Գրքեր

Պայծառակերպության պատկերագրական խորհուրդը

Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան վրա պայծառակերպվելով՝ Իր փառքն ու լույսը: Պայծառակերպության մասին գրում են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները՝ ասելով, թե. «Հիսուս իր հետ առնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին լեռն է բարձրանում և պայծառակերպվում աշակերտների առջև»: Ինչպես Մատթեոս ավետարանիչն ասում է. «Նրա երեսը լուսավորվեց արեգակի նման և Նրա հանդերձները սպիտակ դարձան լույսի պես»: Այդ ժամանակ հայտնվում են Մովսեսն ու Եղիան և սկսում խոսել Տիրոջ հետ, ապա լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող ձայնը, ինչպես մկրտության ժամանակ, ասում է. «Դա է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, նրան լսեք»: Այդ ձայնից աշակերտները խիստ վախենում են և դեմքի վրա գետին ընկնում: Հիսուս մոտենալով նրանց ասում է. «Վեր կացեք և մի վախեցեք»: Երբ առաքյալները բացում են իրենց աչքերը, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Լեռան բարձունքից իջնելիս Հիսուս նրանց պատվիրում է մարդկանց ոչինչ չասել մինչև մեռյալներից Իր հարություն առնելը:  

Քրիստոնեական արվեստում Պայծառակերպության հնագույն պատկերները հայտնի են 6-րդ դարից: Հայկական արվեստում դա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարն է (921թ.), իսկ մանրանկարչության մեջ Պայծառակերպության տեսարանի մեզ հասած առաջին պատկերները զետեղված են 11-րդ դարի նկարազարդ Ավետարաններում:

Պայծառակերպության պատկերների կենտրոնում պատկերված է Քրիստոս, աջ և ձախ կողմում՝ Եղիա և Մովսես մարգարեները, նրանց ներքևում՝ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Երբեմն պատկերվում են հարակից տեսարաններ՝ լեռ բարձրանալը, լեռից իջնելը, Հիսուսի զրույցն աշակերտների հետ: Հիսուս պատկերվում է ձվածիր կամ կլոր մանդոռլայի մեջ կանգնած, որը խորհրդանշում է աստվածային փառքը և լույսը: Իսկ շրջանակի կապույտից սպիտակի փոխվող երեք նրբերանգները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը: Պայծառակերպման վայրում աստվածության, այն է՝ Ս. Երրորդության դրսևորումը բացառում է այսրաշխարհային չափումների՝ տարածքի և ժամանակի առկայությունը: Այն տարածքից և ժամանակից դուրս վերապատմական իրողություն է, ուր, իբրև հայտնության հպանցիկ մի պահ, դրսևորվում են աստվածությունն ու նրա բնէության անքակտելի պարունակը՝ արքայությունը: Սակայն, որպեսզի առաքյալները հաղորդակցվեին Փառքի լույսին և Աստծո արքայությանը և այդ հաղորդակցման հետևանքով չմեռնեին («Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ». Ելք 33:20), նրանք, որպես անդրանցական իրականության գերհզոր դրսևորումներ, պետք է տեսնելու շնորհ ստացած առաքյալներին ներկայանային աննյութեղեն թաղանթի մեջ պարուրված: Այդ թաղանթի մասին է ակնարկում Եղիշեն. «Եւ տաղաւարս հարկանել դուք մի աշխատիք, եթե կարի ջերառուք, ահա տուեալ է ձեզ ամպ հովանի» խոսքով, ուր «տաղավար»-ը, ելնելով նրա բառարանային մի քանի նրբիմաստներից, նշանակում է նաև «խորան», «հովանի»: Մանրանկարչության մեջ առհասարակ տաղավար-փառապսակը եզրավորված է լույսի շերտավոր երեք ոլորտներով, որոնք, ըստ Գրիգոր Պալամայի բացատրության, լույսի երեք ճառագայթների հետ միասին վկայում են Սուրբ Երրորդության ներկայության մասին: Այսօրինակ բացատրությունների վրա է հիմնված մանրանկարչության մեջ Պայծառակերպման հորինվածքը: Լույսի գաղափարը երբեմն արտահայտվում է ճերմակ կամ ոսկեգույն ձվաձև խորանի (փառապսակի) մեջ Քրիստոսի պատկերումով:

Նշանակալի է, որ որոշ օրինակներում Հիսուս ներկայացվում է անմորուք պատանու տեսքով, որով ընդգծվում է Նրա այլակերպությունը, կերպարանափոխվելը, օրինակ ՝ Մոմիկի նկարում: Նման մեկնաբանությունը հիմնված է Մատթեոսի և Ղուկասի ավետարանների տվյալների վրա: Առաջինի մոտ ասվում է. «Այնտեղ Հիսուսը կերպարանափոխվեց նրանց առաջ. Նրա դեմքն արեգակի նման պայծառ դարձավ, և Նրա զգեստները լույսի նման սպիտակ եղան» (Մատթեոս 17:2), իսկ Ղուկասի ավետարանում ասվում է. «Եվ մինչ աղոթում էր, նրա դեմքը այլակերպվեց, և նրա հագուստը փայլուն-սպիտակ գույն ստացավ» (Ղուկաս 9:29): Արևմտյան արվեստում Հիսուս ներկայացվում է գետնից կտրված:

Պայծառակերպության լուսավոր ամպը, որից հնչեց հայրական ձայնը, մանրանկարիչները ներկայացնում են մկրտության տեսարանի երկնքից վար պարզված աջի նման:

Թաբոր լեռը հաճախ պատկերվում է երեք գագաթներով, որոնցից կենտրոնականին Քրիստոս է, իսկ մյուս երկուսը թեքվել և ասես խոնարհվել են նրա վրա կանգնած Հիսուսի առջև: Մովսես և Եղիա մարգարեները պատկերվում են Հիսուսից աջ և ձախ կանգնած (երբեմն՝ հակառակ դասավորությամբ): Եղիան պատկերվում է ծեր, անապատականին բնորոշ խռիվ մազերով և մորուսով, առանձին դեպքերում մի գիրք բռնած, որը խորհրդանշում է նրա մարգարեությունը: Իսկ Մովսեսը սովորաբար պատկերվում է երիտասարդ: Վաղ օրինակներում նրա ձեռքին ևս գիրք է պատկերված, իսկ ավելի ուշ գրքին փոխարինում են օրենքի տախտակները:Մովսեսը երիտասարդ է պատկերվում, համաձայն Սուրբ Գրքի այն խոսքերի, որ, թեև 120 տարեկանում մահացավ, սակայն ոչ տեսողությունն էր վատացել և ոչ էլ դեմքը խորշոմել: Մովսեսին այսպես պայծառ և առույգ պատկերելու պատճառը նաև այն է, որ երբ նա Տիրոջից տասնաբանյան ստացած Սինա լեռից իջնում է Տիրոջ հետ խոսելու պատճառով, երեսը ճառագում էր և այսպես ամեն անգամ Մովսեսի դեմքը ճառագում էր Տիրոջ հետ խոսելուց հետո: Մովսեսը երբեմն պատկերվում է պատանքված՝ խորհրդանշելով, որ եկել է մեռյալների աշխարհից: Այս մասին միջնադարյան մեկնություններում ասվում է, որ աշակերտների առջև Հիսուս Մովսեսին բերեց մեռյալների աշխարհից: Եղիայի համար ասվում է, որ նրան բերեց ողջերի աշխարհից, որովհետև ինչպես Թագավորաց 4-րդ գրքում է պատմվում, Եղիան անապատում երկնային կառքով երկինք փոխադրվեց և այնտեղ ողջ է մարմնով: Ըստ եկեղեցու հայրերի՝ Աստված Մովսեսին երկրից բերեց և Եղիային երկնքից, որ ցույց տա, թե Տերն է երկնքի ու երկրի, կենդանիների և մեռյալների: Մովսեսը խորհրդանշում է Օրենքը, իսկ Եղիան մարգարեությունները և Քրիստոս նրանց բերեց ցույց տալու համար, որ Ինքն է լրումը Օրենքի և մարգարեությունների: Ռուսական օրինակներում Մովսեսին և Եղիային Թաբոր լեռ են բերում հրեշտակները, իսկ արևմտյան օրինակներում երբեմն մարգարեները ծնկած աղոթում են:

