Գրքեր

Փորձությունները հաղթահարվում են միմիայն Աստծո օգնությամբ

«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում՝ նաև նշելով, որ փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ Ինքն է փորձության ենթարկում մարդկանց: Փորձության պատճառները շատ են. յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից (Հակոբոս 1:12-15): Սողոմոնը պատճառներից մեկը դիտում է աղքատությունը՝ չլինի, թե աղքատանամ և գողություն անեմ (Առակներ 30:9): Ըստ Իմաստունի՝ հաջորդ պատճառը փորձության առաջնորդող կարող է լինել նաև մեծ հաջողությունները՝ չլինի, թե հարստանամ և ուրանամ Քեզ (Առակներ 30:9): Փորձությունից խուսափելու կամ հեռու մնալու համար՝ Քրիստոս Իր կարևոր պատգամը հղեց առաքյալներին և համայն մարդկությանը. «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է» (Մատթեոս 26:41): Սբ. Պետրոս առաքյալն էլ է արթնության կոչ անում՝ արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա (Ա Պետրոս 5:8):

Իսկ փորձությունների հաղթահարման, դրանք մարդկային սահմանների մեջ կամ նրանից դուրս լինելու մասին՝ Սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին և մեզ՝ ընթերցողներիս, հետևյալն է ասել. «Այն փորձությունները, որ դուք կրեցիք, մարդկային սահմաններից դուրս փորձություններ չէին: Բայց վստահեցեք Աստծուն. Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք, այլ փորձության մեջ անգամ ցույց կտա հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանաք տոկալ» (Ա Կորնթացիներ 10:13):

Այս մխիթարական հորդորի վերաբերյալ Սբ. Հովհան Ոսկեբերանը հետևյալ ուսուցողական մեկնությունն է մեզ թողել՝ նշելով փորձությունների տանելի և անտանելի լինելու մասին: Սբ. Պողոս առաքյալն այս խոսքերով դիմում է կորնթացիներին՝ նրանց մեջ բավականաչափ կերպով արթնացնելով պատժի վախը՝ հին օրինակների համաձայն և երկյուղը՝այս խոսքերով. «Ահա, թե ինչու, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (Ա Կորնթացիներ 10:12): Քանի որ կորնթացիները բազմաթիվ փորձություններ էին կրել և հաճախ էլ ենթարկվում էին դրանց, առաքյալն այս խոսքերն ասաց՝ ես ձեզ մոտ գալու ժամանակ էլ տկար էի, սաստիկ վախի ու դողի մեջ (9:3), որպեսզի նրանք չասեն, թե ինչո՞ւ ես մեզ սարսափեցնում և նախազգուշացնում, մեզ անծանոթ չեն վտանգները, մենք հաճախ ենք հետապնդվել և հալածվել՝ ենթարկվելով բազմատեսակ վտանգների: Նա՝ առաքյալը, կրկին հնազանդեցնում է նրանց հպարտությունը՝ ասելով, ձեզ բաժին է ընկել ոչ այլ ինչ փորձություն, քան մարդկայինը, այն էլ փոքր, կարճատև և չափավոր: Մարդկայինը նա գործածում է փոքրի փոխարեն՝ ասելով. «Ծառայի օրինակով եմ խոսում, որովհետև այդպես ավելի հասկանալի է ձեզ: Ինչպես մի ժամանակ ձեր մարմիններն անօրինության տված՝ ծառայում էիք պղծությանն ու անօրենությանը, այնպես էլ հիմա ձեր մարմինները սրբությա՛նը տվեք և ծառայեցե՛ք արդարությանը» (Հռոմեացիներ 6:1): Ապա, դիմելով նրանց, ասում է, որ մի գովաբանեք ձեզ ասելով, թե փոթորկին դիմակայել եք, դուք դեռ չեք տեսել վտանգներ՝ մահվան սպառնալիքներով լի, կամ էլ փորձություններ, որ կործանարար են: Նույնը և առաքյալն ասում է եբրայեցիներին. «Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում» (Եբրայեցիներ 12:4): Վախի զգացումը տարածելով, բայց և ներշնչելով նրանց խոնարհամտությամբ՝ կրկին քաջալերում է. «… բայց վստահեցեք Աստծուն. Նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք»:

Սույն հատվածի մեկնության ավարտին Սբ. Հովհան Ոսկեբերանը մեր ուշադրությունը սևեռում է մի կարևոր հանգամանքի շուրջ՝ այս հարցադրումը տալով՝ նշանակում է կա՞ն փորձություններ, որ անտանելի են և որո՞նք են դրանք: Ապա պատասխանում է՝ կարելի է ասել բոլոր փորձությունները, քանի որ դրանց հաղթահարելու հնարավորությունը կախված է Աստծո օգնությունից, որը մենք ձեռք ենք բերում մեր իսկ ցանկությամբ: Դու արդեն ամբողջովին համոզվեցիր, որ ոչ միայն մեր ուժերից վեր փորձությունները, այլ նաև մարդկայինը մենք չենք կարող կրել առանց Բարձրյալի օգնության: Նա ավելացնում է. «… այլ փորձության մեջ անգամ ցույց կտա հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանանք տոկալ»: Նույնիսկ չափավոր փորձությունը մենք չենք կարող տանել մեր սեփական ուժերով, այդ դեպքում էլ մենք Աստծո օգնության կարիքն ունենք, որպեսզի այն հաղթահարենք, այսինքն՝ կարողանանք տանել այն նախքան հաղթահարելը: Աստված տալիս է և՛ համբերություն, և՛ արագ ազատագրում, այնպես որ փորձությունն էլ դառնում է տանելի: Այդ մասին նկատի ունի առաքյալը, երբ ասում է. «… ցույց կտա հաղթահարելու միջոց, որպեսզի կարողանաք տոկալ»:

 

Կարինե Սուգիկյան

21.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․