Գրքեր

Քառասնօրյա Քրիստոսի տաճար գալստյան տոն

Բեթղեհեմում Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո, երբ, ըստ Մովսեսի Օրենքի, լրացան սրբության համար նախատեսված օրերը, ժամանակն եկավ՝ կատարելու Աստծու հրամանով Մովսեսի օրինադրած այն պատգամը, որ արգանդ բացող առաջնածին ամեն արու զավակ պետք է սուրբ կոչվի, այսինքն՝ համարվի Աստծու բաժինը: Եվ համաձայն այդ օրենքի՝ քառասուն օր շարունակ սուրբ Կույսը պետք է տանից դուրս չգար ու արևի երես չտեսներ: Այս օրենքի պատճառը հետևյալն էր. ամեն մի կին, որ սաղմ է առնում, այսինքն՝ ընդունում է որդեծնության սերմը, մինչ իր արգանդում երեխայի շունչ ու հոգի առնելը՝ քառասուն օր, շրջում է իբրև դիակիր՝ կրելով իր ապագա մանկան դեռևս անշունչ մարմինը: Այս պատճառով օրինադրվեց, որ այն քառասուն օրերի փոխարեն, երբ արդեն սերմնավորված լինելով՝ մայրն իր մեջ կրում էր դեռևս հոգով չձևավորված մանկանը, երեխայի ծնունդից հետո քառասուն օր շարունակ նա տանն է մնում, և ապա միայն՝ դուրս ելնում տանից:

Այսկերպ վարվեց նաև Աստվածածին Կույս Մարիամը, թեպետ ինքը սուրբ ու անարատ էր և իրենից ծնվածն էլ Սուրբ Հոգուց էր: Այնունամենայնիվ Աստվածածինը վճարեց բնության «պարտքը» և Քրիստոսի Ծնունդից երեսունինը օր անց նա և Հովսեփը առան մանուկ Հիսուսին ու տարան նրան Երուսաղեմի տաճար՝ Աստծու առաջ կանգնեցնելու: Իսկ որպես Տիրոջը մատուցվող զոհաբերություն՝ Հովսեփն ու Մարիամը աղավնու երկու ձագ էին վերցրել իրենց հետ: Եվ երբ նրանք հասան Տաճար, արդեն երեկո էր ու մութը գնալով ավելի ու ավելի էր տիրում բնությանը: Տաճարի դուռը, որ արդեն բավական ժամանակ է, ինչ փակված էր, ինքն իրեն բացվեց նրանց առաջ՝ ըստ Եզեկիել մարգարեի՝ Բաբելոնում ասած այն խոսքի, համաձայն որի՝ Աստծու խոսքի զորությամբ փակված այդ դռնով ոչ ոք չի մտնի ու դուրս չի գա, այլ միայն՝ Իսրայելի Տեր Աստված: Մարգարեն այնտեղ՝ Բաբելոնում ասաց այս խոսքը և այստեղ՝ Երուսաղեմում փակվեց դուռը ու այն էլ՝ առանց նիգ ու սողնակի: Ու դեռ այնպե՜ս ամուր փակվեց, որ եթե մինչև իսկ հազար նիգ ու պարան էլ բերեին, հնարավոր չէր լինի վերստին բանալ:

Այսօր, սակայն, Քրիստոսի Գալստյամբ, դուռը ինքն իրեն հանկարծակիորեն բացվեց և այդ բացվելու ուժգին ձայնից դղրդաց ողջ քաղաքը: Ամենքը դուրս վազեցին իրենց բնակավայրերից, և քանի որ մութն էր տիրում շուրջբոլորը, ջահեր վառեցին ու բոլորը միասին գնացին Տաճար՝ տեսնելու «Եկածին»: Եվ ամենքը մեկմեկու ձայն էին տալիս՝ ասելով «Տե՛րն է առջևում»: Ուրիշներն էլ պատասխանում էին. «Նա, որ եկել է Տաճար, Ինքը՝ Տե՛րն է»: Ու այդպես միմյանց ձայն տալով՝ շտապով գնացին Տաճար և այնտեղ տեսան Հովսեփին ու Մարիամին և նրա գրկում՝ մանուկ Հիսուսին: Տեսան նաև իրենց հին օրերից ծանոթ ծերունի Սիմեոնին, որը բավականին երկար ժամանակ է, ինչ անգործ ու անխոս բնակվում էր իր տան մեջ: Նա մեկն էր այն յոթանասուներկու թարգմանիչներից, որոնք Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի հրամանով մարգարեական բոլոր գրվածքները եբրայերենից հունարենի թարգմանեցին:

