո՞ւնը. մտագարության է հասել այդ մոլությունը: Պղծությունն ու պոռնկությունը անամոթաբար ներխուժել են մեր կենցաղ: Զրպարտությունը վերին աստիճանի է, անգթությունը մինչև իսկ եղբայրասպանության է հանգեցնում մեզանում, ապականությունն իր ամենաախտաժետ երանգներով է դրսևորվում, շռայլությունը՝ անվայելչորեն, անկրթությունը՝ անքաղաքավարությամբ, թերահավատությունը՝ տգիտաբար:

Ուզո՞ւմ եք շարունակեմ մեր մեջ վխտացող մեղքերի շարքը կամ այնպիսինները թվեմ, որոնց վերաբերյալ սրբազան առաքյալի բացատրությունը կիրառելով՝ պետք է ասեմ. «Այդ մասին խոսելն իսկ աղտեղի է»: Սրանց բոլորից ավելի չարը և բոլոր չարիքների արմատն էլ կա՝ անաստվածությունը, որը ոմանք երգիծաբար ու խրոխտ քարոզում են:

Հավատում եմ, որ դուք բոլորդ էլ, որ այժմ ունկնդրում եք ինձ, արդեն իսկ նկատել եք այդ ախտերը և ցավ եք ապրել դրանց համար, ու այժմ էլ ձեր սրտերը ճմլվում են և դարման եք փնտրում. այո՛, դարմանի կարիք կա: Այս վերքը ծանր է, փտախտ է սկսել, թերևս նույնիսկ ուշ է այդ մասին խոսել, բայց վերջապես պետք է մտածել ու անել անհրաժեշտը:

Այո՛, եղբայրներ և քույրեր, վերքը թարախակալել է և իսկույն դարմանելը դժվար կլինի, սակայն մի՛ վախեցեք: Մենք մի այնպիսի վիրաբույժ ունենք, Որը միանգամից մաքրում է այդ բոլոր աղտեղությունները, Նրա դեղամիջոցը հատու է և օգտաշատ: «Վե՛ր կաց, դո՛ւ, որ ննջում ես, հառնի՛ր մեռելներից, և Քրիստոս կլուսավորի քեզ» (Եփես. 5։14):

Հիմա թերևս ասեք, թե «քո թվարկած այդ մեղքերը գործողներից քանի՞ հոգի կա այստեղ: Նրանք հեռու են Աստծու տնից և չեն լսում Աստծու պատգամը: Նրանց մասին այստեղ խոսելն ավելորդ է»: Ո՛չ, բարեկամներ, այստե՛ղ է մեր սխալը: Նախ պետք է իմանալ, որ մեղքի անունը լեգեոն է, և մեղքերը մեկը մյուսի ծնունդ են: Եթե այստեղ ներկա չեն իմ թվարկած մեղքերը հայտնապես և համարձակորեն գործողներ, սակայն վստահ եմ, որ այդ մեղքերի գաղափարներով հղի շատերը կան այստեղ:

Մի՞թե կարծում եք, որ մեր մեջ ներկա չէ կեղծավորությունը, որը չարիքների մայրն է: Այսօր դրսում հայտնապես, համարձակորեն մեղանչողները, եթե ոչ բոլորը, ապա գոնե որոշ մասը, արդյո՞ք մի ժամանակ մեր մեջ չէին: Մեկ այլ բան ասեմ. մի՞թե մեզ համար պախարակելի մեղքերի տերերը մեր զավակներն ու մեր քույր-եղբայրները չեն:

Եվ ի՞նչ է, կարծում եք, թե մենք՝ Աստծու խոսքը լսողներս և մանավանդ քարոզողներս զե՞րծ ենք պատասխանատվությունից: Մի՞թե Աստված չէ մարգարեի բերանով ասել. «Քեզ պահակ եմ կարգել» և այլն: Եվ մի օր նրանց արյունը չի՞ պահանջելու ինձնից, որ իբրև հովիվ թույլ եմ տվել՝ գայլը հափշտակի Նրա ոչխարը: Այդ ո՞ր հայրն ու մայրը կամ մեծ եղբայրը կարող է ազատվել պատասխանատվությունից: Սակայն այս մասին բավ է խոսել. չծանրանանք այս կետի վրա:

Մենք՝ այստեղ գտնվողներս, կարողացե՞լ ենք ընթանալ «որպես լույսի որդիներ»: Եթե այո, ապա վստահ եղեք, որ այդ դեպքում այնքան էլ դժվար չէ վերոնշյալ մոլորյալներին դարձի բերել, քանի որ ես հավատում եմ, որ մեր՝ խոսողներիս և ունկնդրողներիս թիվը շատ ավելի մեծ է դրսում եղողներից: Սակայն դժբախտությունն այն է, որ մենք «անտարբերություն» կոչվող, առաջին հայացքից ոչ այդքան ծանր թվացող մեղքի մեջ ենք, և դա է պատճառը, որ կործանարար ու ահաբեկիչ մեղքերն օրըստօրե շատանում են մեր մեջ: Չէ՞ որ քրիստոնյա լինելու առաջին պայմանը մեղքը ճանաչելն ու դրանից հեռանալը՝ ապաշխարելն է, սակայն դա բավական չէ. հարկ է ճշմարիտ կյանք սկսելուց հետո ապրել ու աճել այդ կյանքի մեջ:

