Գրքեր

«Ոսկե ծիրան»-ի մեկնարկն այս տարի ազդարարվեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում

Երբ Հայոց երկրում պտղաբերում և հասունանում է հայկական երկրի խորհրդանիշ «ամենահայկական ծառը»՝ ծիրանենին, ապա դա հուշում է կինոսերներին, որ մոտ է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մեկնարկը՝ ծիրանօրհնեքը, և մեկշաբաթյա ֆիլմերի դիտումները: Տասներեք տարի անընդմեջ ԱՀԹ-ի տարբեր եկեղեցիներում հավատավոր հայորդիները, կինոսերները և արտերկրից ժամանած հյուրերն առիթ են ունենում մասնակիցը լինելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ծիրանօրհնեքի արարողությանը: Այս տարի՝ հուլիսի 10-ին, ծիրաններով լի զամբյուղները զարդարել էին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակը և Սբ. Խորանը՝ ծիրանաբույրը տարածելով:

Մինչ Սբ. Պատարագի արարողությունը եկեղեցու համայնքը, հոգևորաց դասը և թեմի երիտասարդական կառույցները Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ դիմավորեցին ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը: Արարողությանը ներկա էին փառատոնի հիմնադիր-տնօրեն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը, արտերկրից ժամանած հյուրեր, թեմի երիտասարդական կառույցները և հավատացյալ հայորդիներ:

Հավարտ Սբ. Պատարագի Սրբազան Հոր ձեռամբ ծիրանի օրհնության կարգ կատարվեց: Նավասարդ Սրբազանն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց փառատոնի բացման առթիվ: Արարողության ավարտին Սրբազան Հայրն ու փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն օրհնված ծիրանը հյուրասիրեցին ներկաներին:

 

 

Կարինե Սուգիկյան

10.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․