Գրքեր

Փորձությունները հաղթահարելի են Աստծով

Մարդկային դարավոր պատմությունը վկայում է բազում փորձություններ, որոնց բովով անցել են ինչպես անհատներ, այնպես էլ ազգեր: Ինչպես անհատի, այնպես էլ ազգերի կյանքում փորձությունը շրջադարձային նշանակություն է ունեցել: Եվ զարմանալին այն է, որ ցավի, տխրության և փորձության ետևում, ըստ Եկեղեցու հայրաբանության, թաքնված է Աստծո կամքը և օրհնությունը,  մարդու կատարելագործումը, ինչն, իհարկե, մարդն անմիջապես չի կարող նկատել: Մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը, մինչ հայրապետական գահին բազմելը, Աստծով հաղթահարեց այն անասելի և անտանելի չարչարանքները, որոնցից հենց առաջինի դեպքում մարդն իր մահկանացուն կկնքեր: Նա Տիրոջ կամքով տասներեք տարի անվնաս մնաց մահապարտների վիրապում՝ մինչև իր փառավոր ելքը: Նա չտկարացավ այդ մեծ փորձության մեջ, այլ Աստծով հաղթահարելով՝ հայ ազգին հեթանոսության խավարից քրիստոնեության լույսին դարձրեց՝ դառնալով Հայոց ազգի երկրորդ Լուսավորիչը:

Հիվանդությունն ու փորձությունը աստվածային նախախնամության այն առաջնահերթ դեղամիջոցներն են, որոնց միջոցով Տերը փորձում է մարդու մեջ վերականգնել Իր պատկերը: «Նախախնամող Աստված մեզ թույլ է տալիս ենթարկվել այնպիսի փորձությունների, որոնք ի զորու ենք տանելու: Ինչպես անձրևը, թափվելով երկրի վրա, կենդանացնում է սերմերը, այնպես էլ փորձությունը, մուտք գործելով մեր հոգին՝ ջերմեռանդություն է արթնացնում: Փորձությունը թույլ տվողն Ինքը գիտի ժամանակը՝ այն վերջ դնելու: Այն, ինչ մեզ հետ լինում է այստեղ՝ երկրի վրա, թեև ցավալի է, սակայն կարճատև՝ այն բարիքի համեմատ, որը սպասվում է մեզ այնտեղ՝ Երկնքում, որ անսահման է և հավիտենական»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Սուրբը մատնանշում է, որ փորձությունը չարիք չէ, այլ բարիք. այն առաքինի անձանց առավել առաքինի է դարձնում, այն հնոց է ոսկու մաքրման համար, աղաց, որ առանձնացնում է կոշտ սերմերը ցորենից, փուշ ու տատասկը ոչնչացնող կրակ է, որ հողը դարձնում է ընդունակ բարի սերմերի համար: Հինկտակարանյան կերպարներից Հոբը, որ առաքինի կյանքով էր ապրում, առավել առաքինի դարձավ՝ հավատքով և համբերությամբ հաղթահարելով իրար հաջորդող մեկը մյուսից ծանր փորձությունները: Աստված ցանկացավ, որ արդար, աստվածապաշտ և ճշմարտախոս Հոբն առավել փառավորվի: Փորձությունների հաղթահարումից հետո Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. իր տասը զավակների կորստից հետո Հոբը կրկին մեծ ուրախություն ապրեց իր յոթ տղաների և երեք աղջիկների ծնունդով: Տերը նրան շատ ավելի մեծ հարստություն պարգևեց, քան նա ուներ նախկինում: Փորձության մեջ տրտունջի և բողոքի փոխարեն՝ Հոբի շուրթերից հետևյալ խոսքերը հնչեցին՝ Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ (Հոբ 1:21): Նա դարեր ի վեր և այսօր էլ իր հավատքի և համբերության վառ օրինակով շարունակում է ամրապնդել փորձության մեջ գտնվողների հավատքը:

Փորձությունները հաղթահարելու ուղին քրիստոնյային շնորհում է փորձառություն և հոգևոր ուժ: Փորձությունը քննություն է, որով բացահայտվում է մարդու հոգու լավ կամ վատ կողմերը: Այդպիսի փորձություն Աստծով անցավ Աբրահամը (Ծննդ. 12), իսրայելացիները (Երկ. Օր. 8): 

