Գրքեր

Պարզությունը շատ է օգնում վանական կյանքում

…․Տեսնո՞ւմ ես, թե հասարակ մոխրագույն ծածկոցների շնորհիվ որքան հանգստավետ է դարձել ձեր հյուրասենյակում: Հիմա գոնե որոշ չափով մենաստանի նմանվեց:

- Հա՛յր, իսկ վանականն ինչպե՞ս իմանա, թե ինչն է վանքին հարիր, իսկ ինչը՝ ոչ:

- Պետք է սկսել ինքդ քեզ հետևյալ հարցը տալուց. «Ո՞վ եմ ես: Ի՞նչ պարտականություններ ունեմ այն կյանքում»: Զինվորական կանաչ գույնը պատիվ է բերում բանակին, սևը՝ մենաստանին: Եթե բանակին սև հագցնենք, իսկ վանքերում՝ պաշտպանիչ կանաչ, ապա դա ո՛չ բանակին կսազի, ո՛չ վանքին: Պատկերացնո՞ւմ եք, եթե դուք հիմա բուժքույրերի պես սպիտակ խալաթներ հագնեիք: Քո՞ւյր եք, թե՞ քույր չեք: Այ, տեսնո՞ւմ եք… Իսկ բուժքույրերը սև զգեստներ կհագնեն, որպեսզի միայն իրենց տեսքով հիվանդներին հուսահատության հասցնեն: «Երևում է,- այդ ժամանակ կասեն հիվանդները,- մեր օրերը հաշված են, միայն թե մեզ այդ մասին ուղիղ չեն ասում»: Տեսնո՞ւմ եք, նման զգեստափոխությունը տեղին չէր լինի: Մի՞թե մենք իրականում նման կերպ կվարվեինք: Ինչ-որ մի իր կարող է իսկապես գեղեցիկ լինել, բայց ոչ սազական վանականությանը: Օրինակ՝ թավիշը գեղեցիկ կտոր է, բայց եթե ես թավշե փարաջա հագնեմ, ապա դա ինձ ոչ թե պատիվ, այլ անարգանք կբերի: Վանքում կարմիր կամ ծաղկավոր ոչինչ մի՛ գործածեք: Սազական չէ՛:

- Դե ինչ, հա՛յր, ստացվում է, որ ամեն ինչ պետք է անգույն ու անճաշակ լինի…

- Հենց այդ ժամանակ էլ հոգևոր ճաշակը կարթնանա: Սակայն դա հասկանալ է պետք: Մարդիկ դեռ չեն գիտակցել, թե ինչպիսի ուրախություն է բերում պարզությունը: Ես իմ խցում ավելը թրջում եմ ու ծխից սևացած անկյունների սարդոստայնները հավաքում: Եվ ընդամենը տարին մեկ անգամ եմ անում: Բայց չեք հավատա, թե ինչ գեղեցիկ սև ու սպիտակ բծեր են առաստաղին մնում թաց ավելից հետո: Իսկական նախշեր են: Երբ մարդիկ իմ առաստաղը տեսնում են, մտածում են, որ հատուկ եմ այդպես զարդանախշել: Ու գիտե՞ք, թե որքան եմ ուրախանում դրանից:

Վանականների եմ ճանաչում, որոնց համար ոչ թե հոգևոր կյանքն է ուրախալի, այլ աշխարհիկ ոգին: Պարզության պարգևած ուրախության թրթիռները նրանք չեն զգացել: Պարզուությունը շատ է օգնում հոգևոր կյանքում: Վանականը պիտի այնպիսի իրեր ունենա, որոնք իրեն անհրաժեշտ ու հարիր են: Թող սահմանափակվի իր կյանքը մի փոքր թեթևացնելով և ավելիին՝ աշխարհիկին չձգտի: Օրինակ՝ զինվորական ծածկոցը բավարար է ցրտից պաշտպանվելու համար, ծաղկավոր կամ ժանյակավոր ծածկոցի կարիք ամենևին չկա: Պարզությունն ու հոգևոր խիզախությունն այս կերպ են գալիս:

Վանականին կործանում ես, երբ շատ իրեր ես բերում նրան: Իսկ երբ մարդն իրեն ազատում է իրերից, դա վերականգնում է նրա ուժերը: Իսկ եթե վանականն ինքն է իրեր հավաքում, ապա ինքն իրեն է կործանում: Երբ ինձ համար ինչ-որ իրեր են ուղարկում՝ ծանրություն եմ զգում և ուզում եմ ազատվել դրանցից: Եթե խցումս որևէ ավելորդ իր է լինում, ապա այնպիսի զգացողություն եմ ունենում ասես իմ չափսից փոքր վերնաշապիկ հագած լինեմ: Եվ եթե չես կարող այդ իրերն ուրիշ տեղ ուղարկել, ապա կարծում եմ՝ ավելի լավ է դեն նետել դրանք: Բայց բավական է դրանք տամ որևէ մեկին և արդեն թեթևություն ու ազատություն եմ զգում: Մի անգամ ծանոթներիցս մեկը եկավ ու ասաց. «Հա՛յր, այսինչ մարդն է տվել այս իրերը, որպեսզի Ձեզ փոխանցեմ: Նաև խնդրել է աղոթեք, որ հոգու տագնապը հեռանա իրենից»: «Իրենից հեռանա ու ի՞նձ գա,- ասացի ի պատասխան։- Ավելի լավ է վերցրու այդ իրերն ու հեռացիր: Ես արդեն ծեր եմ, իմ ուժերից վեր է շրջել ու մարդկանց նվերներ բաժանել» (1):

Այն բոլոր հարմարությունները, որոնցից մարդիկ օգտվում են, վանականին չեն օգնում, ընդհակառակը, ստրկացնում են նրան: Վանականը պետք է փորձի կրճատել իր կարիքներն ու պարզեցնել իր կյանքը, այլապես ազատ չի լինի: Մաքրությունը մի բան է, իսկ ավելորդ զարդարանքը՝ բոլորովին այլ բան: Եթե մի քանի գործի համար մեկ իր գործածես, ապա դա շատ կօգնի կրճատել պահանջներդ: Սինայում պահածոյի մի տուփ ունեի, դրա մեջ և՛ թեյն էի եփում, և՛ շիլան: Մտածում եք՝ մարդուն շա՞տ բան է պետք ապրելու համար: Նախկինում անապատում միայն արմավներով էին սնվում: Կրակ չէին վառում ու վառելափայտի կարիք էլ չունեին: Վերջերս խտացրած կաթի մի տուփ վերցրի, կտրեցի այն ու բռնակի պես մի բան հարմարեցրի: Դրա մեջ կարելի է սուրճ եփել կամ ավելի լավ է՝ թեյ, քան այդ բոլոր սրճեփների մեջ: Սպիրտայրոցի վրա դրած թե չէ, ջուրը միանգամից եռում է: Իսկ որքա՜ն սպիրտ կայրվի մինչև սրճեփը տաքանա: Իսկ այդ տուփի տակ սպիրտով բամբակ ես դնում և խնդրեմ՝ սուրճը պատրաստ է: Լամպ նույնպես չունեմ: Գիշերները մոմի լույսի ներքո եմ անցկացնում:

Եվ ընդհանրապես, բոլոր պարզ բաները շատ են օգնում: Պարզ ու դիմացկուն իրեր ունեցեք: Նույնիսկ աշխարհիկ մարդիկ են հարգանքով վերաբերվում ամենայն խոնարհին ու պարզին: Եվ վանականին էլ են դրանք շատ օգնում: Այդ իրերն օգնում են աղքատության, ցավի ու վանական կյանքի մասին հիշել: Երբ Գևորգ թագավորն (2) Աթոսի մայրավանք այցելեց, հայրերը մի արծաթե մատուցարան գտան ու դրանով հրամցրին հյուրասիրությունը: Իսկ թագավորը հենց այդ սկուտեղը տեսավ, ասաց. «Իսկ ես ձեզանից ինչ-որ այլ բան էի սպասում, ասենք որևէ փայտե սկուտեղիկ: Ես մինչև կոկորդս կուշտ եմ նման թանկարժեք սկուտեղներից»:

Դուք դեռ չեք համտեսել պարզության այդ քաղցրությունը: Պարզությունը վերականգնում է մարդու ուժերը: Տե՛ս, թե թելի կոճից ի՜նչ հրաշալի կախիչ է ստացվում հագուստի համար: Շատ հարմար բան է: Իսկ դուք տանջվում եք ու փարաջան այն բարալիկ մեխից եք կախում: Ամեն անգամ մեխից հանելիս, եթե կրաշաղախը սկսի թափվել, ստիպված պիտի լինեք փարաջան թափ տալ ու մաքրել: Ինչո՞ւ մի քանի մեծ մեխ չեք խփում: Ախր ավելի հարմար կլինի: Այդպիսի պատ է, իսկ վրան մի մեխ էլ չկա: Թե չէ, մեկ էլ տեսար, փայտե կախիչ կբերեք, կդնեք: Իսկ հետո այն պետք է մաքրես, փոշին սրբես: Պետք է ավելի պարզ իրեր գործածել ու ժամանակ շահել, իսկ դուք, դրա փոխարեն, կորցնում եք: Ինչ-որ կատարյալ բանի եք ձգտում և տանջվում եք: Հոգևո՛ր կյանքի կատարելությանը ձգտեք: Ձեր ներքին ողջ ներուժը հոգո՛ւ կերտման արվեստին նվիրեք, այլ ոչ թե արտաքին գեղարվեստին: Օր ու գիշեր հոգու կատարելագործմանը նվիրվեք: Գեղեցիկի հանդեպ սերը հոգևոր կերտվածքին նվիրելով՝ ձեր փոքր հոգևոր դղյակով կուրախանաք:

- Հա՛յր, իսկ որոշ մարդիկ ասում են, որ ամենահիասքանչ իրերը վանքերում էին պահվում և դրանց շնորհիվ է աշխարհում պահպանվել մշակույթը:

- Միգուցե խոսքը թանկարժեք անոթների, զարդերի ու նման բաների մասին է: Բայց գիտե՞ք, թե նման թանկարժեք իրերի մեծ մասը ե՞րբ վանքերում հավաքվեց: Կոստանդուպոլսի անկումից հետո (3): Նախկինում այդ բոլոր գանձերը պալատներում էին գտնվում, իսկ հետո սկսեցին դրանք վանքերին տալ, որպեսզի պահպանվեն: Օրինակ՝ Մարո թագուհին (4) զանազան գանձեր էր քիչ-քիչ վերցնում սուլթանից ու վանքերին տալիս: Կամ էլ մահվան մահճում գտնվող մարդիկ, չցանկանալով, որ թանկարժեք զարդերը կորչեն, նվիրաբերում էին վանքերին: Ոչ թե վանքերն էին ձգտում գանձեր ձեռք գցել, այլ գանձերի տերերը, հասկանալով, որ վանքում այդ իրերը ապահով կլինեն, իրենք էին նվիրում: Եվ Սուրբ լեռան վանքերին էլ էին [ունևորները] զանազան նվիրատվություններ կատարում, որպեսզի ժողովրդին կարողանային կերակրել: Որովհետև այն տարիներին ո՛չ ծերանոցներ, ո՛չ մանկատներ, ո՛չ հոգեբուժարաններ և ո՛չ էլ զանազան բարեգործական կառույցներ կային: Վանքերին հողակտորներ էլ էին նվիրում, որպեսզի կարողանային կարիքավոր աշխարհականներին օգնել: Այսինքն՝ այն ծանր տարիներին մարդիկ ապագայի մասին մտածում էին. խեղճ ժողովրդին նյութապես օգնում էին, որպեսզի հետո էլ հոգևոր առումով օգնեն: Երբ չքավոր մարդիկ գալիս էին վանքեր, նրանց գումարային օգնություն էին տրամադրում որպես օրհնություն, և խեղճերը կարողանում էին իրենց որդիներին կամ դուստրերին ամուսնացնել: Այսինքն՝ վանքերը հարստություն էին ստանում, որպեսզի աղքատներին օգնեն: Եվ այդ նույն նպատակով էլ մեծ շինություններ էին կառուցում: Իսկ գիտե՞ս, թե քանի՜ քանիսին վանքերն օգնեցին շրջափակման ժամանակ: Շա՜տ-շատերին: Այն ժամանակ աշխարհիկ մարդկանցից շատերին «Կարակալ» էին անվանում, որովհետև, եթե ինչ-որ մեկի տունը հայտնի էր լինում իր հյուրասիրությամբ, ապա ասում էին կարծես Կարակալի վանքը լինի (5): Եվ Սրբոց տոներն էլ վանքերում այնպես էին կազմակերպվում, որ չքավորները կարողանային ձուկ ուտել, ուրախանալ և դրա հետ մեկտեղ հոգևոր օգնություն ստանալ: Իսկ այժմ ինչո՞ւ են նման տոներ կազմակերպում: Ոչնչի կարիք չունեցող մարդիկ հավաքվում են, ձուկ են ուտում: Իսկ հանուն ինչի՞:

 

1) Հայր Պաիսիոսն իրեն բերած իրերը բաժանում էր այն վանականներին, որոնք դրանց կարիքն ունեին:

2) Գևորգ Երկրորդ (1890-1947), Հունաստանի թագավորը 1922թ.-ից մինչև 1929թ. և 1935թ.-ից մինչև 1947թ.:

3) 1453թ.-ին:

4) Մարո թագուհի (1418-1487), սերբ բռնակալ Գեորգի Բրանկովիչի (1375-1456) դուստրը, որը Սուրբ լեռան Սուրբ Պողոս վանքի երկրորդ փոխանորդն էր: Մարոն կնության էր տրվել սուլթան Մուհամեդի հորը՝ Կոստանդնուպոլիսը զավթած սուլթան Մուրատին: Կոստանդնուպոլսի անկումից հետո Մարո թագուհին Սուրբ Պողոսի վանքին նվիրաբերեց Մոգերի ընծաները, բազմաթիվ սրբություններ ու սրբերի մասունքներ:

5) Սուրբ Լեռան քսան ընդհանրական մենաստաններից մեկը:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

21.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․