Գրքեր

Քարոզ Անառակի կիրակիի

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Աստծո բարեհաճությամբ կանգնել ենք արդեն Մեծ Պահքի երրորդ շաբաթվա շեմին և մեր աղոթական ընթացքն ենք շարունակում պահոց շրջանի ապաշխարության փրկարար ճանապարհով: Ինքնաքննությամբ, անկեղծ զղջմամբ, բարի գործերով լեցուն այս շրջանը, որ հույժ կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, աստվածային իմաստուն խրատներով, կենդանարար լույսով և բուժիչ մաքրությամբ է լցնում կործանարար մեղքից կրկին կյանքի դարձող մեր հոգիները: Մարմնի և հոգու պահքը սրբում, հեռացնում է մեզնից ամեն ավելորդը, անպետքն ու մահաբերը՝ լուսապայծառ թեթևություն ու երանավետ խաղաղություն պարգևելով մեղավոր ախտերի ծանրության տակ կքած աստվածապարգև մեր հոգիներին: Հատկապես Մեծի Պահոց շրջանում է, որ առավել ցայտուն կերպով ենք զգում Սիրող Հոր մեծ հոգատարությունն ու անսահման սերն Իր արարածների նկատմամբ: Ավետարանական առակների անհուն իմաստությամբ զարդարված կիրակիներն էլ օգնում են մեզ ավելի դյուրությամբ ընկալելու և յուրացնելու աստվածային պատգամները:

Առաջին առակը, որ ընթերցվում է կիրակիների շարքում, «Անառակ որդու վերադարձն» է, որ արդեն լսեցինք և որի մասին պիտի խոսեմ այսօր: Վստահաբար կարող եմ ասել, որ սա ավետարանական ամենահայտնի, ամենաընթերցված և ամենաքննարկված առակն է: Հայտնի նկարիչներն այս առակի դրվագները պատկերել են իրենց կտավների վրա, առակի անվանումը թևավոր խոսք է դարձել ու մինչ օրս էլ գործածվում է մարդկանց կողմից, և հավանաբար ծանրակշիռ մի պատճառ կա, որ առակն այդքան հանրահայտ է դարձրել: Արդ, միասին քննենք այն՝ փորձելով բացահայտել այդ պատճառն ու մեզ համար օգտակար դասեր քաղել դրանից:

Առակում պատմվում է մի ընտանիքի կրտսեր որդու մասին, ով բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք էր վարում հայրական հարկի ներքո: Իր կյանքի և ապրուստի մասին մտահոգվելու կարիքը չուներ ամենևին, քանզի սիրող հայրն էր հոգում այդ ամենի մասին և իրենից պահանջվածը միայն որդիական հնազանդությունն էր և կալվածքի գործերին մասնակցությունը: Անամպ ու երջանիկ կյանք, կասեք դուք, և ես միանգամայն համամիտ կլինեմ ձեզ հետ, սակայն առակի երիտասարդն ամենևին էլ այս կարծիքին չէր: Սիրող հոր կամքին, ճիշտ գործելու հրահանգներին, սխալներից հեռու մնալու հորդորներին ենթարկվելը ծանրացել էր մտացածին ազատություն տենչող հոգու վրա, և անհնազանդության չար ոգին նրան մղել էր ազատվելու հայրական հոգատար գրկից: Կարծեցյալ ազատության քամին, սրբելով նրա գլխից խելամտության վերջին փշրանքները, ստիպեց նրան դիմելու հորը և պահանջելու իրեն հասանելիք ժառանգության մասը, որ հոր մահվանից հետո միայն պիտի ստանար: Ժամանակի փորձություններն անցած ու տարիների իմաստությունը ձեռք բերած հայրական սիրտը, վստահաբար, դառնությամբ լցվեց, քանզի միանգամից հասկացավ, թե որքան կործանարար ճանապարհ է ընտրել իր սիրելի զավակը և վշտացավ: Վշտացավ, որովհետև գիտեր դրա տխուր հետևանքները, սակայն հասկանում էր նաև, որ որոշումն արդեն կայացված է և այլևս անիմաստ է որդուն հակառակը համոզելը: Իսկ որդին ցնծում էր: Ազատվել էր հոր խոսքին ենթարկվելու անհրաժեշտությունից և ստացել սեփական ցանկություններով առաջնորդվելու այնքան բաղձալի ազատությունը: Որքա՜ն ծանոթ և ցավալի պատկեր, այնպես չէ՞: Վստահ եմ յուրաքանչյուր ոք կարող է իրեն գտնել այս դրվագում, սակայն առաջ անցնելով՝ տեսնենք, թե իր «ազատությունն» ինչպես օգտագործեց առակի կրտսեր որդին: Իսկ նա, երիտասարդությանը բնորոշ անհամբերությամբ, վերցրեց հայրական ունեցվածքի իր բաժինն ու շտապեց մեկնել օտար հեռուներ: Հայրական աչքից ու խրատներից հեռու, երիտասարդական անխոհեմությամբ կուրացած, տրվեց ցոփ ու շվայտ, անառակ ու մեղսալից կյանքին, մի որոշ ժամանակ վայելեց այդ ծույլ ու զվարճալից կյանքը, մսխեց հորից ստացած բոլոր փողերն ու ինչպես նման դեպքերում է պատահում՝ ի վերջո առերեսվեց իրական կյանքի հետ: Ժամանակավոր ընկերները, ծախսված վերջին գումարների հոսանքի հետ միասին, հեռացան նրանից՝ ձեռնունայն թողնելով իր հորինած ազատության և իր կերտած փուչ իրականության մեջ, որում չկային ո՛չ սիրող հայրը, ո՛չ ընտանեկան հարկի ջերմությունը և ո՛չ էլ այն կյանքը, որի համար հեռացել էր իր արմատներից: Ավելին՝ այն երկրում, որտեղ բնակություն էր հաստատել, սով էր սկսվել: Հայրական հարուստ կալվածքներում մեծացած որդին, որ չէր կամենում հորը ենթարկվել, այժմ խնդրում էր օտար մեկին, որպեսզի ծառայության անցնի նրա մոտ՝ նրա խոզերն արածեցնելու: Խոզին պիղծ կենդանի համարող հրեայի համար չտեսնված անարգանք էր սա, ուստի կպատկերացնեք, թե ինչպիսի սարսափելի ծայրահեղ թշվառության էր հասել երբեմնի հարուստ այդ երիտասարդը, որ նույնիսկ այդ ստորին աշխատանքին էր համաձայն: Սակայն սա էլ դեռ ամենը չէր: Ավետարանում պատմվում է, որ. «Նա նույնիսկ պատրաստ էր խոզերի կերած եղջերենու պտուղով իր փորը լցնելու, սակայն ոչ ոք դա նրան չէր տալիս» (Ղուկ. 15:16): 

Այո՛, սիրելինե՛ր, մեղքի բաժակը մինչև վերջ խմված էր: Առջևում միայն մահաբեր անդունդն էր, իսկ ետևում՝ փրկարար հայրական տունը: Որդին հայտնվել էր այն իրավիճակում, որտեղ նախ հոգու խոնարհություն, հետո արդեն արիություն էր անհրաժեշտ՝ ճշմարտության աչքերին նայելու, իր գործած սխալը գիտակցելու, խոստովանելու, զղջալու և փրկության ճանապարհին վճռականորեն կանգնելու համար: Բարեբախտաբար առակի հերոսն ուներ հոգևոր այս հատկությունները, որի մասին իմանում ենք Ղուկասի ավետարանի հետևյալ տողերից. «Երբ անդրադարձավ իր վիճակին, ինքն իրեն ասաց. «… Վեր կենամ գնամ հորս մոտ և ասեմ նրան. «Հա՛յր, մեղանչեցի Աստծու և քո դեմ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ համարիր քո աշխատավորներից մեկը»: Ապա վեր կացավ և գնաց իր հոր մոտ» (Ղուկ. 15:17-20): Ինքնաքննությունը կատարված էր, սխալները գիտակցված, զղջումն անկեղծ էր, ապաշխարության ճանապարհը՝ հաստատ: Եվ անառակ որդին՝ միայնակ, թշվառ, սրտաբեկ, մեղքերից աղտոտված ու հյուծված դառնում է դեպի փրկության միակ հանգրվանը՝ դեպի սիրող հայրը:

Ավելի մեծ սեր, ավելի մեծ ներողամտություն, ավելի մեծ ողորմածություն անհնար է գտնել որևէ այլ կերպարի մեջ, քան այս առակի հայրն է: Մարդկային ըմբռնումներով անհնար է պատկերացնել մի հոր, ով իր գործած անհամար բարիքների դիմաց որդուց ստանա անհնազանդություն, դավաճանություն և մոռացում, և նրա վրա չարանալու ու նրան հանդիմանելու փոխարեն, անսահման սիրով և անհուն կարոտով գրկաբաց նրա վերադարձին սպասի: Իսկ առակի հայրը հենց այդպիսին է: Ինչպես կարդում ենք առակի շարունակության մեջ, իրեն ընդառաջ եկած հորը որդին հասցրեց ասել միայն, որ մեղանչել է նրա դեմ և այլևս արժանի չէ նրա որդին կոչվելու, և դա բավական եղավ, որպեսզի հայրը ների նրան, հին ցնցոտիների փոխարեն նոր զգեստ հագցնի և մատանի դնի մատին, որ միայն որդին և ժառանգը կարող էր կրել:

Ճիշտ այսպիսին է ապաշխարության ուղին բռնած յուրաքանչյուր մարդու պատմությունը և Աստծուց հեռացած համայն մարդկության պատմությունն ընդհանրապես: Այո՛, բոլորս էլ հայտնվել և հայտնվում ենք անառակ որդու կարգավիճակում, երբ կամովին հեռանում ենք Աստծուց, գիտակցաբար հեռու ենք վանում մեզանից Նրա սերն ու սրբությունը, որպեսզի մեր մեղավոր ցանկությունների ետևից գնանք: Եվ սթափվում ենք այն ժամանակ միայն, երբ բոլոր սխալներն արդեն գործված են, որոնց արդյունքում էլ հայտնվում ենք կեղտոտ ջրափոսի հատակին կամ էլ ճակատով հարվածում փակուղու բարձր պատնեշին և միայն այդ ժամանակ ենք կանգ առնում, քանի որ ավելի ցած ընկնելու կամ հեռուն գնալու հնարավորություն չկա այլևս: Ահա այնժամ է, որ անդրադառնում ենք մեր անցած ուղուն, գիտակցում մեր մեղքերը և հասկանում, որ միակ փրկությունը Սիրող Հայրն է, որ չնայած մեր բազում մեղքերին, մեր հոգու աղտոտությանն ու թշվառությանը, մշտապես սպասում է մեր վերադարձին:

Արդ, շտապե՛նք, սիրելինե՛ր: Շտապե՛նք դարձի ճամփան բռնելու, քանզի միայն սխալի գիտակցումը կամ ուղղվելու ցանկությունը բավարար չեն. գործել է պետք: Եվ որքան էլ մեզ թվա, թե հեռու ենք Հորից, անմաքուր ու մեղավոր ենք և անարժան Նրան, պետք չէ հուսահատվել, քանզի Ողորմած Հոր սերն Իր զավակների հանդեպ երբեք չի մարում: Ամենակարողը մշտապես տեսնում է մեզ, որտեղ էլ, որ լինենք: Տեսնում է մեր սրտերը, մտքերն ու արարքները և շարունակում է Իր տան դռները մեր առջև բաց պահել, քանզի հավատում է Իր զավակի դարձին: Արդ, աղոթենք միասին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, որպեսզի բազում անառակ զավակներ այսօր Հայրական տան ճամփան բռնեն, և քաջալերվենք, ուժ գտնենք մեր մեջ՝ ոտքի կանգնելու, խոնարհություն՝ մեր խոցոտված հոգիները Հոր առջև մերկացնելու և Սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով աղաչելու. «Հա՛յր Երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն»:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

12.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․