Գրքեր

Պոռնկությունից զգուշանալու մասին

Աբբա Եղիա Բանիկտացին պատմեց մեզ և ասաց. «Մի անգամ նստած էի սուրբ Հորդանանի` ներքինիների վանքին մերձակա այրերից մեկում: Օգոստոս ամսվա սաստիկ խորշակահար և տոթակեզ մի օր՝ ժամը իննին, մեկը բախեց իմ այրի դուռը. ելա, տեսա` կին է, և ասացի նրան. «Ի՞նչ խնդիր ունես այստեղ»: Նա ասաց. «Ես, Տե՛ր աբբա, ճգնելու համար եկա այս անապատ և քո այրի նման փոքրիկ մի այր ունեի»: Ցույց տվեց ինձ դեպի հարավի կողմը և ասաց. «Երբ գալիս էի այս անապատով, խորշակի խստությունից ծարավեցի. բարի՛ եղիր, հա՛յր, մի քիչ ջո՛ւր տուր ինձ»: Մատուցեցի նրան բաժակը, վերցրեց, ըմպեց և արձակեցի նրան: Նրա գնալուց հետո դևն սկսեց մարտնչել ինձ հետ և գցել պոռնկական մտածումների մեջ, տիրեց ինձ, և չկարողացա հեռացնել տապը: Վերցրի գավազանը և այդ խորշակին, որ քարերն անգամ կիզում էր, դուրս եկա այրից և գնացի իմ ցանկությունը կատարելու: Եվ երբ գնացի մի մղոնի չափ` ցանկությունից շնչահեղձ, տեսիլքի մեջ ընկա և տեսա՝ երկիրը պատռված, որ կամենում էր կլանել ինձ, և տեսա այնտեղ ընկած մեռելների հերձված մարմիններ`  յուրաքանչյուրը  զազրելի գարշություններով լցված: Ոմն բարեվայելուչ քահանա ինձ ցույց տվեց այդ խորխորատների բնակատեղերը և ասաց. «Սա կանանցն է, սա՝ տղամարդկանցը, սա՝ երիտասարդներինը. վերցրո՛ւ դրանցից, որքան կամենաս`  քո այդ զազիր ցանկությունը կատարելու համար: Տե՛ս, որքա՜ն վաստակ ես կամենում կորցնել, որովհետև հեշտանքի համար ուզում ես զրկվե՞լ Երկնքի Արքայությունից և ընկնել մարդկայինի մե՞ջ. մի պահի համար այդքան վաստակդ կամենում ես քամուն տա՞լ»: Եվ ես ահռելի վշտից երեսնիվայր գետնին ընկա: Եկավ ինձ մոտ այն սքանչելի քահանան, կանգնեցրեց ինձ, և մարտը դադարեց: Ետ դարձա և գոհացա Աստծուց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․