5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Հրեաստանում իսրայելցի սաստիկ մեծահարուստ մի մարդ կար, որի ողջ կարողությունը կուտակվել էր վաշխառությամբ, ստով, անիրավությամբ և սուտ վկայությամբ: Սրա միտքն ընկավ և հիշեց Աստծո դատաստանը և գնալով մի վարդապետի մոտ` ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, վարդապե՛տ, իմ միտքը աշխարհիկ հոգսերով է գերված, եթե հնար կա` բուժի՛ր ինձ, որ չկորչեմ»: Իսկ նա տվեց նրան Սողոմոնի գիրքը և ասաց. «Սա՛ ընթերցիր, և ինչ որ նա կասի` կատարի՛ր և կապրես»: Եվ երբ բացեց Գիրքը, գտավ այն տեղը, ուր գրված էր, թե՝ ով ողորմի աղքատին` փոխ է տալիս Աստծուն (Առակ. ԺԹ 17): Եվ փակելով գիրքը` տվեց դպիրին ու ասաց. «Ո՞վ է ավելի հավատարիմ, քան Աստված, ով բազմապատիկ և ավելիով է հատուցում ողորմածներին. ես իմ ունեցվածքը տալու եմ աղքատներին, որպեսզի բազմապատիկն ստանամ Տիրոջից»: Եվ գնաց վաճառեց՝ ինչ որ ուներ, տվեց աղքատներին և ոչինչ չթողեց իրեն, բացի չորս դահեկանից՝ այն էլ մահվան օրվա համար: Եվ սաստիկ աղքատացավ այդ մարդը, և ոչ ոք չէր ողորմում նրան. և երբ բավական ժամանակ անցավ, վշտանալով դժգոհեց աղքատությունից և վհատվելով ասաց իր մտքում. «Գնամ Երուսաղեմ՝ իմ Աստծո մոտ, և դատ անեմ Նրա հետ իմ աղքատության համար, որ խաբեց ինձ, և ես բաժանեցի իմ ունեցվածքը»: Եվ երբ գնում էր Երուսաղեմ, տեսավ երկու մարդու, որոնք մի պատվական ակ էին գտել Ահարոնի պատմուճանից, որը կորել էր: Սրանք չգիտեին, թե ինչ քար է, և կռվում էին իրար հետ և ուզում էին միմյանց ձեռքից խլել այն: Եվ տեսնելով նրանց այդպես գոտեմարտելիս` ասաց նրանց. «Ի՞նչ կա ձեր մեջ. ինչո՞ւ եք կռվում իրար հետ»: Եվ նրանք ասացին. «Գտել ենք այս քարը և չգիտենք, թե ինչ է: Սա բաժանել էլ հնարավոր չէ, և մեկս մյուսին չզիջելով՝ կռվում ենք»: Եվ նա նրանց ասաց. «Ի՛նձ տվեք այդ և առե՛ք այս չորս դահեկանը և առանց գժտության բաժանե՛ք ձեր միջև»: Նրանք ուրախությամբ տվեցին քարը, վերցրին ոսկին և իրենց մեջ բաժանելով՝ գնացին այնտեղից: Իսկ նա, վերցնելով ակը, գնաց Երուսաղեմ և այն ցույց տվեց ակնագործին: Ակնագործը երբ տեսավ, ասաց. «Որտե՞ղ ես գտել այս ակը. ահա երեք տարի է, ինչ մեծ խառնաշփոթ ու տրտմություն է տիրում տաճարում՝ քահանաների մեջ, սրա պատճառով, քանզի սա Ահարոնի պատմուճանի վրայից է կորել: Սակայն ե՛կ, լսի՛ր դու ինձ և տա՛ր սա քահանայապետի մոտ և խիստ կհարստանաս սրա շնորհիվ»: Եվ մարդը գնաց տաճար: Տիրոջ հրեշտակը երևաց քահանայապետին և ասաց նրան. «Ահա քեզ մոտ է գալիս մի մարդ, ով ունի այն ակը, որ կորել էր Ահարոնի պատմուճանից: Վերցրո՛ւ այն և տո՛ւր նրան ոսկի և արծաթ` որքան վայել է. և երբ տաս, կապտակես նրան և կասես. «Մի՛ երկմտիր քո սրտում և մի՛ կասկածիր Աստծուն, թե` ով ողորմի աղքատին` փոխ է տալիս Աստծուն»: Այն մարդը գնաց քահանայապետի մոտ, տվեց նրան ակը և ասաց. «Ինչ­որ գավառական մարդկանցից վերցրի սա, որ գտել էին ինչ­որ տեղ»: Քահանայապետը նրան ասաց. «Այդ քեզ Աստծո՛ւց տրվեց՝ փոխը վճարելու համար, ուրեմն արի՛ և ես տամ քեզ»: Եվ տվեց նրան բազում ունեցվածք` որքան որ կամեցավ, և վերցրեց նրանից ակը, ապա ապտակեց նրան և ասաց. «Մի՛ երկմտիր քո սրտում և մի՛ կասկածիր

Աստծուն, որովհետև ահա Աստված քեզ յոթնապատիկ շատ հարստություն տվեց այստեղ, և հավիտենության մեջ, որ գալու է, հավիտենական կյանք կստանաս՝ մեր Աստծո շնորհով»: Եվ ասաց մարդն արտասվելով. «Երանելիները նրանք են, որ փոխ են տալիս ճշմարիտ և հավատարիմ Աստծուն` ողորմելով աղքատներին՝ առանց երկմտանքի և առանց կասկածների»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․