5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի»

Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ իրագործում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» ՀԿ-ն:

Ապրիլի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի հանրակացարանում բնակվող Սարգսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև Վարդուհին (2 տ.): «Տասներկու տարի երեխա չէինք ունենում, և Աստված մեզ երեք զավակ պարգևեց, որոնցից միջնեկն է Վարդուհին: Շատ հանգիստ և կարգապահ բալիկ է մեր փոքրիկը, դեռ չի քայլում: Այժմ մաշկային խնդիր ունի և բուժման մեջ է»,- ասաց ընտանիքի մայրը՝ Սեդյան Գայանեն (40 տ.): Նա նշեց, որ իրենք ֆինանսական խնդիրների առջև են կանգնած, քանի որ ամուսինը միայն հողագործությամբ է զբաղվում և մշտական աշխատանք չունի, իսկ իրենց կարիքները չեն կարողանում հոգալ միայն ընտանեկան նպաստի և երեխային տրամադրվող հաշմանդամության գումարներով: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից Հարությունյան ընտանիքը: Սարգսյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Արև-երեխաներ» ՀԿ-ին:

Որպեսզի սերմնացանի աշխատանքն անարդյունք չանցնի, կարևոր է, որ նա հարատևի իր աշխատանքի մեջ և չտկարանա՝ փրկարար բերքը ժամանակին քաղելու համար: «Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի: Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց: Գալով մեզ՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին: Հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին» (Գաղ. 6:8-11),- ասել է Պողոս առաքյալը:

 

Կարինե Սուգիկյան

10.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․