Փորձության վերաբերյալ այն հարցումներին, թե՝ ինչի՞ համար են փորձությունները, ինչպե՞ս էին փառավորվում սրբերը և ինչո՞ւ էին նրանք փորձության ենթարկվում, եթե հնարավոր էր առանց այդ ամենի Երկնային Արքայության արժանանալ, Ս. Հովհան Կրոնշտադտացին պատասխանել է. «Սովորաբար հագուստի համար գնվող կտորը թեթևակի պատռում են՝ տեսնելու՝ այն ամո՞ւր է, թե՝ ոչ: Ալյուրը, միրգը, բանջարեղենը, գինին, կարագը գնելուց առաջ նայում են կամ համտեսում՝ ստուգելու համար թա՞րմ են, թե՝ ոչ: Գնումներից առաջ մարդիկ այս կերպ են վարվում՝ խուսափելու համար անորակ ապրանքից, քանի որ շատ վաճառողներ վատ ապրանքը՝ լավի, կեղծ դրամը և կեղծ արծաթն իրականի փոխարեն են ներկայացնում: Այդպես և մարդը հաճախ չի նկատում, որ ինքը կեղծավորության մեջ է, իսկ փորձության արդյունքում սկսում է տարբերակել, թե իր հոգում որքան կեղծ և որքան իրական հարստություն կա, որքան իրական արծաթ և ոսկի կա, որքան աղբ ու ժանգ կա: Քանի որ Աստծուն անհրաժեշտ է մաքուր արծաթ և ոսկի, աստվածային անաղարտ պատկեր, մաքուր հոգի և սիրտ: Իսկ սրբերը փառավորվում էին Աստծուց և Երկնային Արքայության արժանանում սխրանքներով, փորձությունները Աստծով հաղթահարելով: Աստված սրբերին թույլ էր տալիս վտանգների և փորձությունների միջով անցնել, որպեսզի մարդիկ, նրանց  օրինակն իրենց աչքի առջև ունենալով, չհուսահատվեին, երբ փորձության մեջ ընկնեին, այլ հակառակը՝ գոհանային Աստծուց, որ հոգ է տանում իրենց մասին՝ իրենց  փորձության ենթարկելով: Աստված թույլ է տալիս փորձությունները, որպեսզի մարդիկ սովորեն հեռու մնալ չարից և հավատքի մեջ ամրանան»:

Աստծո հանդեպ հավատը, վստահությունը և սերը ճանաչվում է դժվարության և փորձության մեջ: Յուրաքանչյուր փորձություն և հիվանդություն  բժշկություն է Աստծուց՝ տկար հոգիների բուժման համար, ուստի մարդը, գնահատելով Աստծո անսահման ողորմությունը, պետք է փառաբանի Աստծուն և ոչ թե տրտնջա, չպետք է վախենա փորձությունից, այլ սովորի հաղթահարել այն, քանի որ դեպի Երկինք տանող ճանապարհը նեղ է և նեղ է այն դարպասը, որով մուտք են գործում երանելի վայր (Մատթ. 7:13-15): Փորձության մեջ մարդն ավելի է խճճվում, երբ փորձում է առանց աղոթքի և համբերության հաղթահարել այն: Փորձության ժամանակ թերահավատությունն ու հուսահատությունը կործանում են հոգին և ուրախություն պատճառում չարին: Մեծ փորձությունների դիմաց քրիստոնյային մեծ պարգևներ են սպասվում:  

Երբ երկինքը ծածկվում է մռայլ ամպերով ու մեծ փոթորիկ է բարձրանում, թվում է, թե արևը թողել է աշխարհը, այնինչ այդ ժամանակ էլ պայծառ լուսատուն իր նուրբ շողերը տարածում է ողջ աշխարհով մեկ: Այն ժամանակ, երբ փորձության մութ ամպերն ու փոթորիկը պատում են մեզ, այն ժամանակ էլ թվում է, որ Աստված թողել է մեզ, այնինչ Աստված այդպիսի մթության մեջ էլ չի թողնում Իրեն հավատարիմներին, այլ Իր անտեսանելի ուժով պահպանում է նրանց: Այդ ժամերը քրիստոնյայի համար հավատի, հույսի, սիրո և համբերության փորձության ժամեր են: Այդպիսի փորձության ենթարկվեց մի մարդ, ով երազում տեսավ՝ կարծես թե քայլում էր ավազե ափին, իսկ նրա կողքով քայլում էր Աստված: Երկնքում նշմարվում էին նրա կյանքից պատկերներ և յուրաքանչյուր պատկերից հետո նա ավազի վրա տեսնում էր հետքերի երկու շղթա՝ մեկն իր ոտնահետքերն էին, մյուսն՝ Աստծո: Երբ նրա առջև երևաց իր կյանքից վերջին դրվագը, նա նայեց ոտնահետքերին և տեսավ, որ հաճախ նրա կյանքի ընթացքում ոտնահետքերի միայն մի շղթա էր: Նկատեց նաև, որ դրանք իր կյանքի ամենածանր և դժբախտ ժամանակների հետ էին համընկնում: Մարդը վշտացավ և հարցրեց Աստծուն.

- Դու չէի՞ր, որ ասում էիր, եթե ես գնամ քո ասած ճանապարհով, դու ինձ մենակ չես թողնի: Բայց ես նկատեցի, որ իմ կյանքի ամենածանր պահերին միայն ոտնահետքերի մի շղթա էր ավազի վրա երևում: Ինչո՞ւ ինձ լքեցիր, երբ ես ամենաշատը քո կարիքն ունեի:

Աստված պատասխանեց.

- Իմ զավա՛կ: Ես սիրում եմ քեզ և երբեք քեզ չեմ լքի: Երբ քո կյանքում վիշտ էր և փորձություններ, քո ճանապարհի վրա միայն ոտնահետքերի մեկ շղթա էր տարածվում, որովհետև այդ ժամանակ ես քեզ իմ ձեռքերի վրա էի տանում:

Հարկ է՝ մեր հոգում ամրագրենք Տիրոջ այս խոսքերը՝ Ս. Պողոս առաքյալի շուրթերից հնչած. «Այն փորձությունները, որ դուք կրեցիք, մարդկային սահմաններից դուրս փորձություններ չէին: Բայց վստահեցե՛ք Աստծուն, նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա ձեզ այն հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանաք տոկալ» (Ա Կորնթ. 10:12):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

21.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․