Եվ այս ծերունի Սիմեոնը այդ ժամանակ, երբ դեռ երիտասարդ էր, թարգմանում էր Եսայու մարգարեության գիրքը: Թարգմանության ընթացքում, երբ Սիմեոնը հասավ ու գրի առավ այն խոսքը, որն ասում էր՝ «ահա՛ Կույսը կհղիանա ու կծնի Որդի», սկսեց տարակուսել իր մտքում և, ասելով՝ «հեթանոսները, որոնց համար կատարվում է այս թարգմանությունը, չեն հավատա այս խոսքին», ջնջեց իր գրի առած այդ բառերը: Սակայն քիչ անց նա զղջաց ու կրկին տրտմեց՝ մտածելով, որ իր թարգմանիչ ընկերները գուցե գրի առնեն այդ խոսքերը ու ինքը գրի չառնելու պատճառով ամոթահար լինի և դեռ մի բան էլ հակառակություն ընկնի թարգմանիչների միջև ու երկբայություն առաջանա մարգարեական խոսքի հանդեպ:

Այդ ամենը տեսավ նաև նրա ընկերը, քանի որ յոթանասուներկու թարգմանիչները երկու-երկու բաժանված էին իրարից ու ամեն զույգը Փառան կղզում՝ մի տաղավարի մեջ էր գտնվում այնպես, որ որևէ հնար չլիներ՝ միմյանց տեսնելու: Պատճառը Ալեքսանդրիայում գահակալող Պտղոմեոս արքայի հրամանն էր, համաձայն որի՝ թարգմանիչներին ամեն առավոտ պետք է տանեին Փառան կղզի և ապա երեկոյան կրկին վերադարձնեին իր մոտ, որպեսզի վերջիններս իրենց այդօրյա թարգմանությունները ընթերցեին ի լուր արքայի: Բոլոր երեսունվեց զույգ գրագիր թարգմանիչներն էլ միևնույն գիրն էին թարգմանում և ամեն օրվա ավարտին իրենց այդ օրվա թարգմանածը ընթերցում էին արքայի առջև, որպեսզի երևա այդ գրվածքների ճշմարտությունն ու մարգարեների միաբանությունը: Ու որպեսզի թարգմանիչները չկարողանան մեկը մյուսի մոտ գնալ և կամ որևէ բառ մեկը մյուսից վերցնել ու միևնույն բանը իրենց թարգմանության մեջ գրել, հրամայված էր, որ բոլոր սենյակների դռները դեպի ծով բացված լինեին: Եվ այդ դեպքում, միմյանցից հեռու լինելով, նրանք ստույգն ու ճշմարիտը կգրեին:

Իսկ ժամանակների հեռվում մարգարեների կողմից ասված կանխագուշակությունները, ի մի գալով, միաձայն վկայում էին Աստծու Բանի Գալստյան մասին: Ու երբ Սիմեոնը ջնջեց իր գրածը և ապա մտքում վարանեց արածի համար, իր հետ եղող ընկերը ևս երկմտեց ու տարակուսեց և երկուսն էլ տրտմության մեջ լինելով քուն մտան: Իսկ երբ զարթնեցին, տեսան, որ այն, ինչ իրենք չէին համարձակվել գրի առնել, գրված էր ինչ-որ զարմանալի ոսկեգույն գրով: Սիմեոնը, երբ տեսավ այս, մի ամբողջ օր ու գիշեր լաց եղավ՝ երանի տալով այն կուսածին Մանկան Ծննդյան ժամանակներին և նրանց, ովքեր կտեսնեին Նրան: Հենց այդժամ էլ Սուրբ Հոգին ասաց նրան. «Մահ չե՛ս տեսնի, մինչև որ չտեսնես կուսածին Մանկանը, որ Օծյալ Տերն է, ու վայելես այդ երանությունը»:

