Գրքեր

«Ով որ այս մանկանը ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում»

«Ով որ այս մանկանը ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում, իսկ ով որ Ինձ ընդունի, ընդունում է Ինձ Ուղարկողին» (Ղուկաս 9:48):

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Թե որքան կարևոր են մանուկները մեզ՝ բոլորիս համար, որ նրանք մեր կյանքի շարունակությունն են, մեզ երջանկություն են պարգևում անգամ միմիայն իրենց ծնունդով, ակնհայտ է ու փաստարկման կարիք չի զգացվում: Սակայն օրվա ավետարանական ընթերցումը մեզ համար արժևորում է նաև քրիստոնյայի կյանքում մանուկների դերակատարության և կարևորության նորկտակարանյան հրահանգը: «Ով որ այս մանկանը ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում, իսկ ով որ Ինձ ընդունի, ընդունում է Ինձ Ուղարկողին», - ասում է Հիսուս Քրիստոս (Ղուկաս 9:48): Մատթեոսի Ավետարանում Քրիստոս նույնիսկ զգուշացնում է՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 18:10): Այս պատվիրանը պետք է հասկանալ հենց ուղիղ իմաստով և սրանում տեսնել Աստվածային հոգածությունը երեխաների հանդեպ, այն, որ նրանց հրեշտակները կարգվել են ի պահպանություն և ի փրկություն նրանց: Հետևաբար՝ մեզ՝ մեծերիս վրա մեծագույն պատասխանատվություն է դրված համապատասխան սերը, ուշադրությունը, դաստիարակությունն ու վերաբերմունքը ցուցաբերելու նրանց նկատմամբ: Ինչպես Աստված-մարդ և մարդ-մարդ հարաբերություններում Քրիստոս բազում անգամ կարևորում է սերը, այս դեպքում ևս իր ուրույն տեղն ունի սիրո դրսևորումը:

Մի անգամ, երբ Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի Իր ձեռքը դնի նրանց վրա, աշակերտները հանդիմանում են մարդկանց: Հիսուս տեսնում է և «բարկանալով սաստում». «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծու Արքայությունը այդպիսիններին է» (Մարկոս 10:14): Տիրոջ խոսքերը ճիշտ ըմբռնելու համար՝ մենք պետք է մեզ համար պարզենք, թե ինչպիսին են մանուկները: Երեխաները անվերապահ կերպով հավատում և վստահում են իրենց ծնողներին: Այդպես էլ նա, ով մանկան վստահությամբ չընդունի Երկնային Արքայությունը, այնտեղ չի մտնի: Մարդ արարածը Աստծո Արքայությունը մտնելու համար պետք է այն ընդունի իբրև մանուկ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու Արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու» (Մարկոս 10:15): Սա է սովորեցնում մեզ Տերը: Ոչ միայն անհրաժեշտ է Քրիստոսի անունով ընդունել մանուկներին, այլև ջանալ նմանվել նրանց, սովորել նրանց աստվածահաճո հատկանիշները՝ անվերապահ հավատը, վստահությունը, անոխակալությունը, խոնարհությունը, ահա երեխաների գլխավոր հատկանիշները, որոնք մեծերը պետք է ձգտեն յուրացնել ու դրանցով տեղ ունենան Երկնային Արքայության մեջ: Այսինքն՝ մանկան պարզ ու խոնարհ հոգին է մեզ առաջնորդում դեպի Աստծո Թագավորությունը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, իմանալով աշակերտների վեճը՝ մեծը լինելու առնչությամբ, նրանց առջև երեխա է կանգնեցնում՝ բացատրելու համար ճշմարիտ մեծությունը: Քրիստոս ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, Երկնքի Արքայության մեջ նա՛ է մեծ» (Մատթեոս 18:3,4):

Ինչո՞ւ դառնալ մանկան պես: Որովհետև երեխային երբեք մեծության և փառքի հարցեր չեն մտահոգում, իսկ առաքյալների դեպքում այդպես ասել չենք կարող, քանի որ մի անգամ էլ պատահում է, որ Հակոբոսի և Հովհաննեսի մայրը Հիսուսին խնդրում է, որ Երկնքի Արքայության մեջ իր որդիները նստեն Նրա աջ և ձախ կողմերում: Քրիստոս ասում է. «Ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի, և ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթեոս 20:26, 27): Ինքը՝ Տերը, Իր օրինակով դա ցույց տվեց մեզ. «Ինչպես որ մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթեոս 20:28): «Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ» (Ղուկաս 9:48): Ահա թե ինչու Քրիստոս մատնանշում է մանկանը, որովհետև մանուկը իրեն չի գերադասում մյուսներից: Ճշմարիտ քրիստոնյայի համար Տերը մատնացույց է անում երեխաների խոնարհությունը: Աշակերտներին հրահանգվում էր նմանվել նրանց, ձեռք բերել նրանց խոնարհությունը և դրանով իսկ Երկնային Արքայության մեջ մեծության հասնել: Աստված ցանկանում է, որ մենք ձգտենք նմանվել մանուկներին և յուրացնենք նրանց օրինակելի հատկանիշը՝ խոնարհությունը:

Մանուկներից պետք է սովորել, բայց նաև պետք է ճիշտ առաջնորդել նրանց: Ավելին՝ Աստծո Որդին, աշխարհ գալով, քրիստոնեական պատվիրանների մեջ ամրագրեց մանուկների համար գայթակղություն չդառնալու հիմնախնդիրը: «Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքերը» (Մատթեոս 18:6): Մանկությունից է սկսվում մարդկային կյանքի ճանապարհը, ուստի՝ զգուշություն պետք է ցուցաբերենք, որպեսզի գայթակղություն չդառնանք երեխաների համար և պատճառ չհանդիսանանք այն բանի, որ նրանք Աստծուն չմոտենան կամ Աստծուց հեռանան, այլ կարողանանք երեխային ուղղորդել դեպի Աստվածային ճշմարտություններ: Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ, բոլորս էլ գիտենք ճիշտ դաստիարակության արժեքը հասարակության կառուցման գործում: Մանուկները կարիք ունեն, որ ճիշտ արժեքներ մատուցենք, կարիք ունեն, որ մենք նրանց պատմենք Աստծո մասին, չանտեսենք նրանց հոգևոր դաստիարակությունը: Երեխաներն իրենց մաքրությամբ Աստվածային շնորհների ներքո են: Մանուկների մասին Քրիստոսի խոսքերից մենք հասկանում ենք, թե որքան զգոն են նրանց հրեշտակները, և որքան պարտականություններ մենք ունենք՝ նրանց պատրաստելու ոչ միայն իբրև երկրային, այլ նաև երկնային քաղաքացիներ: Որովհետև Աստծո Թագավորությանը արժանանալու համար միայն ինքներս մեզ համար պատասխանատու չենք, այլ նաև մեր զավակների:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

19.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․