Գրքեր

Փարիսեցին և մաքսավորը (քարոզ)

Սիրելի առաքինասեր հավատացյալներ,

Մայր եկեղեցին այս կիրակի առաջարկում է վերհիշել Տեր Հիսուս Քրիստոսի պատմած ամենահիշվող առակներից մեկը փարիսեցու և մաքսավորի մասին:

Գիտեմ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, որ եկեղեցում գտնվելու տարիներին բազմիցս եք լսել ու կարդացել այն: Մտովի դատապարտել եք փարիսեցուն և գովել՝ մաքսավորին: Եվ եթե զուգահեռներ եք տարել ձեր և այս երկու հիշվող կերպարների միջև, ապա վստահաբար, ձեզնից հեռու եք վանել փարիսեցու մերժելի կերպարն ու ավելի հակվել՝ նմանություններ գտնելու մաքսավորի տիպարի հետ: Դրական տիպարին նմանվելու ցանկությունն, իհարկե, լավ է և գովելի, բայց որքանով է այն համապատասխանում յուրաքանչյուրիդ իրականությանը՝ գիտեք դուք և Տեր Աստված, Որի ամենատես աչքից անհնար է որևէ բան թաքցնել: Եվ ես այսօր ձեզ հետ միասին կփորձեմ կրկին անգամ վերլուծել այս հրաշալի առակը՝ օգնելու ձեզ հոգեշահ խրատներ առնելու դրանից:

Այսպիսով, երկու հոգի տաճար գնացին աղոթելու: Ղուկաս Ավետարանիչը, նախքան առակը նկարագրելը, պարզաբանում է, որ Տեր Հիսուս այս առակը պատմեց նրանց համար, ովքեր իրենց մեջ պարծենում էին, թե արդար են և արհամարհում էին ուրիշներին: Աղոթողներից մեկը փարիսեցի էր, մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին այսպես էր աղոթում. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»: Իսկ մաքսավորը, տաճարի հեռավոր մի անկյունում գլխահակ կանգնած, չհամարձակվելով անգամ աչքերը Երկինք բարձրացնել, ցավով ծեծում էր կուրծքն ու ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Եվ Իր խոսքն ամփոփելով՝ Տեր Հիսուս ասում է. «Ասում եմ ձեզ. սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե՝ մյուսը. ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18:9-14):

Ինչպես տեսաք, սիրելինե՛ր, այս երկու մարդիկ էլ աղոթում էին իրենց վարած կյանքի, իրենց գործած արարքների համար՝ մեկը շնորհակալություն հայտնելով իր բարի գործերի համար, մյուսը՝ չարերի համար ներողություն խնդրելով: Սակայն, Բարձրյալն Աստված մերժեց առաջինի շնորհակալական աղոթքն ու ընդունեց մյուսի մեղայականը: Սա կարող է առաջին հայացքից զարմանալի ու տարօրինակ թվալ, որովհետև Եկեղեցին անդադար սովորեցնում է մեզ ամեն ինչի համար երախտագիտություն հայտնել Ողորմությունների Տիրոջը և փառաբանել Նրան: Եվ բանն էլ հենց այդ է, սիրելինե՛ր, որ փաստորեն առակի փարիսեցին իրեն էր գովաբանում իր աղոթքում, և նրա փառաբանությունը ոչ թե Աստծուն էր ուղղված, այլ՝ իր սեփական անձին: Իսկ թե ինչու էր նա նման կործանարար մոլորության հասել, և որքան մեծ է մեր մոլորվելու հավանականությունը, փորձենք հասկանալ միասին:

Ովքե՞ր էին փարիսեցիները: Նրանք հրեա ժողովրդի կրոնաքաղաքական խավի ազդեցիկ ներկայացուցիչներից էին: Ուսյալ և կարող մարդիկ, Հին Կտակարանի և մասնավորապես՝ մովսիսական օրենքի փայլուն գիտակներ, հայրենական ավանդույթների և ծեսերի մոլի հետևորդներ, ազգային շահերի պաշտպաններ: Այս մարդիկ, իսկապես, և՛ կանոնավոր կերպով տասանորդ էին վճարում տաճարին, և՛ ծոմ պահում, և՛ խստորեն հետևում Աստծո պատվիրաններին, և՛ արտաքին որևէ ծանր մեղք չունեին: Սակայն, ի՞նչ գնահատանքի արժանացան Մարդացյալ Աստծո կողմից: Մատթեոսի ավետարանը ողողված է փարիսեցիներին ուղղված Տիրոջ նախատինքով: «Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կկարողանաք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է» (Մտթ. 12:34), «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մտթ. 23:13): «Վա՜յ ձեզ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականությամբ: Նույնպես և դուք, դրսից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ» (Մտթ. 23:27, 28), «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի փախչեք գեհենի դատապարտությունից» (Մտթ. 23:33), «հիմարներ և կույրեր», «կույր առաջնորդներ» (Մտթ. 23:16, 17, 19): Կարծում եմ ներկայացված շարքը լիուլի բավարար է նրանց արդարության վերաբերյալ ունեցած Տիրոջ կարծիքի մասին պատկերացում կազմելու համար: Փարիսեցիները կարող էին հասարակ մարդկանց խաբել իրենց արտաքին անբասիր վարքով, բայց Արարչին խաբելն անհնար է, խաբելու փորձը՝ ծիծաղելի ու ստոր: Քրիստոս Իր առջև նրանց մերկացած հոգիներն էր տեսնում՝ ձևապաշտության ետևում թաքնված նենգ, կեղծավոր, մեծամիտ ու հպարտության ուռուցքով ախտահարված հոգիները: Աստվածային սիրուց ու խոնարհությունից զերծ կյանքը չար կատակ էր խաղացել նրանց հետ և մոլորեցնելով՝ հասցրել հպարտության ու եսապաշտության մահաշունչ անդունդին: Նրանք ողջ կյանքում հարգանքի, մեծարանքի ու զանազան պատիվների էին արժանացել իրենց հայրենակիցների կողմից: Նրանց «ուսուցիչներ» ու «առաջնորդներ» էին կոչել: Ժողովարաններում զբաղեցրել էին լավագույն տեղերը, հրապարակներում՝ ծափերի ու գովաբանությունների արժանացել: Եվ մարդկային փառքն անդառնալիորեն կուրացրել ու խլացրել էր նրանց: Այս մարդիկ իսկապես կարծում էին, որ բացառապես սեփական ուժերով էին ձեռք բերել թվացյալ արդար ու մաքուր կյանքը: Բայց, ահա, նրանց շողշողացող փառքի ասպարեզում հայտնվում է Քրիստոս և… ինչպիսի՜ հիասթափություն, մի հարվածով պատռում է նրանց դիմակներն ու հողին հավասարեցնում նրանց փայփայած անունն էլ, հեղինակությունն էլ, դիրքն էլ: Քանզի, Աստծո համար դրանք փուչ խոսքեր են միայն, և ինչպես Պողոս Առաքյալն է ասում՝ պղնձի ձայն, որովհետև սեր չկա դրանցում, առ Աստված ունեցած երախտագիտություն չկա, և ոչ էլ մարդկային մեղավոր «ես»-ը կարող է որևէ առաքինության հիմքը հանդիսանալ:

Այո, ինչպիսի՜ ցավալի բացահայտում, սիրելինե՛ր, որը, սակայն, կարող էր փրկօղակ դառնալ փարիսեցիների համար, եթե նրանք գեթ մի կաթիլ խոնարհություն ունենային ու մանանեխի հատիկի չափ հավատք: Բայց ավա՜ղ, չունեցան: Իսկ մե՞նք, սիրելի հավատացյալներ: Մենք ունենք արդյո՞ք:

Մենք խորշում ենք փարիսեցիներից, դատապարտում ու հաճույքով վատաբանում նրանց, բայց նրանք գոնե Սուրբ գրերի հմուտ գիտակ էին, իսկ մենք արդյո՞ք ամեն օր մի քանի տող կարդում ենք Տիրոջ խոսքերից: Նրանք շաբաթը երկու օր ծոմ էին պահում, իսկ մենք տրտնջում ու դժվարանում ենք անգամ պահք պահել: Նրանք կանոնավոր կերպով տասանորդ էին վճարում իրենց ունեցվածքից, իսկ մենք հույսներս հատուկենտ բարերարների վրա ենք դրել: Եվ այս ամենով հանդերձ, պակաս չենք հպարտանում ու մեծամտանում, քան փարիսեցիները: Փոքրիկ ողորմություն ենք անում՝ հպարտանում ենք: Ինչ-որ ծառայություն ենք բերում Եկեղեցուն՝ հպարտանում ենք: «Հավատո հանգանակը» անգիր գիտենք, մինչդեռ մեկը այն դեռևս կարդում է՝ մեծամտանում ենք ու արհամարհում նրան: Հպարտանում ենք մեր ընտանիքներով, ընկերներով, ուսման և աշխատանքի մեջ ունեցած հաջողություններով, հարգանքով, որ վայելում ենք: Փարիսեցիներն էլ ունեին այդ ամենն ու նրանք նույնպես հպարտանում էին, իսկ Քրիստոս նրանց «կեղծավորներ» անվանեց: Կասեք՝ մենք կեղծավոր չե՞նք, մենք ամեն ինչ անկեղծ ենք անում ու սիրո՞ւմ ենք մեր մերձավորներին: Իսկ եթե մեկը հակաճառի՞ ձեզ, չընդունի՞ ձեր տեսակետը, չենթարկվի՞: Եթե համարձակվի ձեր սխալները մատնացույց անե՞լ: Իսկ եթե վիրավորի՞: Լավագույն դեպքում, զայրույթից շնչահեղձ լինելով, գրողի ծոցը կուղարկեք նրան, վատագույն դեպքում՝ սցենարները շատ են ու անկանխատեսելի: Իսկ գիտե՞ք, թե ինչի մասին է դա վկայում: Այն մասին, որ դեռևս չենք հաղթահարել մեր հպարտ «ես»-ը: Որ արտաքին խոնարհության, Աստծուն ու մերձավորին սիրելու քողի տակ ամեն ինչ միայն ու միայն մեր «ես»-ը գոհացնելու, նրան բավարարելու համար ենք անում: Որ դեռևս չենք ձերբազատվել փարիսեցիությանը հատուկ բազում ախտերից:

Իսկ մեղքերի մեջ շաղախված, բոլորի կողմից ատելի մաքսավորն այնքան անկեղծորեն ու հստակ էր տեսնում իր մեղավոր վիճակը, այնպես էր սարսափել ու ամաչել այդ գիտակցումից, որ եթե փարիսեցին այդ պահին գար ու թքեր նրա երեսին, վստահ եմ, մաքսավորն իրեն արժանի կհամարեր այդ անարգանքին: Ի տարբերություն փարիսեցու, նա հաստատապես հասկացել էր, որ որպես մի ծանր հանցագործ է կանգնած Երկնային Արքայի առջև, և միմիայն Նրա սուրբ կամքից է կախված իր ապրելն ու մեռնելը: Ուստի, նա ծեծում էր կուրծքն ու խնդրում ողորմել իրեն: Նա ուղղվելու ևս մի հնարավորություն էր խնդրում Աստծուց, օդի ևս մի ումպ, արևի ևս մի շող: Քանզի մահվան դատապարտվածը միայն կյանք է խնդրում դատավորից, այլ ոչ թե իր թվացյալ արժանիքներով պարծենում, կամ փուչ բաներ խնդրում: «Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ, և չես մեղանչի երբեք»,- ասվում է Սիրաքի իմաստության մեջ (7:39): Եվ աղոթքի ժամին առավել ևս պիտի հիշենք այս մասին, սիրելի՛ հավատացյալներ, պիտի հիշենք մեր բազմաթիվ մեղքերի, կրքերի ու տկարությունների մասին: Հիշենք հատուցման մասին: Հիշենք, որ մեր գործած սխալներն ու չարիքներն այնքան շատ են, որ բարի գործերն ուղղակի չեն երևում դրանց կողքին և, բնականաբար, չեն կարող փրկել մեզ մահվանից: «Ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արյամբդ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է, ինչպես մի գառ»,- ասում է Պետրոս Առաքյալը (Ա Պետ. 1:18-19): Ուստի, միմիայն Քրիստոսի անհատնում սիրուն ու ողորմածությանը հուսալով, կանգնենք մաքսավորի կողքին, ու թաց աչքերով և խոնարհ սրտով աղաչենք. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

 

23.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․