Եվ Սիմեոնը, ըստ Սուրբ Հոգու ճշմարիտ հրամանի, կենդանի մնաց երեք հարյուր քառասուն երեք տարի ու հասավ իր բաղձանքին: Երբ քառասնօրյա Օծյալ Հիսուս եկավ Տաճար, Սուրբ Հոգին ասաց Սիմեոնին. «Վե՛ր կաց, ծերունի՛, և գնա՛ տաճար ու տե՛ս Նրան, ում երազում էիր տեսնել, ահավասիկ Կույսը և նրա Որդին»: Եվ Սիմեոնը, գնալով՝ իր գիրկն առավ կուսածին մանկանն ու օրհնեց Աստծուն՝ ասելով. «Արդ, խաղաղությամբ արձակի՛ր Քո ծառային, Տե՛ր, ըստ Քո խոսքի, քանի որ իմ աչքերը տեսան ամենքի համար պատրաստած Քո փրկությունը. Լույսը, որ Հայտնություն եղավ հեթանոսների ու փառք՝ Իսրայելի Քո ժողովրդի համար»: Սիմեոնը օրհնեց նաև Հովսեփին ու Մարիամին՝ Օծյալ Մանկան մասին հետևյալն ասելով Աստվածածնին. «Ահա՛ քո Որդին կանգնած է Իսրայելի անկման ու վերելքի կիզակետում՝ որպես նշան հակառակություն, և իմացա՛ծ եղիր, որ մինչև իսկ քո անձի միջով երկմտության սուր պիտի անցնի»: Այս ասելով՝ ծերունին Մանկանը վերադարձրեց Մորը ու ինքն էլ, ազատվելով ծերության տառապանքներից ու մարմնի կապանքներից, որոշ ժամանակ անց հենց Տաճարում հանգչեց ու Աստծուն ավանդեց իր հոգին:

Այսպես նաև Աննա մարգարեուհին՝ Ասերի ազգատոհմից Փանուելի դուստրը, միևնույն ժամին վեր կենալով՝ գոհություն մատուցեց Տիրոջը ու սկսեց խոսել Մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի մխիթարության ակնկալությունն ունեին: Իսկ Հովսեփն ու Մարիամը, երբ կատարեցին իրենց ուխտը, վերադարձան Նազարեթ: Տասներկու օր անց էլ, Աստծու հրեշտակի հրամանով, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսի հետ փախուստի դիմեցին Եգիպտոս՝ Հերմոպոլիս քաղաք, որպեսզի Հերովդեսի մարդիկ չսպանեին Մանկանն ու որպեսզի կատարվեր Եսայու այն մարգարեությունը, թե՝ «Ահավասիկ Տերը, թեթև ամպին բազմած, կգնա Եգիպտոս, իսկ Եգիպտոսի ձեռակերտ կուռքերը Տիրոջ երեսից կտարուբերվեն»,- ինչպես որ եղավ:

Ծերունի Սիմեոնի մասին հայտնի է նաև այն, որ Աստծու կողմից նրան արգելված էր մահ տեսնել, որպեսզի նրան հայտնի դառնա Որդի Աստծու իշխանությունը: Այդ պատճառով Հոր կամքով Սուրբ Հոգին կապեց նրան երկար տարիների կապանքներով, որպեսզի երբ Աստծու Որդին գա աշխարհ ու արձակվեն այդ կապանքները, այդպիսով աշխարհին հայտնվի Նրա մեծությունը: Դարեր էին անցնում, սակայն ծերունին շարունակում էր ապրել, որպեսզի վկա լինի, թե Ով է ժամանակի Տերը: Ազգերն ու սերունդները ի մահ էին ննջում, սակայն ծերունին կենդանի էր մնում, քանի որ նրա հայացքը մշտնջենավորին էր հառած: Մահը անցնում էր ծերունու այս ու այն կողմով, սակայն նրան չէր մերձենում: Մինչև իսկ նահապետները գալիս ու գնում էին Սիմեոնի առջևով, սակայն ինքը, իբրև արձան, կանգնեցված էր ճանապարհի մեջտեղում՝ որպես հավիտենական կյանքի ուղեցույց: Աստված անլուծանելի կապանքներով շղթայել էր ծերունուն, որպեսզի Իր գալստյամբ ճանաչեցնի նրան Իր ճշմարիտ Աստվածությունը:

Բազմամյա ծերունու համար այս նշանն էր դրվել, որ Նա, ով կխաղաղեցնի իր ծեր հոգին, Նա՛ է իր Տերը: Եվ Սիմեոնն ուշի-ուշով փնտրում էր բոլոր ծնունդների մեջ՝ գտնելու Նրան, ով ներում կշնորհեր իր «ծերությանը»: Ու մինչդեռ Սիմեոնը ժուժկալությամբ համբերում էր, եկավ իր՝ կապանքներից արձակվելու ժամանակը: Եկավ Ի՛նքը՝ արարածների Նախախնամողը՝ արձակելու ծերունու կենսակապ նավը և հանգուցելու այն մահվան նավահանգստին… մինչև Իր մյուսանգամյա Գալուստը:

Երբ կուսածին Մանուկը եկավ Տաճար, Սուրբ Հոգին էլ կանչեց Սիմեոնին ու ասաց. «Արի՛ ու գգվի՛ր կապյալներին արձակողին՝ հայցելով Նրանից, որ արձակի և Քե՛զ: Արի՛, ծերունի՜, և ընդունի՛ր քո վախճանն այս Մանուկից»: Եվ Սիմեոնը զորացավ Սուրբ Հոգով ու իր գիրկն առավ Մանկանն՝ աղերսելով. «Արդ, ըստ Քո խոսքի, արձակի՛ր քո ծառային խաղաղությամբ և լուծանի՛ր իմ կապանքները՝ ըստ քո խոստման: Չէ՞ որ ես Քեզ էի սպասում, որպեսզի Դու գաս ու Քո Ծննդյամբ արձակես ինձ, ուստի, Տե՜ր, հրամայի՛ր մահվանը, որ նա էլ իր գիրկն առնի ինձ՝ ինչպես որ խոստացար: Մինչ այս արգելել էիր ինձ մահանալ՝ Քեզ աշխարհում տեսնելու համար: Այժմ Քո հրամանով բացի՛ր մահվան դուռը, քանի որ ես տեսա Քեզ՝ Փրկիչ Աստծուդ: Արդ, արձակի՛ր կապյալիս, Տե՛ր, քանի որ եկել է ժամանակը, որ ես ննջեմ հողի մեջ: Հրամայի՛ր, Տե՜ր, մահվան հողմին զեփյուռել ինձ վրա: Իսկ երբ գնամ երկնային օթևանը, արի՛ և Քո գիրկն առ ինձ, ինչպես որ ես այսօր Քեզ գրկեցի: Հրամայի՛ր մարմնիս հող դառնալ, որպեսզի երբ գաս Քո բազում հրեշտակների հետ, նաև ի՛նձ Հարություն շնորհես: Այս աշխարհի ճամփեզրին Քեզ սպասելով՝ շատ տքնեցի ես, Տե՛ր, այսուհետ ննջո՛ւմ շնորհիր ինձ՝ մինչ Հարության օրը Քո ձայնը նորից ինձ արթնացնի: Ինչպես բոլորին, նույնպես և ի՛նձ սերմանիր գերեզմանում, որպեսզի երբ անցնի այս աշխարհի ձմեռը, հրամայես վերստին ծաղկել: Որպես ցորեն՝ թաղի՛ր ինձ գերեզմանի վիրապում, և երբ բխեցնես Կյանքի անձրևը, թող որ պտղաբեր բերք լինեմ ես Քեզ համար»:

Հովսեփը, երբ լսեց այս խոսքերը, առաջ գալով՝ ասաց ծերունուն. «Ասա՛ ինձ, ո՜վ Սիմեոն, քո հաղորդած այդ խոսքերը, որոնք Մանկանն ես վերագրում ու որոնք թերևս հազիվ հասուն մարդը կարողանար ասել, քառասնօրյա այս Մանուկը ինչպե՞ս է քեզ ասել: Եվ կամ այս Մանուկը ինչպե՞ս կարող է քեզ ապրելու կապանքներով շղթայած լինել, կամ նախկինում այդ ե՞րբ ես դու տեսել Նրան: Չէ՞ որ դեռ քառասուն օր է, ինչ Մարիամը ծնել է Մանկանը, իսկ դու արդեն բազմամյա ու ալեհեր ծերունի ես, մի՞թե քո ծերությունը Նրա մանկությունից կրտսեր է ու Նրա մանկությունն՝ առավել քո ծերությունից»: Եվ ծերունի Սիմեոնը պատասխանեց Հովսեփին այս խոսքով միայն. «Ա՛յս է ճշմարտությունը. այդ Մանուկը Տե՛րն է աշխարհի»:

Հիրավի, Սիմեոնի աղերսանքը ճշմարտապես վկայում է Մարիամի Որդու մասին, որ Նա՛ է հավիտենական Աստված:

Քո ամենապայծառ քառասնօրյա Տաճար Գալստյանդ շնորհներով, Որդի՛ Աստծու, ողորմի՛ր այս գիրը կարդացողներին ու լուսավորի՛ր նրանց հոգիները: Ամեն:

 

 

«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

13.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․