19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Փրկչի մարմինը գերեզման դնելու տեսարանը պատկերների համակարգում

Քրիստոսի թաղման մասին խոսվում է բոլոր չորս Ավետարաններում, որոնք մեկը մյուսին լրացնում են (Մատթ. 27:57-61; Մարկ. 15:46-47; Ղուկ. 23:53-55; Հովհ. 19:39-42): Իսկ մարգարեներից Երեմիան այս­պես է մար­գա­րեա­նում Քրիստոսի թաղման մասին. «Իմ կյանքը գ­բի մեջ խեղդեցին, քար դրին ինձ վրա» (Ողբք Ե­րեմիայի 3:53)։­ Սաղ­մո­սեր­գու Դա­վիթն էլ սաղմո­սեր­գում է. «Ես համարվեցի նրանցից, ովքեր մահվան փոսն են իջնում, եղա անօգնական մի մարդ, լքված՝ մեռյալների մեջ, գերեզմանում պառկած սպանվածների պես, որոնց դու չես հիշում, և որոնք մերժված են քեզանից» (Սաղմ. 87:5-6)։ Սաղմոսերգուն գրում է նաև. «Քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, և քո սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմ. 15:10)։ Ապա՝ ասում. «Ինձ խորախոր փոսի մեջ դրին, խավարի և մահվան ստվերներրի մեջ: Բարկությունդ ծանրացավ ինձ վրա, ողջ հորձանքներդ իմ դեմ ուղղեցիր» (Սաղմ. 87:7-8)։­

Քրիստոնեական արվեստում պատկերագրության մեջ Հիսուսի թաղման գրեթե բոլոր տեսարաններում Փրկչի պատանված մարմինը գերեզման են տանում Հովսեփ Արիմաթիացին ու Նիկոդեմոսը: Հայկական մանրանկարչությունում պատկերվում է այն պահը, երբ Նիկոդեմոսն ու Հովսեփը Քրիստոսին գերեզման են դնում: Նրանց անունները գրված են լուսապսակների վերևում: Այս մանրանկարներում գերեզման դնելը պատկերվում է կամ դժոխքի ավերման, և կամ էլ հարության պատկերների հետ միևնույն էջում:

Գերեզման դնելու պատկերներում գերակշռում է շարժումը, գործողությունը: Հովհաննես Խիզանցին «Թաղում» մանրանկարում դիմել է ռիթմավորված հորինվածքի սկզբունքին: Օծման յուղեր բերած կանայք և Նիկոդեմոսն ու Հիսուսի աշակերտներից մեկը հորինվածքի անկյունային, իրար դիմահայաց խմբերն են, որոնց կենտրոնում Խիզանցին պատկերել է գերեզմանը, պատանված Հիսուսին ու Նրան գերեզման դնող Հովսեփ Արիմաթիացուն: Հետաքրքրական է, թե ինչպես է Հովհաննես Խիզանցին նկարադաշտի խիստ փոքր հատվածում կարողացել ստանալ Հիսուսին գերեզմանի մեջ դնելու գործողությունը: Առաջին հայացքից թվում է, որ միայն Հովսեփն է անմիջականորեն առնչվում թաղման արարողությանը: Նա բռնել է Հիսուսի ոտքերից ու հակվել մարմնի վրա: Սակայն նրա թիկունքում կանգնած Նիկոդեմոսը նույնպես ջանում է: Նիկոդեմոսը բռնել է Հովսեփի թիկնոցից և այդ շարժման տրամաբանությունը հուշում է, որ նա ևս մասնակից է Հիսուսի մարմինը գերեզմանում ամփոփելուն:  

Փրկչին գերեզման դնելու տեսարաններում ընդգծվում է Նրա պատանված լինելը, քանի որ թաղման պատանքը յուրօրինակ մի զուգահեռ է ծննդյան խանձարուրի հետ: Այդ պատանքով Քրիստոս մարդկությանը պիտի ազատեր ադամական մեղքի պատանքից ու շղթայից: Ծննդյան խանձարուրը թաղման ժամանակ դառնում է զոհասեղանի պատանք և այս խորհրդով Ավագ Ուրբաթ Քրիստոսի թաղման խորհրդանշական արարողության ժամանակ եկեղեցու սեղանը ծածկում են սպիտակ կտավով՝ ի նշան Քրիստոսի պատանման և վրան դնում Սուրբ Խաչ:

Շատ հաճախ տեսարաններն ավելի հասկանալի դարձնելու համար մանրանկարիչները դրանք ուղեկցում են բացատրական մակագրություններով: Պատմողական բնույթի մանրանկարներից մեկում գերեզմանի վրա երկնային խորանից ջահի նման կախված կանթեղը խորհրդաբանորեն արտահայտում է, որ Քրիստոսով գերեզմանը նոր երկինք դարձավ: Պատանված Քրիստոսի վերևում գրված է՝ Յիսուս ի գերեզմանի: Նիկոդեմոսը, Քրիստոսի մարմնին հակված, ձեռքով զգուշորեն ուղղում է Փրկչի գլուխը՝ այն հարմարեցնելով գերեզմանի կտրվածքին: Հովսեփն էլ նույն ձևով ուղղում է Հիսուսի ոտքերը, երկուսի գլխավերևում էլ գրված են անունները:

Հայկական արվեստում Քրիստոսին գերեզման դնելու պատմողական մանրանկարներից առանձնանում է Վասպուրականում գրված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող ձեռագիրը (1306 թ.): Այստեղ գերեզման դրվելը ներկայացված է թաղման թափորով: Մարիամների գլխավերևում գրված է՝ կանայքն յուղաբերքն, Հովսեփը, ում գլխավերևում գրված է՝ Հովսեփ Արիմաթիացին, Քրիստոսի պատանված մարմինը պահել է գլխի կողմից, իսկ Նիկոդեմոսը, որի անունը գրված է նրա լուսապսակին, պատանված մարմինը պահում է ոտքերի կողմից: Նիկոդեմոսի և Հովսեփի լուսապսակների մեջ գտնվող մակագրությունում ասվում է՝ խաչից իջեցված մեր Տեր Հիսուս Քրիստոսին տանում են գերեզման: Եկեղեցու հայրերը, անդրադառնալով Քրիստոսի պարտեզում թաղվելուն, գրում են, որ այն խորհրդանշում է հարության պտղաբերելը:

Ավետարանիչները նշում են, որ այն գերեզմանում, ուր դրվեց Քրիստոս, մինչ այդ որևէ մեկը չէր թաղվել: Մեկնաբանելով ավետարանական այս հատվածը՝ միջնադարյան մեկնիչները խորհրդաբանական բացատրություն են տվել՝ գերեզմանը անվանելով կույս գերեզման և ծնունդի հետ տարվող զուգահեռով նշել, թե Քրիստոս ծնվեց կուսական արգանդից և դրվեց կույս գերեզմանում, որպես կուսական մի նոր արգանդում:

Հայոց միջնադարի մեծ վարպետ, մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինի 1286թ. նկարազարդած Մալաթիայի Ավետարանի մանրանկարում խաչից իջեցման, Տիրամոր ողբի և գերեզման դնելու տեսարանները ներկայացված են մեկ պատկերում, որտեղ խաչից իջեցվող Քրիստոս, Ում ոտքից Նիկոդեմոսը դեռևս հանում է վերջին գամը, խաչափայտից իջեցվում է պատանքի, որն էլ իր հերթին դրված է բացված գերեզմանի այրին կպած, որի համար պատանքից իջեցվող Քրիստոս թվում է նաև գերեզման է դրվում: Աստվածամայրն ու Հովհաննես ավետարանիչը վշտահար նստած են խաչափայտի ներքո: Տիրամայրը հենված է գերեզմանի այրի կափարիչին: Նկարիչը գերեզմանի խորությունը պատկերել է գունային իրար հաջորդող նրբերանգների խաղով՝ բացից դեպի մուգը, մուտքի մոտ սպիտակագույն կապույտը գնալով մգանում և սևանում է գերեզմանի ներսում:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

19.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․