Գրքեր

Որտեղի՞ց է գալիս չարը

«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դեն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան երկու ձեռք և երկու ոտք ունենալ և ընկնել հավիտենական կրակի մեջ: Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր և դե՛ն նետիր այն. ավելի լավ է միակնանի մտնել կյանք, քան երկու աչք ունենալ և ընկնել գեհենի կրակի մեջ»,- ասում է Քրիստոս (Մատթեոս18:6-9):

Ինչո՞ւ Տերը չի ազատում աշխարհը գայթակղությունից, ինչպե՞ս խուսափել գայթակղությունից, որտեղի՞ց է գալիս չարը և ե՞րբ է գործում, ովքե՞ր են փոքրիկները, հնարավո՞ր է գայթակղությունից օգուտ քաղել և ինչո՞ւ Աստծո կողմից ստեղծված մարդկանց մի մասը բարի են և խոնարհ, իսկ մյուս մասը՝ անօրեն ու մեղավոր: Ի՞նչ է նշանակում, եթե քո աչքը, ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում են, հանիր կամ կտրիր, միայն թե հավիտենական կրակի մեջ չընկնես:

Աստվածաշնչյան այս համարից բխող այս հարցերին իր մանրակրկիտ և հոգեշահ պատասխանն է տվել եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից Սբ. Հովհան Ոսկեբերանը: Մինչև վերջ կարդալով մեկնությունը՝ կքաղենք մեզ համար անհրաժեշտ և օգտաշատ հոգևոր պտուղները:

Ովքե՞ր են փոքրիկները. Աստված փոքրեր է կոչում նրանց, որոնք ոչ թե իսկապես փոքր են, այլ նրանց այդպիսին են կարծում շատերը, որոնք են`աղքատները, ոչ հայտնի մարդիկ, արհամարհվածները: Ինչպես կարելի է փոքր համարել այն մարդուն, ով թանկ է ողջ աշխարհից: Նրան, ով Աստծո ընկերն է: Փրկիչը փոքր է անվանում նրանց, ովքեր փոքր են՝ ըստ մարդկանց կարծիքի:

Ինչո՞ւ Տերը չի ազատում աշխարհը գայթակղությունից. Անդրադառնալով գայթակղությանը` հակառակորդներից մեկը կարող է ասել, թե ինչո՞ւ է Հիսուս գթում աշխարհը, եթե կարող է ազատել նրան գայթակղությունից և օգնության ձեռք մեկնել: Հենց դրանում է կայանում բժշկի և պաշտպանի պարտքը, իսկ գթալ բոլորն էլ կարող են: Ի՞նչ պատասխանել այդքան անզգամ խոսքերին: Լինելով Աստված` Քրիստոս մարդացավ, ծառայի կերպարանք առավ, բոլոր անարգանքներին ենթարկվելով, իր կողմից չթողեց ոչինչ, որ հնարավոր էր անել: Եվ քանի որ այս բոլորը երախտամոռ մարդկանց ոչ մի օգուտ չբերեց, ապա նա գթում է նրանց նրա համար, որ այդպիսի բուժումից հետո նրանք չազատվեցին իրենց հիվանդությունից: Նման նրան, ինչպես մեկը գթում է հիվանդին, որի համար մեծ ջանք է դրվել, բայց նա չի ցանկացել ընդունել բժշկի դեղատոմսը. «Վա՜յ, այս մարդուն, որ իր հիվանդությունը սաստկացրեց իր իսկ անփութությամբ»: Բայց այնտեղ ոչ մի օգուտ չկա գթասրտությունից, իսկ այստեղ արդեն այն ծառայում է բժշկությանը, որ Քրիստոս կանխատեսում է գալիքը և գթում է աշխարհը: Եվ իրոք, երբեմն ոմանք խորհուրդներից ոչ մի օգուտ չեն ստացել, իսկ գթասրտությունից ուղղվել են: Այդ պատճառով էլ Քրիստոս հատկապես ասաց` վա՜յ աշխարհին, որպեսզի արթնացնի մարդկանց` պատրաստելով նրանց քաջագործությունների և արթուն մնալուն: Այս ամենի հետ միասին Նա դրսևորում է Իր սերը և հեզությունը նրանց հանդեպ, քանի որ գթում է նաև հակառակորդներին, չզայրանալով միայն, այլ ուղղելով նրանց Իր գթասրտությամբ և կանխատեսությամբ, որպեսզի դարձնի նրանց դեպի Իրեն:

