Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Ոմն իշխան Ալեքսանդրիայից վերադառնում էր Կոստանդնուպոլիս և Տյուրոսի կողմերում հանդիպեց մի կույր մարդու, որն առաջնորդող չուներ. և երբ լսեց երիվարների ոտնաձայնը, գետնատարած ընկավ և ողորմություն խնդրեց: Իսկ մագիստրոսը չանտեսեց նրան, այլ տվեց մեկ դահեկան և գնաց: Կույրն ասաց նրան. «Հավատում եմ Աստծուն, որ այս ողորմությունը կփրկի քեզ մեծ փորձություններից»: Եվ կույրի օրհնությունն ստացած` գնաց իշխանը մեծ ուրախությամբ և մտավ Տյուրոս քաղաքը: Այնտեղ մեկ ուրիշ իշխան էլ կար, որ գնում էր Կոստանդնուպոլիս, և նա իրեն ուղեկից գտնելով` ուրախացավ, և երկուսով մտնելով նավը՝ գնում էին միասին: Այդ գիշեր սաստիկ հողմ փչեց, և խռովվեցին ծովն ու նավը, և մագիստրոսը նեղվելով մարմնական կարիքներից` գնաց դեպի նավակողը` ազատվելու համար որովայնի ավելորդություններից: Այդ պահին հողմը հարվածելով նրան`գցեց ծովը, և նավավարները լսեցին ընկնելու  ձայնը, սակայն, քանի որ սաստիկ մութ էր, և նավն էլ սաստիկ քշվում էր, հնար չգտան և ոչնչով չկարողացան օգնել նրան և թողին նրան ու գնացին: Ալիքները ծովի վրա էին պահում իշխանին և տարուբերում էին, սակայն չընկղմեցին և չսպանեցին՝ մինչև առավոտ, իսկ նավորդները կարծում էին, թե նույն ժամին էլ կորսվեց, սակայն նա Աստծո ողորմությամբ կենդանի մնաց մինչև հաջորդ օրը: Երկրորդ օրն այնտեղով մի ուրիշ նավ անցավ, և նրան տեսան կենդանի` ալիքների վրա տարուբերվելիս, և իրենց մոտ վերցրին նրան, և այդ նավը նույն օրը մտավ այն նավահանգիստը, ուր առաջին նավն էր մտել, որի վրա իշխանի զինվորներն էին: Եվ երկու նավերի նավաստիները կրպակներից անհրաժեշտ բաներ գնելու համար ելան քաղաք և հանդիպեցին միմյանց, ապա նրանցից մեկը հիշելով իշխանին` հոգոց հանեց և ասաց. «Ի՞նչ եղավ կամ ի՞նչ պատահեց այն թշվառին, որ ծովն ընկավ»: Երբ լսեց երկրորդ նավի նավաստին այդ խոսքը, ասաց. «Մենք ողջ և անվնաս գտանք նրան և վերցրինք, այժմ մեզ հետ նավի մեջ է»: Այս դեպքը հայտնի դարձավ բոլորին և բոլորն էլ խիստ ուրախացան և եկան հանեցին նրան և տարան իրենց նավը: Եվ իշխանը պատմեց նրանց և ասաց. «Այն կույրը, ում տվեցի դահեկանը, նա էր բռնել ինձ և բարձրացրած՝ բերում էր ջրերի վրայով»: Եվ բոլորը, լսելով այս, փառավորեցին Աստծուն: Արդ, սրանից ուսանում ենք, որ ամբողջ սրտով արված ողորմությունը չի կորչում, այլ նեղության ժամանակ Աստված փոխհատուցում է նրանց, ովքեր անում են այն, ինչպես վկայում են Աստծո բոլոր Գրքերը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․