Նրանցից ներքև երեք աշակերտներն են՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, որոնք հիմնականում ներկայացվում են երկու պատկերագրական տարբերակով՝ աստվածատեսական (երբ աշակերտները շփոթված ու ապշահար են, որն արտահայտվում է նրանց մարմնի դիրքով՝ ընկած, ձեռքերով դեմքերը ծածկած) և աստվածապաշտական (երբ աշակերտները պատկերվում են ծնրադիր աղոթքի պահին): Արևմտյան օրինակներում առաքյալները ներկայացվում են քնած կամ անգիտակից վիճակում: Հայկական արվեստում առաքյալները տարբեր ձևերով են արձագանքում կատարվածին և նրանց կեցվածքում արտացոլվել են նրանց բնավորությունների առանձնահատկությունները: Պետրոսը թեև ցնցված ու ապշած է, սակայն չի կորցնում ինքնատիրապետումը, ծնկած, բայց սևեռուն հայացքով նայում է Մովսեսի և Եղիայի հետ զրուցող Հիսուսին: Քանի որ Պետրոսը առաքյալներից ամենատարեցն էր, միշտ պատկերվում է սպիտակամորուս, սովորաբար մի ձեռքով երեսը ծածկած, սակայն հայացքը Տիրոջը, զարմանք և հիացմունք արտահայտող ինքնատիրապետմամբ: Տպավորվող, հոգով երիտասարդ Հովհաննեսին ցնցել է տեղի ունեցածը: Նա ընկել է գետնին և ծածկել աչքերը՝ չկարողանալով տանել կուրացուցիչ լույսը: Հակոբոսին ևս ցնցել  է տեղի ունեցածը: Նա ծնկել է այնպես, որ թվում է, թե գետնին է ընկնելու, սակայն միաժամանակ ձգտում է նաև, թե ի՞նչ է տեղի ունենում այնտեղ՝ լեռան վրա: Մի ձեռքով հենված է գետնին, մյուսով աչքերն է պաշտպանում լույսից: Միջանկյալ այս վիճակն արտահայտվում է նաև մի աչքը փակելով և մյուսով նայելով, որը նշան է միաժամանակ թե՛ շփոթության և թե՛ ինքնատիրապետման:

Ավետարանի՝ «Ահա  մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ» խոսքերի հետևողությամբ 16-րդ դարից և հատկապես Ռաֆայելի «Քրիստոսի պայծառակերպությունը» հռչակավոր գործից հետո արևմտաեվրոպական արվեստում Քրիստոս սկսում է պատկերվել ոչ թե լեռան վրա, այլ լուսաշող ամպերում թևածելիս: Ավետարանիչները գրում են, որ երբ Հիսուս վայր է իջնում, ներքևում տեսնում է աշակերտներին մարդկանց բազմության մեջ խռնված: Այդ բազմության մեջ կար մի մարդ, որ իր հիվանդ երեխայի համար բուժում էր խնդրել Հիսուսի աշակերտներից, բայց նրանք չէին կարողացել բուժել: Նույն խնդրանքով, որպես իր վերջին հույս և ապավեն, հայրը դիմում է նաև Հիսուսին: Ռաֆայելն իր գործում ներառել է նաև այս պահը: Կառուցվածքային առումով պայծառակերպության դասական պատկերներում, եթե վերին մասում Հիսուս է, Եղիայի ու Մովսեսի հետ, ապա այստեղ պատկերի վերին մասում, պատկերված է բուն պայծառակերպությունը, իսկ ներքևում լուսնոտ երեխայի պատմությունը, որով պատկերի վերին մասը խորհրդանշում է աստվածայինը, իսկ ներքևինը՝ երկրայինը, ինչը ստեղծում է շեշտված մի հակադրություն: Վերևում քննվում են անհաս խորհուրդներն ու գաղտնիքները, իսկ ներքևում անզորությունն է իրենց հիվանդ երեխայի առջև: Ռաֆայելի այս գործն ասես պատկերային վերարտադրություն լինի Ղուկասի ավետարանի այն հատվածի, որում լուսնոտ երեխայի հայրը դիմելով Հիսուսին, ասում է. «Վարդապե՛տ, աղաչում եմ, նայիր իմ որդուն, միա՛կ զավակս է: Չար ոգին բռնում է նրան և հանկարծ գոռալ է տալիս, գետին է խփում, թավալեցնում, բերանը փրփրեցնում և նրան խորտակելուց հետո դժվարությամբ է հեռանում նրանից: Ես Քո աշակերտներին խնդրեցի, որ հանեն չար ոգին, բայց նրանք չկարողացան» (Ղուկաս 9:38-40): Այսպիսով Ռաֆայելի մտահղացմամբ, ներքևում հոգսն է, կարիքն ու տառապանքը, իսկ վերևում՝ երկնքի լուսեղեն ամպերում Նա է, Ով ապավենն է ներքևում գտնվողների:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով: Տաթևացին վարդի տոնը կապում է պայծառակերպության հետ հետևյալ զուգահեռով. «Ինչպես որ վարդն է կոկոնի պատյանում ծածկված մնում մինչև բացվելը, այնպես և Տերը մինչև պայծառակերպությունը աստվածության պայծառությունը կրում էր իրենում ծածկյալ կերպով, և ինչպես որ կոկոնի բացվելով՝ վարդը երևում է բոլորին, այնպես էլ Քրիստոս պայծառակերպությամբ հայտնի է դարձնում Իր աստվածության մասին»:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

25.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․