Գրքեր

Օծվեց «Զորավոր խաչ» խաչքարը՝ ի հիշատակ Արցախում նահատակված քաջարի հերոսների

Ապրիլի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ և Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, օծվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված «Զորավոր խաչ» անունը կրող խաչքարը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը զարդարող հերթական խաչքարը կանգնեցվել էր բարսելոնաբնակ Արման Մայիլյանի բարերարությամբ՝ ի հիշատակ Արցախում նահատակված մեր քաջարի զինվորների: Իր կրկնօրինակը չունեցող «Զորավոր խաչ» խաչքարի հեղինակը խաչքարագործ վարպետ Համբիկ Համբարձումյանն է:

Խաչքարի օծման հանդիսավոր արարողության ավարտին Նավասարդ Սրբազանն, իր խոսքն ուղղելով ներկաներին, ասաց. «Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ, թող այսուհետ այս նորաօծ խաչքարը պահապան, ապավեն ու մարտակից լինի բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքներով կհիշեն ու կոգեկոչեն Արցախյան գոյամարտի բոլոր մարտիրոսներին և նահատակներին, որոնց հոգիները Սուրբ Հոգի Աստված առաջնորդել է դեպի երկնային լուսո անդաստաններ: Այսօր, Հայ եկեղեցու տոնացույցի համաձայն, Կարմիր կիրակի է, և խաչքարի օծման արարողությունը զուգադիպեց Կարմիր կիրակիի խորհրդին, որի գլխավոր և առանցքային խորհուրդը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի թափած արյունն է, ինչը դարձավ հաղթանակած եկեղեցու հիմքը:

Ողջունում ենք Բարսելոնայից ժամանած ազնիվ հայորդի Արման Մայիլյանին՝ իր հայրենասիրական ձեռնարկի համար, որով առիթ ընծայվեց հավատացյալներին խաչքարի զորության միջոցով կենդանի հաղորդակցություն ունենալ նահատակների հետ, որպեսզի նրանց արյամբ գծված ճանապարհը չուրացվի, այլ ընդհակառակը՝ ոգեկոչվի: Այս խաչքարի առաջ պիտի ուխտենք հավատարիմ մնալ Արցախյան գոյամարտի նահատակների թափած արյանը. այն թող լինի մեզ համար նոր մարտահրավեր՝ ավելի զորանալու, ավելի ծաղկեցնելու մեր երկիրը, ինչը հնարավոր է միայն հզոր հավատք ունենալու դեպքում: Տերը թող զորացնի ձեր հավատքը, հույսը, սերը և դառնանք ևս մեկ անգամ Աստծով վերածնված ժողովուրդ»:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում խաչքար տեղադրելու մտահղացումը խաչքարի նվիրատու Արման Մայիլյանի մոտ ծնվել էր դեռևս անցյալ տարի. «Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որոշեցի, որ «Զորավոր խաչ» խաչքարը կկանգնեցվի՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր զորավոր հերոսների, որպեսզի ամեն անգամ եկեղեցի այցելողներն աղոթեն մեր նահատակված զինվորների համար և խոնարհվեն նրանց լույս հիշատակի առջև»:

Մարդկության փրկագործությունն իրագործվեց Քրիստոսի խաչելությամբ, ինչը լիակատար հեղաշրջում բերեց աշխարհին. մահն անզոր գտնվեց Փրկչի հանդեպ, մահապատժի, տանջանքի և անարգանքի գործիքը համարվող խաչը դարձավ քավության, աստվածային սիրո, հույսի և հաղթանակի խորհրդանիշ: Հավատավոր հայ քանդակագործը, Աստծուն և մարդուն միավորող նշանը՝ խաչը, միացնելով քարին, կերտեց խաչքարեր, որոնք դարձան հայ ժողովրդի հոգևոր հարստությունը՝ լուռ վկայելով խաչի ճանապարհ անցած հայ ժողովրդի հավատի ուղին, որ առաջնորդում է դեպի հաղթանակած Քրիստոս, Ով ասաց. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33):

 

Կարինե Սուգիկյան

 

26.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․