Գրքեր

Պատմական աղանդների արտահայտումները ժամանակակից աղանդներում

Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Երիտասարդ բանախոսը պատմական աղանդներից շեշտադրեց Հայաստանում սկիզբ առած ութ հայկական աղանդները: Անդրադառնալով նրանց սկզբնավորմանը, գործունեությանն ու գաղափարախոսությանը՝ Հայկը նշեց նրանց արտահայտությունները ժամանակակից աղանդներում:

Ըստ բանախոսության՝ աղանդավորական շարժումների մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել 5-րդ դարից՝ գիր ունենալուց հետո, թեև չի բացառվում, որ մինչ այդ էլ եղել են հերձվածողական աղանդներ, որոնց մասին գրի բացակայության պատճառով մեզ տեղեկություններ չեն հասել: Օրինակ՝ Բորբորիտների աղանդը Մծղնեական շարժման մի մասն է կազմել և նմանություն ունի սադուկեցիների հետ, ովքեր չէին ընդունում հարությունը: Այս համեմատության շարքը լրացնում է ժամանակակից աղանդներից Եհովայի վկաները, ովքեր, ընդունելով միայն արդարների հարությունը, ժխտում են դժոխքը: Բորբորիտ աղանդի հետ կապված ժողովներ են հրավիրվել, պատիժներ են սահմանվել, և պատմիչները գայթակղությունից զերծ մնալու համար խուսափել են նրանց գաղափարախոսությունը մանրամասնորեն ներկայացնելուց: Օրինակ՝ Մծղնեական աղանդը չի ընդունել մկրտության խորհուրդը, այսօր էլ աղանդների մեծամասնության մոտ բացակայում է այս խորհուրդը, Մծղնեական աղանդում կինը տղամարդուն հավասար չափով քարոզել է, ինչը ևս առկա է ժամանակակից աղանդներում:

«Բոլոր պատմական աղանդները մեղադրվել են սեռական սանձարձակության, մանուկների զոհաբերության մեջ: Գրեթե ոչ մի աղանդ չի ընդունել Սուրբ Հաղորդության խորհուրդը: Ցանկացած հավատացյալ, եկեղեցի մտնելով և աղոթելով, հատուկ հոգեվիճակ է ձեռք բերում, որպեսզի Աստծուն մոտենա: Սատանային մոտենալու համար ևս հոգեվիճակ է անհրաժեշտ, որին նպաստել են ծիսական սպանությունները, սեռական սանձարձակությունները: Բոլոր աղանդներն էլ, կամա թե ակամա, պաշտում են սատանային: Ըստ Կարլ Գուստավ Յունգի՝ աղանդների մոտ հոգի չկա, գիտակցական և բանական վիճակ է, փարիսեցիները ևս, հետևելով միայն տառին և կանոնին, մոռացության էին մատնել հոգին»,- ասաց բանախոսը:

Աղանդներին հատուկ է փոփոխվել՝ ըստ բնակավայրի և ազգային մտածելակերպի, հեշտությամբ ադապտացվել: Օրինակ՝ ժամանակակից աղանդներից մորմոնները բազմակնությունն ընդունում են իսլամական երկրներում, բայց մերժում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, ուր օրենքով այն արգելված է: Պատմական աղանդների հետ համեմատելով՝ բազմակնությունը ևս սեռական սանձարձակություն է:

Մարկիոնականների, պավլիկյանների և Եհովայի վկաներ աղանդի ընդհանրություններին անդրադառնալով՝ Հայկ Հակոբյանը նշեց, որ ինչպես պավլիկյաններին, այսօր էլ Եհովայի վկաներին հատուկ է Աստվածաշունչն աղավաղելը: Բանախոսը մատնանշեց աղանդներին հատուկ այս գործելակերպը՝ ժողովրդին խաբելու համար պետք է Քրիստոսի դեմքով հանդես գալ, ուրիշ տարբերակ չկա:

Բանախոսության ընթացքում նաև անդրադարձ եղավ աղանդներում առկա բժշկությանը, ինչը, ըստ բանախոսի, կատարվում է ներշնչման և չարի ներգործության միջոցով:

Երիտասարդների այն հարցին, թե ինչպես կարելի է օգնել աղանդավորին, բանախոսը պատասխանեց՝ ուղղակի սիրեք՝ մեջբերելով երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տապանաքարի վրա գրառված հետևյալ խոսքը. «Սեր ոչ երբեք անկանի»:

Բանախոսը՝ որպես ամփոփում, նշեց, որ հայկական աղանդները հայկական անվանել միանշանակ չի կարելի, որովհետև նրանց հիմնական գաղափարները համաշխարհային բնույթ ունեն: «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը նշեց կարևոր մի բացթողում, որ առկա է մեր հասարակության մեջ, այն է՝ հոգևոր գիտելիքների և կրթվածության պակասը, ինչը փորձում է լրացնել նաև «Դիալոգ» ՀԿ-ն՝ իր կողմից կազմակերպված սեմինարներով:

Բանախոսության ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Հայկ Հակոբյանին հետաքրքիր և ուսուցողական բանախոսության համար: «Կարևոր է, որ հայ քրիստոնյան գիտակցված հավատք ունենա և քրիստոնեական արժեքների իրական կրողը լինի: Ջանանք մեր միջավայրի համար բարի օրինակ դառնալ՝ կյանքի կոչելով այն առաքելությունը, որին կոչված է մեզանից յուրաքանչյուրը»,- ասաց Տեր Հայրը:

«Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» թեմայի շուրջ բանախոսությունը ավարտվեց Պահպանիչ աղոթքով:

 

Կարինե Սուգիկյան

23.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․