Առաքյալն իր ընթերցողներին հրահանգում է, որ հին կյանքից մերկանալուց հետո նոր կյանք հագնեն, միմյանց հանդեպ քաղցր ու գթած լինեն ու ներեն իրար, ինչպես Աստված մեզ ներեց Քրիստոսով: Նաև սիրել միմյանց այնպես, ինչպես «Քրիստոս սիրեց մեզ», իսկ մեր կյանքի պտուղը պետք է լինի բարությունը, արդարությունը և ճշմարտությունը:

Սիրելի՛ ժողովուրդ, այժմ քննե՛ք ձեր անձերը և ասե՛ք, թե արդյո՞ք նոր կյանք եք հագել: Եղբայրությունը տեղ ունի՞ ձեր կյանքում, ձեզ համար սիրելի՞ է արդարությունը, բարությունն ու ճշմարտությունը: Ով կարողանա այս հարցումներին գիտակցաբար և վստահորեն դրական պատասխան տալ, նա իսկապես նորոգված է: Բայց ով համարձակություն չունի և ճշմարտությունն ու արդարությունն իր համար սիրելի է միայն ուրիշների կողմից դրսևորվելու և ոչ թե սեփական կյանքում գործածելու դեպքում, ով չի կարողանում սիրով ընդունել իր եղբոր կամ քրոջ կողմից կրած փոքր կամ մեծ վնասն ու չի կարողանում ներել, նա պետք է գիտենա, որ իր մեջ մեղքի թունավոր մանրէն կա, որն օր-օրի կարող է մեծանալ ու այլևայլ մեղքերի հիվանդությամբ վարակել նրան:

Խնդիրը միայն հինը մերժելու միտքն ունենալը չէ, այլ իսկապես մերժելն ու մանավանդ նոր կյանքով՝ Քրիստոսով ապրելն է: Ահա այդ ժամանակ է, որ նորոգությունը լիարժեք է:

Մեկ այլ բան. քանիցս նշեցինք, որ քրիստոնեությունը կյանք ու լույս է, որը պետք է ապրել: Եթե կյանք է, պետք է որ կենդանացնի, եթե լույս է, պետք է լուսավորի: Եթե այն չի կենդանացնում ուրիշներին ու չի լուսավորում, ուրեմն կեղծ է: Իրական լույսը՝ արևը, չի կարող անլույս լինել: Այժմ դժվար է ձեր անհատական կյանքերը քննության ենթարկել և դրանց հարգը նշել:

Սակայն կա մեկ ուրիշ չափանիշ. ամեն ծառ ճանաչվում է իր պտղից: Որտե՞ղ է Հայ Եկեղեցու զավակների հավաքական լույսը, այն որտե՞ղ է ծագել: Մեզանում կա՞ն կազմակերպություններ, որոնց նպատակը կլիներ աղքատներին ավետարանելը, բեկված սրտերին մխիթարելը, նոր սերնդին առողջ և քրիստոնեական սկզբունքներով մեծացնելը, երիտասարդներին մոլորության վտանգից հեռու պահելը, Ավետարանի քարոզությունից զուրկ եղողներին հասնելը, Եկեղեցու ազդեցությունը տարածելը և այլն: Սրանցից որևէ բան չկա մեր մեջ, և հետևաբար կյանք չկա:

Ճիշտ է, մեզանում քրիստոնեություն և քրիստոնյաներ կան, բայց նրանց մեծ մասը նիրհում են անտարբերության քնով, որը սատանայի լավագույն միջոցն է ծուղակ լարելու և որսը հափշտակելու համար: Անտարբերությունը մտքի ունայնությունն է, որին իսկույն հետևում է սրտի կուրությունը, իսկ դրա հետևանքն էլ լինում է Աստծուց հեռանալը, որ արդեն իսկ նշանակում է ենթակա լինել սատանայի ազդեցությանը և որի պտուղն են բոլոր մեղքերը:

Սիրելի՛ զավակներ իմ, հարկ է, որ ոչ միայն լսած, այլև համոզված լինեք, որ անկարելի է երկու տիրոջ ծառայել: Ընտրությունը պետք է հստակ լինի՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը, և եթե մեկը չէ, ուրեմն, վստահաբար, մյուսն է:

Արդ, եկե՛ք ինքնամփոփվենք, և մեր միջից նրանք, ովքեր տակավին բարության, արդարության, ճշմարտության ու լույսի պտուղը չունեն, թող միանգամայն որոշեն ընթանալ որպես լույսի որդիներ: Այսօր ևեթ մերկանանք հին մարդուց և նորը հագնենք: Եվ ամենքս, որ նիրհում ենք անտարբերության քնի մեջ, արթնանանք ու գիտենանք, որ Քրիստոս մեզ համար լուսատու պիտի լինի: Այն ժամանակ միայն կկարողանանք պարծենալ մեր նահատակ հայրերով և արժանանալ «սիրելի որդիներ» կոչվելուն:

 

Ներսես ավագ քհն. Թավուգճյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

04.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․