Գրքեր

«Որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»

Ինչպես Մեծ պահքի, այնպես էլ Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին:

Այս անգամ՝ ապրիլի 3-ին, համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Անդրանիկի 45/28 հասցեում բնակվող հինգ հոգուց բաղկացած սոցիալապես անապահով ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ 35-ամյա Գրիգորյան Թամարան, ամուսնու մահից հետո, մեկ տարի է, ինչ միայնակ է խնամում իր երեք զավակներին: Ընտանիքն ապրում է Թամարայի սկեսուրի կենսաթոշակով և ընտանեկան նպաստով:

Զավակներից Արսեն Հարությունյանը (14 տ.) մանկուց հաշմանդամ է, տառապում է պսորիազ հիվանդությամբ: Թամարան նշեց, որ Արսենի հաշմանդամության կենսաթոշակը բավարարում է միայն այն դեղորայքը գնելուն, որը չեն ստանում պոլիկլինիկայից: Ընտանիքի հետ զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց սննդի փաթեթներ: Տեր Հայրը Արսենին և իր երկվորյակ քույրերին՝ Սոնային և Սիլվային (8 տ.) հոգևոր գրականություն նվիրեց, գրքերից մեկը՝ «Աշակերտի Աստվածաշունչ»-ը՝ իր գունազարդ նկարներով և խաղերով, անմիջապես գրավեց երեխաների ուշադրությունը: Նրանք մեծ ոգևորությամբ Տեր Հոր հետ միասին փորձեցին խաղերի և գլուխկոտրուկների պատասխանները գտնել:

Ընտանիքն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձանց:

Ծառայասիրության ուղին քրիստոնյայի համար իրական մի արժեք է, որից նրա հոգին ցնծում է: Այս դեպքում հոգին ապրում է և պտուղ տալիս, քանի որ սիրով և հավատով է միավորված սիրո, բարության և լույսի Աղբյուրին՝ Աստծուն: Ինչպես հողից պոկված ծառն է դադարում ապրել, քանի որ իր սնունդն արմատներով էր ստանում, այնպես էլ հոգու համար հոգևոր արմատն Աստված է, առանց Նրա հոգին դադարում է ապրել:

Քանի որ քրիստոնյայի համար թանկ է Աստծո պարգևած յուրաքանչյուր մի օրը, ուստի. «Հավատանք Լույսին, քանի դեռ Լույսն ունենք, որպեսզի Լույսի որդիներ լինենք» (Հովհաննես 12:36): Երբ անձն իր աստվածատուր շնորհները ծառայեցնում է Լույսին, լուսավորվելով սկսում է լուսավորել՝ անկորնչելի և մեծ գանձեր կուտակելով երկնային գանձարանում, Քրիստոսի այն խոսքի համաձայն, թե՝ «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթեոս 6:19-21):

 

 

Կարինե Սուգիկյան

03.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․