Գրքեր

«Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը»

Աստվածաշունչ մատյանը կոչում է մարդուն աստվածնմանության՝ նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի որդիներ, և շարժվեցե՛ք սիրով (Եփես. 5:1): Քրիստոնյայի համար գերնպատակ է աստվածնմանության ուղով ընթանալը, Քրիստոսով զգեստավորվելը, ինչը, ըստ Պողոս առաքյալի, սկիզբ է առնում վերստին ծննդյամբ. «Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ» (Գաղատ. 3:27):

Որքան քրիստոնյան ձգտում է նմանվել իր Նախապատկերին, այնքան ավելի խորն է դառնում Տիրոջ հետ իր խորհրդավոր միությունը: Հիսուս Քրիստոս ասաց. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Հովհ. 15:23): Եվ նրանք, ովքեր հաղորդակից են աստվածային բնությանը, նրանց համար հստակ է այն, որ քրիստոնեությունը լոկ ուսմունք չէ, այլ՝ կյանքի ընթացք և կենսակերպ:

Դեկտեմբերի 4-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Խաչատրյան Սամվելին (51 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Սամվելն իր մոր, կնոջ և երկու զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի գյուղ Մրգաստանի 4-րդ փ. 23 տ. հասցեում: «Ես ի վիճակի չեմ աշխատելու, քանի որ բժիշկների սխալ բուժման հետևանքով արդեն ութ տարի է, ինչ ձախ ոտքս անզգայացել է: Հաշմանդամության երկրորդ խումբ ունեի, բայց այս տարվա հունվար ամսից այն փոխեցին երրորդի, ինչի հետևանքով ընտանիքս զրկվեց ընտանեկան նպաստից: Կինս է ժամանակ առ ժամանակ աշխատում, որպեսզի կարողանանք հոգալ մեր նվազագույն կարիքները: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին, որ, նկատելով մեր խնդիրները, սիրով աջակցեցին մեզ»,- ասաց Սամվելը:

 

Կարինե Սուգիկյան

04.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․