Հնարավո՞ր է գայթակղությունից օգուտ քաղել. Գայթակղությունները պիտի անհրաժեշտաբար գան, բայց դրանցից մահանալու կարիք չկա: Ինչպես վերևում նշեցինք, այս խոսքերը Քրիստոս ասաց, որպեսզի մյուսների հետ միասին նաև Իր աշակերտներին քնից արթնացնի: Որպեսզի նրանք ևս չտրվեն քնի, իբրև թե նրանց համար հատկացված է խաղաղ և անխռով կյանքը: Երբ Քրիստոս խոսում է գայթակղությունների անհրաժեշտության մասին, ապա չի ոչնչացնում ազատ կամքը և չի ենթարկում մեր կյանքը ինչ–որ անհրաժեշտ գործողությունների, այլ ասում է միայն այն, որ անպայման կլինեն: Գայթակղությունները, ինչպես ասացի, քնից արթնացնում են մարդկանց, դարձնում զգույշ և խորաթափանց, և ոչ միայն նրան, ով իրեն պահպանում է դրանցից, այլ նաև ընկածին են շուտով ոտքի կանգնեցնում, նրանք սովորեցնում են նրան զգուշություն և դարձնում անորսալի: Այսպիսով, եթե մենք ուշադիր լինենք, ապա ոչ քիչ օգուտ կստանանք գայթակղությունից. մենք կսովորենք միշտ արթուն մնալ: Եթե մենք այդքան մեծ թվով թշնամիների և փորձությունների դեպքում տրվում ենք քնի, ապա ինչ կլիներ մեզ հետ, եթե մենք ապրեինք ապահովության մեջ: Նայենք, օրինակ, առաջին մարդուն: Եթե նա կարճ ժամանակում, հնարավոր է նաև մեկ օրվա մեջ, ապրելով դրախտում, վայելելով հաճույքները, հասավ այդպիսի վնասի, որ երազեց հավասար լինել Աստծուն, գայթակղիչին համարեց բարեգործ, չկարողանալով պահպանել մի պատվիրան, ապա ի՞նչ չէր անի նա, եթե դրանցից հետո էլ ապրեր անհոգ կյանքով:

Ինչո՞ւ Աստծո կողմից ստեղծված մարդկանց մի մասը բարի են և խոնարհ, իսկ մյուս մասը՝ անօրեն ու մեղավոր. Բոլո՞ր մարդկանց է Աստված ստեղծել: Իհարկե: Ապա ինչո՞ւ բոլորը հավասարապես արդար ու մեղավոր չեն: Որտեղի՞ց են բարի, խոնարհ և լավ մարդիկ: Եվ որտեղի՞ց են անօրեններն ու մեղավորները: Մենք տեսնում ենք, որ բարիներից շատերը չար են դառնում, իսկ չարերից շատերը՝ բարի, մի մասը անփութությունից, մյուսները` մեծ ջանքի շնորհիվ, ինչից էլ հատկապես երևում է, որ լինել բարի կամ չար կախված չէ բնությունից: Ինչ տրված է բնությունից, այն չի փոխվում, ջանքի միջոցով ձեռք չի բերվում: Նրա համար, որպեսզի տեսնենք կամ լսենք, մեզ հարկավոր չէ աշխատել, և առաքինություններ ձեռք բերելու համար մեզ հարկավոր չէին լինի ջանքեր, եթե դրանք տրված լինեին բնությունից:

Որտեղի՞ց է գալիս չարը և ե՞րբ է գործում. Չարը ոչ այլ ինչ է, եթե ոչ անհնազանդություն Աստծուն: Ինչո՞ւ մարդ ցանկացավ չհնազանդվել Աստծուն: Անհոգությունից: Ունենալով իշխանություն` հնազանդվելու և չհնազանդվելու Աստծուն, նա ընտրեց վերջինը: Եթե դու այս ամենից հետո էլ կասկածում ես և տարակուսում, ապա ես քեզ կառաջարկեմ մի հարց, որ դժվար և խճճված չէ, այն պարզ է և հստակ, քեզ հետ չի՞ պատահել, որ դու երբեմն վատ վարվես, երբեմն էլ` լավ: Օրինակ` հաղթահարում ես որևէ կիրք և նորից ենթարկվում դրան, հարբեցողությանն ես տրվում և հետո քեզ ետ պահում, բարկանում ես և զսպում բարկությունդ, արհամարհում ես աղքատին, հետո` ոչ, շնանում ես, հետո դառնում առաքինի: Այսպիսով, ասա ինձ, որտեղի՞ց այս բոլորը: Ինչի՞ց: Դա նրանից է, որ դու սկզբից ջանացել ես առաքինության համար և եղել ես նախանձախնդիր, իսկ հետո թուլացել ես և դարձել անհոգ: Եթե մենք ցանկանանք, ապա չարը գոյություն կունենա միայն անունով: Այսպիսով, մի հարցրու, թե որտեղից է առաջանում չարը, և մի տրվի կասկածանքների, բայց իմանալով, որ այն գալիս է անհոգությունից, հեռացրու այն քեզանից: Եթե ինչ որ մեկը քեզ ասի, որ չարությունը մեզանից չէ, ապա երբ տեսնես, որ նա բարկանում է կնոջ վրա, մեղադրում է որդուն և դատում է նրանց, ովքեր վիրավորում են ուրիշին, ասա նրան` ինչպե՞ս էիր ասում, որ չարը մեզանից չէ: Եթե նա մեզանից չէ, ապա ինչո՞ւ ես ուրիշներին մեղադրում: Հարցրու նաև` հոժարակա՞մ ես դու կշտամբում և անարգում ուրիշներին: Եթե ոչ հոժարակամ, ապա ոչ ոք չպետք է քեզ վրա բարկանա, եթե հոժարակամ, ապա նշանակում է, որ չարը առաջ է գալիս քեզանից և քո անհոգությունից: Եթե չկան բարիներ, ապա որտեղի՞ց այս անվանումը: Եթե կան բարիներ, ապա ակնհայտ է, որ նրանք կարող են կշտամբել չարերին: Եթե չարը առաջ է գալիս ոչ հոժարակամ, ապա անարդարացի են վարվում բարիները` կշտամբելով չարերին: Եթե դու այս ամենից հետո էլ հարցնես, որտեղից է առաջանում չարը, ապա ես քեզ կասեմ` անհոգությունից, պարապությունից, չարերի հետ ընկերություն անելուց և առաքինությունը արհամարհելուց: Չարը գոյություն չունի ըստ անհրաժեշտության: Եթե այն անհրաժեշտ լիներ, ապա Քրիստոս չէր ասի. «Վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն»: Մի զարմացիր, նրա խոսքերը նշանակում են ոչ թե այն, որ կարծես թե այդ մարդու միջոցով մեկ ուրիշն է գայթակղվում, այլ որ հենց իրենից է դա գալիս:

Ի՞նչ է նշանակում, եթե քո աչքը, ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում են հանիր կամ կտրիր, միայն թե հավիտենական կրակի մեջ չընկնես. Իսկ որպեսզի դու իմանաս, որ չարը կախված չէ անհրաժեշտությունից, լսիր, թե ինչ ասաց հետո Քրիստոս. «Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր ու դեն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան երկու ձեռք և երկու ոտք ունենալ և ընկնել հավիտենական կրակի մեջ: Եվ եթե քո աչքն է գայթակղցենում քեզ, հանի՛ր և դեն նետիր այն, ավելի լավ է միակնանի մտնել կյանք, քան երկու աչք ունենալ և ընկնել գեհենի կրակի մեջ» (Մատթեոս 18.8-9): Փրկիչն ասում է ոչ թե մարմնի անդամների, այլ մեր ընկերների և ազգականների մասին, որոնք այսպես ասած կազմում են մեզ համար մարմնի անդամները: Իրապես, ոչինչ այնքան վնասակար չէ, որքան անբարո և անառակ մարդկանց հետ շփումը: Ընկերությունը կարող է տանել մարդուն, թե՛ դեպի վնասը և թե՛ դեպի օգուտը: Այդ պատճառով էլ Քրիստոս առանձահատուկ ուժով պատվիրում է մեզ հեռու մնալ վնասակար մարդկանցից, այսինքն նրանցից, ովքեր գայթակղեցնում են: Տեսնո՞ւմ ես, ինչպես Քրիստոս կանխեց վնասը: Առաջին հերթին, Նա կանխատեսեց, որ գայթակղություններն անպայման կլինեն, որպեսզի ոչ ոք չտրվի անհոգության և գայթակղությունների դեպքում էլ մնան արթուն, երկրորդ, ցույց տվեց, որ գայթակղությունները մեծ չարիք են (Նա առանց պատճառի չասաց` վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ, որպեսզի ցույց տա դրանցից եկող մեծ վնասը): Երրորդ՝ առավել ևս վայ տվեց այն դժբախտ մարդուն, որից գալիս է գայթակղությունը, «վա՜յ այն մարդուն», Փրկիչը նշում է այն, որ այդ մարդը կենթարկվի ծանր պատիժների:

Գայթակղությունից ազատման ուղին. Քրիստոս ցույց է տալիս ուղին, որով կարելի է ազատվել գայթակղություններից: Ո՞րն է այդ ուղին: Դադարեցրու, ասում է Նա, ընկերությունն անօրեն մարդկանց հետ, թեև նրանք քեզ համար եղել են շատ բարեհամբույր: Եթե նրանք լինեն քո ընկերները, ապա դու և՛ նրանց օգուտ չես բերի, և՛ քեզ էլ կկործանես: Եթե դադարեցնես նրանց հետ ընկերությունը, ապա գոնե ինքդ ձեռք կբերես փրկություն: Այսպիսով, եթե որևէ մեկի հետ ընկերությունը քեզ համար վնաս է, ապա հեռու մնա նրանից: Եթե չարը կախված լիներ բնությունից, ապա ավելորդ կլինեին այս բոլոր հորդորներն ու խրատները, ավելորդ կլիներ և նախազգուշացումը:

Եզրափակելով Ավետարանական վերոհիշյալ համարի մեկնությունը՝ Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է՝ ակնհայտ է, որ չարը կախված է մարդու կամքից:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

12.05.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․