Գրքեր

Փառասիրությունը թունավորում է մարդու ողջ էությունը

«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է Ս. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել: Կյանքի գրքում գրված է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակներ 9:10): Եթե իմաստունը տենչում է մասնակիցը լինելու Աստծո վերաբերյալ զրույցներին, ապա փառասերի համար կարևոր է միայն իրեն վերաբերող զրույցները: Նա իրեն շրջապատում է միայն այն մարդկանցով, որոնց խոսակցությունները միայն իր շուրջն են պտտվելու: Փառասերը չի սիրում մրցակցություն, նա պետք է միշտ առաջինը և միակը լինի: «Ես» անձնական դերանունն, իր հոլովված ձևերով, գրավում է նրա խոսակցության առաջին տեղը: Փառասերը խելացնոր կերպով պայքարում է իր հեղինակության աճի համար, նա վախենում է իր հասցեին ուղղված ամենափոքր իսկ զրպարտությունից, նույնիսկ՝ կասկածից: Միայն իր փառքը փնտրողն իրեն ենթարկում է միայնության, քանի որ, համեմատության ոգին իր մեջ կրելու պատճառով, չունի իրական ընկերներ: Այս հոգևոր ախտով տառապողը չի ճանաչում իրական ուրախությունը, սերը, նրա մոտ ամեն ինչ անբնական է: Նա չի սիրում իրեն այնպիսին, ինչպիսին որ կա, այլ այնպիսին, ինչպիսին, որ ուրիշներին է ներկայանում: Փառասերն իր փառքը հաստատում և ամրապնդում է անհուսալի հիմքի՝ մարդկային խոսքի վրա և իր պարգևը ստանում է միայն երկրի վրա, բայց ոչ Աստծո ձեռքից:

«Փառասիրությունը սարսափելի մի ուժ է, որ գործում է մեր մեջ և ի վնաս մեզ»,- ասել է Վիկտոր Հյուգոն: Փառասիրությանն է անդրադառնում հետևյալ առակը. «Ճանապարհին մի արմավենի էր աճում և անմիջապես նրա ներքևում՝ տատասկ: Այդ ճանապարհով շատ ճամփորդներ էին անցնում, և տատասկը կպչում և քերծվածք էր հասցնում նրանցից յուրաքանչյուրին: Ճամփորդները բարկանում և կռիվ էին տալիս տատասկի հետ՝ ցավելով, որ ոչ ոք արմատախիլ չի անում այն: Հպարտացավ տատասկը, բարձրացրեց գլուխը և ամբարտավանորեն ասաց արմավենուն. «Ի՞նչ օգուտ քեզ քո բարձրությունից, եթե ոչ ոք քո մասին մի բառ անգամ չի խոսում: Լսո՞ւմ ես, միայն իմ մասին են խոսում: Մեծ է իմ փառքն աշխարհում, իսկ դու ոչնչություն ես»: «Քո փառքը քեզ նման չար է: Իսկ այն, ինչ ասում են քո մասին, ավելի վատ է, քան լռությունը,- պատասխանեց արմավենին,- իմ մասին խոսում են այն ժամանակ, երբ արմավ են հավաքում իմ ճյուղերից: Դու ճիշտ ես, քիչ են խոսում, բայց այդ խոսքերը լի են գոհունակությամբ և օրհնությամբ»»: Դեպի երկինք և հավիտենականություն ձգտող քրիստոնյան՝ մարդկային գովեստից և փառքից հեռու, հոգ է տանում այն մասին, որ իր կյանքը հարստանա արժանի պտուղներով:

Փառասիրական միտքը կարող է ոչնչացնել բարի գործն ու նրա պտուղները: «Վանքում մի վանական էր ապրում, ով հմուտ և ջանասեր ատաղձագործ էր: Նա վաղ առավոտից մինչ ուշ երեկո մեծ եռանդով աշխատում էր՝ վանքի համար սրբապատկերների պահարաններ, շրջանակներ, աթոռներ և այլ կահույք պատրաստելով և մտածում էր, որ հոգևոր ճիշտ ընթացքով է ապրում: Մի անգամ վանահայրն իր օրհնությունն է նրան տալիս մի ծավալուն գործ իրականացնելու համար: Վանականը մի քանի ամիս համարյա դուրս չի գալիս արհեստանոցից՝ օր ու գիշեր այդ աշխատանքը կատարելով: Իսկ երբ վերջացնում է, այնքան վատ է իրեն զգում, որ տեղնուտեղն ընկնում է և կլինիկական մահ ունենում: Այդ վիճակում՝ այն աշխարհի սահմանին, նա իրեն տեսնում է մի խոր փոսի եզրին կանգնած, և սարսափով նկատում է, որ այդ փոսում այն ողջ կահույքն է լցված, որ ինքն էր պատրաստել: Նա խոր վշտով նայում էր իր վանական կյանքի այդ պտուղներին, երբ կողքին Աստվածամորն է կանգնած տեսնում, Ով նույնպես տխրությամբ էր նայում վանականի տարիների աշխատանքին: Հետո Աստվածամայրն ասում է. «Դու վանական ես, մենք քեզանից գլխավորն էինք սպասում՝ ապաշխարություն և աղոթք, իսկ դու միայն սա բերեցիր…»» (“Несвятые святые” գրքից): Քրիստոնյայի համար կարևոր է զգուշանալ, որ իր բարի մտքերը, խոսքերն ու գործերը չունենան փառասիրական ենթատեքստեր:

Փառասիրությունը թունավորում է մարդու ողջ էությունը, այս կիրքը կրողները սկսում են միմյանց նախաձել, ատել՝ մի շարք անհամաձայնությունների և կռիվների հիմքեր դնելով: «Չլինենք սնապարծ, չգրգռենք իրար, չնախանձենք միմյանց»,- ասում է Ս. Պողոս առաքյալը (Գաղատացիներ 5:26): Առաքյալը հորդորում է փախչել փառասիրությունից և գովեստից, քանի որ, երբ այս կիրքն իշխում է մարդուն, ապա հաջորդաբար գցում է այլ մեղքերի մեջ ևս: Օրինակ՝ հաջողության դեպքում փառասերին սկսում են տիրել փառասիրական մտքերը, իսկ անհաջողության դեպքում՝ հուսահատական մտքերը: Այս մեղքերի ճիրաններից ազատագրվելու ճանապարհն է խոնարհությամբ ընդունել, որ կյանքում ինչ արդյունքի, որ հասնում ենք, Աստծո շնորհիվ ենք հասնում: Ս. Հովհաննես Սանդուղքը նշում է, որ ինչպես ամոթ է ուրիշի զարդերով պարծենալը, նույնպես և չափազանց անմտություն է հպարտանալ Աստծո պարգևներով:

Եթե մարդն անմիջապես չի հրաժարվում փառասիրական մտքերից, ապա կարճ ժամանակ հետո, այդ մտքերը, փոխելով նրա ներքին աշխարհը, նրան դեպի անկում են տանելու: Քրիստոնյան իր ողջ կյանքի ընթացքում գտնվում է կրքերի դեմ պայքարում: Քանի որ, եթե մարդն ունի խրոնիկական հիվանդություն, նա չի կարող սահմանափակվել միայն նախորդ օրվա դեղորայքն ընդունելով, այլ անհրաժեշտություն կա ամեն օր նշանակված ժամին դեղն ընդունել՝ խուսափելու համար հիվանդության սրումից: Նույն պարագան է նաև կրքերի դեմ պայքարում: Այս հոգևոր հիվանդությամբ տառապողի համար առաջին դեղամիջոցը Տիրոջ խոսքն է. «Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է» (Ժողովող 1:2):

Փառասիրությունն անմիջականորեն կապված է շատախոսության և դատարկախոսության հետ: Այս կրքի բորբոքմանը նպաստող յուղը լեզուն է: Սուրբ Գիրքն ասում է, որ անզգամի բերանը կործանում է նրա համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար (Առակներ 18:7): Կռվարարությունը ևս փառասիրության ախտանիշ է: Այդ պատճառով, եթե մարդը չի ցանկանում իրեն կործանել փառասիրությամբ, ապա պետք է կարողանա սանձահարել իր լեզուն և կառավարել իրեն՝ ջանալով հասարակության մեջ լինել ավելի լռակյաց, քան շատախոս:

Երբ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հրաշք էր գործում, նա շատ հաճախ արգելում էր մարդկանց այդ մասին պատմել: Սրբերը, Քրիստոսի օրինակի համաձայն, փախչում էին փառքից՝ ինչպես կրակից: Մի հավատավոր կին Հռոմից գնում է Եգիպտոս՝ տեսնելու Ս. Արսեն Մեծին: Սուրբն ընդունում է նրան, բայց երբ կինը սկսում է գովաբանել նրան, ապա նա արագ վերադառնում է իր վանական խուցը և դուռն իր հետևից փակում:  

«Տերը հակառակ է ամբարտավաններին, Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակներ 3:34): Յուրաքանչյուր մարդկային փառք, ի համեմատություն նրա, որ Տերն է պատրաստել Իր սիրելիների համար, լոկ փոշի է և մոխիր: Բայց և շատ մարդիկ են ձգտում այդ անցողիկ և դատարկ փառքին: Ցավալիորեն, փառասիրության տարբեր աստիճանները երբեմն մեծ թվով մարդկանց են գերում: Մատթեոսի ավետարանում կարդում ենք, որ Զեբեդեոսի որդիների մայրն իր զավակների՝ Հովհաննեսի և Հակոբոսի հետ մոտեցավ Քրիստոսին և խնդրում էր, որ իր որդիներն Արքայության մեջ Նրա աջ և ձախ կողմերում նստեն: Հիսուսը պատասխանեց.

- Չեք իմանում, թե ի՛նչ եք ուզում: Կարո՞ղ եք խմել տառապանքի այն բաժակից, որից Ես խմելու եմ, կամ կարո՞ղ եք հանձն առնել այն մկրտությունը, որով Ես եմ մկրտվելու: Նրանք պատասխանեցին, թե կարող են: Եվ Տերը նրանց պատասխանեց, որ Իր աջ և ձախ կողմերում նստեցնելու իրավունքը պատկանում է Իր Հորը, և Նա տալիս է նրանց, որոնց համար այն պատրաստել է: Ապա Հիսուս կանչեց բոլորին և ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են իրենց հպատակների վրա, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա: Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի, որովհետև Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:20-28):

Սուրբ Գիրքը քրիստոնյային անվանում է աղ (Մատթեոս 5:13): Այս պարագայում ևս քրիստոնյան պետք է զգուշանա փառասիրության ախտի մեջ ընկնելուց: Բնական է, յուրաքանչյուր անձ իր մեջ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը, և եթե քրիստոնյան արժանանում է գովեստի խոսքերի, նշանակում է նա Տիրոջ օգնությամբ կարողացել է արտացոլել իր մեջ առկա Աստծո պատկերն ու նմանությունը, այսինքն՝ մարդիկ նրա միջոցով Աստծուն են տեսել:  

Փառասիրական կիրքը հաղթահարելու վերը նշված միջոցներին զուգահեռ՝ Ս. Եփրեմ Ասորին էլ իր հերթին պատգամում է՝ եթե ուզում ես հաղթահարել փառասիրությունը՝ մի սիրիր գովաբանություններ, ոչ մեծարանք, ոչ լավ հագուստ, ոչ առաջին աթոռներ և ոչ նախապատվություն: Իսկ Սարգիս Շնորհալին հորդորում է փառասիրության կուռքը խորտակել նվաստությամբ, մարդահաճությանը՝ անաչառությամբ, սնապարծությանը՝ ճշմարտությամբ, իսկ ամբարտավանության կուռքը՝ խոնարհությամբ: Մեր մտքերից բոլորովին ջնջենք կռապաշտությունը՝ հեզությամբ՝ բոլոր մարդկանցից հետինը նկատելով մեզ և հանցավոր՝ բյուրապատիկ պատժի արժանի:

 

 

Կարինե Սուգիկյան

08.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․